Ու փչում է քամին ունայնության…

ԷՍՍԵ | | March 22, 2012 18:03

3.02.12

Գիտաշխատողի հեռախոսը զանգեց: Կնոջ ձայնով մի մետաղ գուժեց, որ եթե «հարգելի բաժանորդը» երկու օրվա ընթացքում վճարում չկատարի՝ հեռախոսը կանջատվի: «Վայ քու…, – մտածեց գիտաշխատողը,- ուրեմն դեկտեմբերից պարտք ա մնացել»: Նույնաբովանդակ մի հաղորդագրություն նախորդ օրը նա ստացել էր բջջային հեռախոսին…Beeline-ի հասցեին 2 քաղցր արտահայտություն գեներացվեց նրա ուղեղում, բայց արտաբերել չհասցրեց…Զգա՞ց, տեսա՞վ, թե՞ լսեց «Հարգելի բաժանորդ» բառերը եւ հանդարտվեց: «Դե իրենց գործն են անում. – հաշտվեց նա՝ մի պահ իրեն «հարգված» զգալով: Վերջին տարիների դառը փորձը՝ որ հունվարի աշխատավարձը զգալի ուշացումով են տալիս, հանգիստ չէր տալիս գիտաշխատողին: Պետք է վարձերը վճարելու ճկուն տակտիկա մշակել: Որքան կարելի ուշ վճարել այն նվազագույնը, որ չանջատեն հեռախոսները, այնուհետեւ գազը, լույսը՝ մինչեւ երեւա, թե երբ փող կստանա: Ջուրն ու զիբիլն էլ վերադիր, սրտնեղեց նա ու միտն ընկան վարչապետի զրույցները հին՝

«Ժամանակակից աշխարհում մրցունակ տնտեսություն ասելով՝ հասկանում ենք գիտելիքի վրա հիմնված տնտեսություն։ Ավելին՝ գիտելիքի վրա հիմնված տնտեսություն հնարավոր չէ ստեղծել, եթե հասարակությունը հիմնված չէ գիտելիքի վրա։ Սա է Հայաստանի Հանրապետության հեռանկարային և երկարաժամկետ զարգացման տեսլականը» (2010թ. ապրիլ):

Օյ, օյ, օյ՝ տեսլականը…

Քամի…

Գիտության մարդուն 50000 դրամ տալո՞վ ես գիտելիքի վրա հիմնված տնտեսություն ստեղծում, տո պարոն վարչապետ…

4.02.12

Հեռախոսների վարձերը մուծեմ: Շաբաթ օր է՝ եթե անջատեն, կարող է մինչեւ երկուշաբթի անկապ մնանք…

5.02.12

Ասում են աշխատավարձն ուշանալու է, բայց ինչքա՞ն՝ ոչ ոք չգիտի…

Գիտելիքահե՞ն, թե՞ գիտելիքահենք…

6.02.12

Երկուշաբթի: Հույս: Բայց էլի ասում են աշխատավարձն ուշանալու է, ու ինչքա՞ն՝ ոչ ոք չգիտի…

«Մենք պարտավոր ենք կրթված մարդու համար ստեղծել այնպիսի միջավայր, որ նա կարողանա իրացնել իր գիտելիքները և դրսևորել դրանք: Պետք է ձևավորվեն տնտեսական ենթակառուցվածքներ, որոնք սպասարկելու են մտագործունեությունը և այն մարդկանց, ովքեր ստեղծում են նոր գիտելիք» (Տիգրան Սարգսյան, 4 դեկտեմբերի, 2011):

7.02.12

Երեքշաբթի: Հույս: Ու էլի ասում են աշխատավարձն ուշանալու է, բայց ինչքա՞ն՝ ոչ ոք չգիտի…

«Մեր հիմնարար սկզբունքն այն է, որ ժամանակակից աշխարհում պետք է կառուցել գիտելիքի վրա հիմնված տնտեսություն. զարգացած են համարվում այն երկրները, որոնք ոչ թե ապրանք, այլ գիտելիք են արտադրում» (Տիգրան Սարգսյան, 26 դեկտեմբերի, 2011):

8.02.12

Չորեքշաբթի: Հույս: Ու էլի ասում են աշխատավարձն ուշանալու է, բայց ինչքա՞ն՝ ասացին մինչեւ ամսի 20-ը…երեւի…

Լավ չի.-ձեռքը տարավ գրպանը: Գազը կարելի է մինչեւ ամսի 15-ը ձգել… Լույսը կհամբերի՝ հարեւան տղա ա…

Պա՛հ, ԳԱԱ նախագահությունը Բյուրականի աստղադիտարանի կոլեկտիվի ժողովի առաջարկած թեկնածուին չի ընտրել տնօրեն: Փաստորեն այստեղ արդեն ամեն բան կանխատեսելի չի՞…

Է՜հ…, բայց մի այլ բան արդեն առավել քան կանխատեսելի է դարձել՝ ամեն տարի հունվարի աշխատավարձը տեղը-տեղին ուշացնում են:

Պիտի Նոր տարուն դոլմա չուտե՞նք, պարոն վարչապետ…

9.02.12

Հինգշաբթի: Կիսահույս՝ դե էսօր էլ ա «մինչեւ ամսի 20-ը»: Բայց էլի ասում են…

Ի՞նչ եմ կպել վարչապետից…Խեղճին իմ պես հիմա երեւի մի հազար հոգի քննադատում ա…

Տո լավ էլ անում են՝ գոնե թող մեծ-մեծ չխոսա…

10.02.12

Ուրբաթ: Անհույս:

Վա՜յ, էս ի՜նչ հավեսին ձյուն ա…

Դրական տեղաշա՞րժ: Ախր մեր էս վարչապետի օրոք կարգին ձյուն էլ չէր գալիս ձմեռները…

11.02.12

Եսիմ է՜…

12.02.12

Ինչ լավ ձյուն ա…Վա՜յ, գազի տյոտյան…

Բա որ դուռը ծեծի… Դե արի ու նրան բացատրի, որ փող չկա՝ աշխատավարձն ուշացնում են…

Ամոթ … Նվաստացում…Գիտելիքահեն(ք)…

« Դե մեռիրէլի, գետինր մըտիր…» …

Բայց նա հայ ա, հայ կնիկ՝ ջիգյար ունի, հոգի ունի, մարդկություն ունի… Կհասկանա… Իրիկունն էլ տնեցիներին, առանց չարության, կպատմի, որ գլուխը տեղը, ձեռ ու ոտը տեղը մարդը վարձը տալու փող չուներ: Քնելուց առաջ էլ կմտածի, որ էսօր բարի գործ է արել: Լավն են էլի մեր գազի տյոտյաները…

Վաղն էլ կգնա իր վերադասի մոտ կհայտարարի, որ մինչեւ դրանք աշխատավարձ չստանան՝ դրանց գիտավաններ գնացող չկա…Վերադասն էլ կգնա իր վերադասին կասի.- Ինստիտուտների փողերն ուշացնում են, անջատումներ անե՞նք: Էդ վերադասի վերադասն էլ կասի.-չէ, մի քանի օր էլ համբերենք: Որովհետեւ ինքն էլ ա լավը…

13.02.12

Երկուշաբթի: Անտարբեր: Դե կտան էլի՜ մի օր…

14.02.12

Երեքշաբթի: Անտարբեր: Փող կա՝ չեն տալի՞ս…

Վարչապետի կյանքն էլ մի կյանք չի՝ ճգնաժամ, շրջափակում, դեմն ընտրություններ են…Բոլորը փող են ուզում…Ոչ մեկը չի ուզում հասկանալ, որ դըժ-վա-րա…

Ճիշտ էր ասում էլի Պավլեն՝ «Մեր պետությունը բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով այս երկիրը դարձնի երկիր…»:

Դե 7 տոկոսով ավելացրին էլի գիտության փողերը…

Էդ 7 տոկոսը 3000 դրամ կամ մի քիչ ավել է լինում ամսական, այսինքն՝ օրը մոտ 100 դրամ: Կարելի է երթուղայինով մի տեղ գնալ ու ոտքով վերադառնալ…

Էէէ՜… Ժամանակն անցնում է, բայց երկիրը երկիր չի դառնում… «Խնայված միջոցները» սխալ են ծախսվում…

15.02.12

Չորեքշաբթի: Անտարբեր:

Աշխատավարձ են տալի՞ս…Ո՞նց…Արդե՞ն…Հավատալու բան չի՝ անցած տարի 20-ից հետո տվին…Էսպիսի թռիչքաձեւ առաջընթա՞ց…

Ստացանք…

Էն էլ՝ առանց էն 7տոկոսի…

Բա հետո՞…

 

Մտնեմ Վիքիփեդիա: Գիտելիքահենք տնտեսությունը (knowledge economy) տեղեկատվական հասարակության տնտեսական համարժեքն է, որտեղ հարստությունը ստեղծվում է գիտելիքի տնտեսական շահագործման միջոցով:

Լավ է ասված՝ «հարստությունը»

Ափսոս մեր մասին չի…

 

Ստեփան Գյոզալյան

 

Դիտվել է 3109 անգամ:
Print Friendly

Leave a Reply