Լուիզա Ղամբարյանը կարծում է` թատրոնն ու կինը համատեղելի են այնքանով, որքանով կինն ու մեքենայի ղեկը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | March 19, 2012 10:49

Կինը յուրահատուկ է իր ներաշխարհի բազմազան գույներով, խորությամբ, հաճախ նաեւ անսպասելի ցանկություններով: Իսկ երբ այդ ամենին ավելանում են մարմնավորած բազմաթիվ կեպարները, տղամարդիկ սկսում են կանանց տարօրինակ էակներ համարել: Ստեղծված պարադոքսի եւ այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ:

-Լուիզա, թատրոնը եւ կինը որքանո՞վ են համատեղելի:

Թատրոնն ու կինը համատեղելի են այնքանով, որքանով կինն ու մեքենայի ղեկը: Առաջին հայացքից թվում է, որ անհամատեղելի են, բայց կան չէ՞ շատ լավ կին վարորդներ: Եթե դերասանուհին ունի կայուն անձնական կյանք, նա կարողանում է իրեն ճիշտ դրսևորել, հակառակ դեպքում` ոչ: Երկրորդ պարագայում կանայք նյարդայնացած կծիկի պես են վերաբերվում ամեն ինչին: Ամեն անհաջողություն հիվանդագին են տանում:

-Ձեր մարմնավորած կերպարները օգնու՞մ են առօրյայում, թե՞ խանգարում:

Ոչ օգնում են, ոչ խանգարում: Ես ամբողջությամբ զատել եմ անձնական կյանքս ու աշխատանքս: Այսօր ես շատ ակտիվ դերասանուհի եմ, ով մարմնավորում է շատ տարբեր կերպարներ: Եվ ես քաջ գիտակցում եմ, որ եթե մի օր ես այլեւս չխաղամ, կխելագարվեմ: Դրա համար իրատես եմ եւ չեմ խառնում անձնական կյանքս այդ ամենին: Իմ անձնական կյանքը նպաստում է, որ իմ Լուիզի գույներից տանեմ ինչ-ինչ կերպարներին, բայց կերպարներից ոչինչ չեմ բերում: Իմ Լուիզն այնքան շատ է: Ես երկվորյակ եմ եւ այնքան տարբեր զգացողություններ եմ ունենում, դժվար է նկարագրել: Եթե դրան էլ ավելանան կերպարները, չի ստացվի: Մեղք է իմ ամուսինն էլ, ես էլ (ծիծաղում է):

-Համամիտ եք, արդյոք, շեքսպիրյան բնութագրմանը` «կյանքը թատրոն է, իսկ մենք  դերասաներ»:

Առաջ համամիտ չէի, կարծում էի` դրանում ինչ-որ վիրավորական բան կա, բայց հիմա համամիտ եմ: Յուրաքանչյուրս կյանքում խաղում է իր դերը, եւ դա այդքան էլ վատ չէ:  Եվ հետո Շեքսպիրը դժվար սխալվեր:

-Ինչպիսի՞ն է Լուիզա Ղամբարյանը տանը եւ դրսում: Շա՞տ է տարբերվում իրարից:

Շատ եւ շատ: Ես տանը ամենասովորական մարդն եմ ու կինը` երբեմն նյարդային, անզուսպ համակարգով: Ես ամենասովորական մայրն եմ, ով պաշտում է իր երեխային եւ ուզում է, որ իր երեխայի համար ամեն ինչ լավ լինի: Իսկ հասարակության մեջ ես ներքին «ես»-ս ցույց չեմ տալիս: Հասարակության մեջ չեմ պայքարում ամենօրյա դիրքի համար, իսկ ընտանիքիս ամեն օրվա, լավ օրվա, բարօրության համար ես պայքարում եմ: Ես ուզում եմ, որ ընտանիքս միշտ դեպի լավը գնա, իսկ այդ հարցում կնոջ դերը շատ մեծ է:

-Ո՞րն է Ձեր հմայքի գաղտնիքը:

Անկեղծ մարդ եմ եւ չեմ սիրում սուտ, շինծու բաներ: Կարծում եմ` հենց դա է:

-Ինչպե՞ս է վարվում Լուիզա Ղամբարյանը, երբ ստիպված է լինում կեղծ ժպտալ` բարեկրթությունից ելնելով:

Ես աշխատում եմ չշփվել այն մարդկանց հետ, ում պետք է ստիպողաբար ժպտալ: Բայց քանի որ ամենակարող չեմ եւ հանգամանքների բերումով ստիպված եմ հանդիպել նման մարդկանց, ովքեր հարգանքի իմաստով իմ չափորոշիչներին չեն համապատասխանում, ես պարզապես ոչ ժպտում եմ, ոչ էլ արհամարհում, որովհետեւ երկուսն էլ հարաբերություն են ցույց տալիս. Ես նախընտրում եմ իներտ վիճակում մնալ:

  -Ի՞նչը կամ ինչե՞րը կփրկեն աշխարհը:

Աշխարհը կփրկեն բալիկները, մանուկները, ովքեր մեծերի դաստիարակությամբ կարող են դառնալ փրկության օղակներ:  Բոլոր մարդիկ ի սկզբանե նույնն են, ուղղակի մեծերի սխալ դաստիարակության արդյունքում սկսում են հանցանքեր գործել: Ես իմ ընտանիքում կփրկեմ աշխարհը:

-Դուք կո՞ղմ կլինեք, եթե Ձեր աղջիկը որոշի դերասանուհի դառնալ:

Միանշանակ կողմ կլինեմ: Առաջ ուզում էի, որ ամուսնուս նման բժիշկ լինի, բայց հիմա ուզում եմ, որ արվեստի մարդ դառնա, քանի որ բացի դժվարությունները կան բազում քաղցրություններ այս ոլորտում: Կուզենայի, կերազեի, որ իմ աղջիկը ֆրանսիական մշակույթի մեջ մեծանար: Որ նա ավելի կարդացած լիներ, քան ես, ավելի շատ թանգարաններ այցելեր, քան ես, որ նրան հրավիրեին ամենահայտնի ռեժիսորները:

-Ձեր ուղին շարունակելու պարագայում ի՞նչ խորհուրդ կտաք նրան:

Եթե տեսնեմ, որ իրականում տղանդավոր է եւ դա սոսկ իր սուբյեկտիվ սերը չէ, խորհուրդ կտամ իրեն էժան չվաճառել: Գայթակղություններն այնքան շատ են. պետք է միշտ գլուխը պահել վեր ու բարձր դիրքում մնալ եւ ազնիվ լինել իր գործում:

-Սովորաբար, ընդունված է կանանց համարել թույլ սեռի ներկայացուցիչներ: Համամի՞տ եք այդ բնութագրմանը:

Կինը թույլ  է համարվում, քանի որ նա մայր է: Այն կինը, ով ծննդաբերում է, երկունքի ցավեր է ապրում, այնքան է թուլանում, գերհզոր էներգիա ծախսում, որ սկսում է համարվել թույլ: Սակայն, ընդհանուր առմամբ, ես կնոջը թույլ չեմ համարում, որովհետեւ կյանքն ու պատմությունն այլ բան են ցույց տալիս:

-Ինչքանո՞վ է փոխվում Ձեր ինքնազգացողությունը տոն օրերին:

Եթե անկեղծ լինեմ` ոչ մի կերպ էլ չի փոխվում: Մարտի 8-ը մի ավանդույթ է, մարդկանց կողմից հորինված, որը դարձել է հաճելի սովորություն: Դա ինձ համար առիթ է ավելի շատ կին զգալու, նվերներ ստանալու, բայց հոգեկան իմաստով ներսում ոչինչ չի փոխվում, որովհետեւ ես փորձում եմ ողջ տարվա ընթացքում կին զգալ:

-Ինչպիսի՞  նվերներ եք նախընտրում ստանալ:

Սիրում եմ այն նվերները, որոնցից ես չեմ հոգնի որոշ ժամանակ անց: Առաջ ես նվեր էի ստանում օծանելիք, աքսեսուարներ: Հիմա նախընտրում եմ մնայուն նվերներ` որեւէ նկար, գեղեցիկ իր: Երեւի տարիքից է (ծիծաղում է): Իհարկե, շատ սիրում եմ ամուսնուս նվերները, որտեղ կա ամենամեծ սերը:

-Դուք Ձեզ երջանիկ համարու՞մ եք:

Այս աշխարհում բավական է 15 րոպե հեռուստացույց նայել, հետեւել իրադարձություններին եւ այլեւս քեզ երջանիկ չես կարող համարել: Ես բոլորի նման ունեմ հազար ու մի խնդիրներ, բայց ես գտել եմ երջանիկ լինելու գաղտնիքը: Դա իմ մեջ է: Ինձ համար ամենաթանկը երեխայի առողջ քունն է: Եթե չլինի քնելու կենսական անհրաժեշտությունս, ես պատրաստ եմ ժամերով չքնել եւ նայել այդ անմեղ հրեշտակին: Ես այդ պահին երջանիկ եմ զգում: Կամ մեր քաղաքամերձ տանը լինել ամուսնուս հետ, լսել լավ երաժշտություն կամ դիտել ֆիլմ: Դրանք պահեր են, որոնք պետք է փայփայել: Երջանկությունը բարձի տակ դրված չէ, որ նայես, սիրես, փայփայես, փոշին սրբես ու նորից դնես տեղը:

-Ո՞րը կլինի Ձեր շնորհավորանքի խոսքը հայ կանանց:

Կուզեմ, որ հայ կանայք բացեն իրենց մեջ եղած այն հզոր բնավորության գծերը, որոնք քնած են, բայց ոչ մեռած: Հայ կինը միայն տան պահապանը չէ, նա հզոր պոտենցիալով անհատ է եւ չպետք է դրա մասին մոռանալ: Բոլորը թող շատ ժպտան` ոչ թե շինծու, հոլիվուդյան ժպիտով, այլ իրականում կյանքին ժպտան եւ ստանան համարժեք պատասխանը:

 

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Դիտվել է 2293 անգամ:
Print Friendly

Leave a Reply