Մեր երկրի գլխավոր հերոսը պետք է լինի ոչ թե չինովնիկն ու պաշտոնյան, այլ բարիք ստեղծող մարդը. ԲՀԿ առաջնորդ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 18, 2012 0:01

Պետություները պետք է փոքր ու միջին խավին հարկային եւ այլ որոշակի արտոնություններ տա ու աջակցի: Այս մասին այսօր` մարտի 17-ին, ԲՀԿ համագումարի իր ելույթում նշեց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«2008թ սկսած համաշխարհային տնտեսական ճգնաժամը իր ազդեցությունը թողեց մեր երկրի վրա, եւ բոլոր երկրների վրա: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում պետությունները իրենց գործարարներին, հատկապես` միջին եւ փոքր ձեռներեցներին, գյուղացիներին օգնության ձեռք մեկնեցին, գտան օժանդակության տարբեր մեխանիզմներ, որպեսզի մեղմեն նրանց վիճակը: Արդյոք մեր գործարարը զգա՞ց այդ օգնությունը: Ես հատկապես ուզում եմ շեշտել` փոքր եւ միջին ձեռներեցներին, որովհետեւ եթե խոշոր ձեռներեցը կարող է ինչ-որ մի ժամանակ շահույթ չունենալ, անգամ աշխատել վնասով, ապա փոքր եւ միջին ձեռներեցի համար սա դառնում է լինել, չլինելու խնդիր: Եւ գոնե այդ մարդկանց խնդիրները հաշվի առնելով` պետություները պետք է այդ խավին հարկային եւ որոշակի արտոնություններ տա, աջակցի»,-ասաց նա:

«Հայտնի ճշմարտություն է, որ փոքր բիզնեսն այն միջավայրն է, որից ծնվում եւ կայանում են խոշոր գործարարները: Սա է կայացման ճանապարհը:

Փոքր եւ միջին ձեռներեցությունը նաեւ նպաստում է միջին խավի կայացմանը, ուստի մեր նախընտրական ծրագրում, ամրագրելով առաջիկա հինգ տարիների անելիքները, մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման եւ դրա պետական հոգածության մեխանիզմին:

Փաստն այն է, որ մեզ մոտ փոքր եւ միջին բիզնեսը մնաց բառի բուն իմաստով անտեր, մի զգալի ամսը փակվեց եւ հեռացավ երկրից: Ուզում եմ նորից կրկնել, անհրաժեշտ են համապատասխան միջավայր եւ պայմաններ, որպեսզի առաջ գան այն տաղանդավոր եւ շնորհալի գործիչները, որոնք ներկայացնելու են մեր երկիրը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես է գալիս նոր առաջարկով, մենք պետք սկզբնական կապիտալից անցնենք մարդկային կապիտալին, այսինքն` ժողովրդական կապիտալին, որի բարիքներից կօգտվեն ոչ թե ընտրյալները, այլ ողջ ժողովուրդը: Ես ինքս հասել եմ հաջողությունների, ժամանակին բիզնեսում սկսելով առաջին քայլերից, ուստի հրաշալի տիրապետում եմ մեր երկրի տնտեսական վիճակին ոչ թե տեսականորեն, այլ հենց պրակտիկ կյանքից: Եւ վստահաբար ասում եմ, որ հին մեթոդներով մենք այլեւս լուրջ զարգացում չենք կարող ակնկալել, համակարգային մեր բոլոր փոփոխությունների հիմքում պետք է լինի մարդը, նա պետք է լինի մեր երկրի գլխավոր հերոսը: Մեր երկրի գլխավոր հերոսը պետք է լինի ոչ թե չինովնիկն ու պաշտոնյան, այլ այն մարդը, ով բարիք է ստեղծում երկրի համար, մեր ժողովրդի համար:

 

news.am

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply