«Առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի համար». Վ. Օսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2012 17:24

ՀՀ նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանն այսօր` ԲՀԿ 6-րդ համագումարին իր ելույթում նշել է, որ Հայաստանում ներկա քաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտի առացքային խնդիրները արտագաղթն ու Ղարաբաղի հարցն են:

Ըստ նրա, մայիս ամսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի համար, քանի որ անհրաժեշտ է լուծել Հայաստանի առջև ծառացած երկու խնդիր՝ երկրի տնտեսական վիճակը և ԼՂ հարցը:

Օսկանյանը մեջբերել է Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած մարդահամարի տվյալները, ըստ որոնց Հայաստանում բնակվում է 2 մլն 871 հազար մարդ։ Նր ակարծիքով, դա նշանակում է, որ Հայաստանն իջել է 3 մլն բնակչություն ունենալու հոգեբանական շեմից: «Եթե մոտ ապագայում չփոխվի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ու առկա բարոյահոգեբանական մթնոլորտը, ապա արտագաղթը կշարունակվի»,-ասել է նա:

Իսկ թե ինչու են մարդիկ հեռանում, ըստ Օսկանյանի, հեռանում են, քանի որ կորցրել են հավատը ապագայի նկատմամբ, հոգնել են անարդարությունից և կորցրել վստահությունը:

Վիճակը շտկելու համար, ըստ Օսկանյանի, պետք չէ փոխել Սահմանադրությունը կամ գրել նոր օրենքներ, փոխարենը պետք է քաղաքական կամք դրսևորել և կյանքի կոչել առկա օրենքներն ու Սահմանադրությունը: «Ժողովրդավարության հիմնական սկզունքների պահպանումն է երկրի հաջողության և զարգացման միակ գրավականը: ԲՀԿ-ի հիմնական ուղենիշն է` առաջիկա 5 տարիներին խթանել տնտեսությունը` ստեղծելով նոր աշխատատեղեր, ստեղծել ազատ մրցակցային տնտեսություն, ապահովել արժանավայել կյանք: Դա է միակ ճանապարհը դեպի արդար պետություն»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է Ղարաբաղի խնդրին, ապա Օսկանյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է, և միջազգային հանրությունը եթե ոչ ինքնորոշումը, ապա ԼՂ ինքնորոշման իրավունքն արդեն ճանաչել է: «Եթե այս 20 տարիների ընթացքում մենք մի բան դարձրել ենք անշրջելի և միանշանակ, դա այն է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում,-ասլ է նա,-այսօր մեր խնդիրը պետք է լինի այն, որ մենք կարողանանք հաղթել դիվանագիտական ոլորտում. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարթությունից անցնենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդեն ինքնորոշված փաստի ճանաչմանը»:

Օսկանյանը կարծում է, որ դա անելու հիմնական նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանը և Ղարաբաղը լինեն ժողովրդավարական արժեքներով երկրներ, և իսկապես այդ արժեքներով իսկականորեն մտնեն Եվրոպական մեծ կառույց:

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply