Մոզրովի քարանձավի չի փլուզվել

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 17, 2012 16:02

Մոզրովի քարանձավը չի փլուզվել: Այս մասին news. am-ին հայտնել է «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի օգնական հասարակայնության հետ կապերի գծով Մարինե Ավանեսյանը:

Նրա փոխանցմամբ` «Պատմշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ահազանգով ստեղծված աշխատանքային խումբը ՊՈԱԿ-ի մասնաճյուղի երկու պատասխանատու աշխատակիցները, Վայոց Ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, Եղեգնաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Աղաջանյանը, Եղեգնաձոր քաղաքի գլխավոր ճարտարապետ Արմեն Աղաջանյանը, մարտի 13-ին եղել են տեղում եւ  ծանոթացել իրավիճակին: Արդյունքում պարզվել է, որ «Մոզրով»-ի քարանձավը չի փլուզվել: «Նկատի ունենալով հարցի կարեւորությունն եւ հասարակական հնչեղությունը, մարտի 14-ին քարանձավի տարածքում նեղ մասնագիտական ուսումնասիրություն են կատարել նաեւ ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի վարիչ, հնագետ Արտավազդ  Զաքյանը եւ Հայաստանի Անձավագիտական կենտրոնի նախագահության անդամ, անձավագետ-անձավախույզ Վահան Տեր-Ղազարյանը:  Ուսումնասիրությամբ եւս մեկ անգամ հաստատել է, որ Մոզրովի քարանձավը չի փլուզվել:

Ա.Զաքյանի եւ Վահան Տեր-Ղազարյանի եզրակացությամբ, մասնավորապես, «քարանձավի  անդունդի մուտքի հատվածի կամարի եզրից քարեր են թափվել՝ առաջացնելով հատակի սողք: Խիստ վթարավտանգ  վիճակ է ստեղծվել կամարի հատվածում: Սա երկրաբանական ու բնակլիմայական ազդեցության հետեւանք է: Քարանձավի հիմնական ծավալը՝ մոտ 300 մետր, վնասված չէ եւ վտանգ չի սպառնում քարայրի ամբողջությանը»:

Առաջիկայում նախատեսվում է ժամանակավորապես մետաղյա ճաղավանդակներով ամբողջությամբ  փակել քարանձավի մուտքը եւ Անձավագիտական  կենտրոնի հետ համատեղ իրականացնել «Մոզրով»-ի քարանձավի տեխնիկական, երկրաբանական ուսումնասիրություն:

Նշենք, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության Վայոց Ձորի ակտիվիստները  հայտնել էին, որ փլուզվել է  Հայաստանի բնության ամենաչքնաղ հուշարձաններից մեկը` Մոզրովի քարանձավը, որը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկված է Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

 

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply