«Դե գիտեք, էլի…»

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 17, 2012 15:39

Վերջին ամիսներին հանրապետության զանգվածային լրատվամիջոցներում հաճախակի են դարձել գիտության հիմնախնիրների մաիսն հրապարակումները: Հետզհետե ավելացել է կառավարության, կուսակցությունների, հանրության ավելի լայն շերտերի՝ հանրապետությունում գիտության բնագավառի պրոբլեմների մասին (ուղեղների արտահոսք, գիտության գործիչների ծերացում, ֆինանսավորման ցածր մակարդակ եւ այլն) իրազեկվածության չափը: Այս խնդիրների լուսաբանման եւ նրանց նկատմամբ աճող հետաքրքրության հարցում «մեղքի» մեծ բաժին ունի ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) նախաձեռնությունը: Ինչպես նշված է ՊԳՖԱ-ի էջի ինֆո բաժնում՝ «Այս էջը ստեղծված է գիտության տագնապային վիճակն ահազանգելու համար»:

ՊԳՖԱ նախաձեռնության ավելի քան 4400 անդամները մտահոգ են գիտության ֆինանսավորման ավելացման խնդրով, սակայն դրան հասնելու ուղիների, միջոցների արդյունավետ բաշխման, գիտական արժեքի գնահատման չափորոշիչների հարցերում իրարից տարբերվող մոտեցումների պատճառով էջում մասնակիցները հանդես են գալիս տարբեր առաջարկություններով, տեղի են ունենում թեժ քննարկումներ: Է՛լ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրություն, է՛լ մենագրություն, է՛լ կորպորացիաների ստեղծում, է՛լ տնտեսության մեջ ներդրում եւ առևտրայնացում…

Հասարակագետ-բնագետ «դարավոր հակամարտությունը» էջի սահմաններում «փայլատակեց» միայն մի կարճատեւ ժամանակաընթացքում: Հասարակագետների ակտիվության նվազմանը մեծ չափով նպաստեց բնագետների կողմից շահարկվող՝ հասարակագետ ընդդիմախոսների գիտական արդյունքի սակավությունը՝ համեմատած տարեկան «թողարկվող» գիտության թեկնածուների եւ դոկտորների քանակի հետ: Այս ցուցանիշով վերջին տարիների անվիճելի առաջատարներն են տնտեսագետները, սակայն, չգիտես ինչու, նման պոտենցիալի առկայության դեպքում երկրի տնտեսությունը` շատ մեղմ ասած` չի ծաղկում…

Բնագիտական հանրության ներսում էլ կա ներքին «հակամարտություն»՝ տեսաբանները պնդում են, որ եթե որևէ գործի պտուտակիչ (отвертка) կպավ, դա արդեն գիտություն չէ՝ ճարտարագիտություն (ինժեներություն) է: Հակառակ կողմն էլ տրտնջում է, որ տեսաբանները տանը համակարգչի դեմը նստած` իրենց համար բանաձևեր են հորինում ու գործի գնում են միայն աշխատավարձ ստանալու օրերին:  Չնայած, մեր մեջ ասած, վերջին տարիներին Հայաստանում գիտության ասպարեզում հաջողությունների համար «պարտական ենք» հենց տեսաբաններին, վկա՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2010 թվականի զեկույցը` 10 տարում աշխարհում գիտության զարգացման վերաբերյալ:

Ըստ Վիքիփեդիայից վերցրված տվյալների՝ժամանակակից գիտական հետազոտությունները իրականացվում են 3 հիմնական ուղղությամբ.

  • Ֆունդամենտալ (արմատական) գիտական հետազոտություններ՝ առարկայի խորը և բազմակողմանի հետազոտությունն է՝ նոր հիմնավոր գիտելիքների ստացման, ինչպես նաև դիտարկվող երևույթների օրինաչափությունների բացահայտման նպատակով, որի արդյունքները անմիջականորեն չեն օգտագործվում արդյունաբերական նպատակներով:
  • Կիրառական գիտական հետազոտություններ՝ այն հետազոտություններն են, որոնք օգտագործում են ֆունդամենտալ գիտության ձեռքբերումները գործնական հարցերին լուծում տալու համար։ Հետազոտության արդյունքն է նոր տեխնոլոգիաների ստեղծումը և կատարելագործումը:
  • Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումներ՝(НИОКР) ՝ այստեղ գիտությունը միանում է արտադրությանը՝ դրանով ապահովելով այդ նախագծերի ինչպես գիտական, այնպես էլ տեխնիկական և ինժեներական մշակումներ։ Երբեմն ստացվող արդյունքները կարող են տանել դեպի գիտատեխնիկական հեղափոխության:

Նախաձեռնությունից «դուրս» գիտության խնդիրների վերաբերյալ կարծիքներին ծանոթանալու նպատակով միևնույն հարցը տրվեց ՊԳՖԱ-ի հետ առնչություն չունեցող գիտական հետազոտությունների տարբեր ուղղությունների ներկայացուցիչների.

– Ինչպիսի՞ն են գիտական հետազոտությունների Ձեր ուղղության առանձնահատկությունները եւ խնդիրները:

Լեւոն Մադոսյան, ՀՀ ԳԱԱ ՌՖԷԻ, առաջատար ինժեներ

«Ի տարբերություն ֆունդամենտալի, որտեղ հիմնական արդյունքը տպագրություններն են, կիրառական գիտական հետազոտությունների հիմնական արդյունք են հանդիսանում ռեալ սարքերն ու սարքավորումները: Օրինակ, մեր ինստիտուտում տարիների ընթացքում մշակվել եւ պատրաստվել են գիտական, ռազմական, արդյունաբերական, առողջապահական, ոլորտներում կիրառվող բազմաթիվ սարքեր եւ հանգույցներ:

Խնդիրներից կարելի է առանձնացնել ֆինանսավորման ցածր մակարդակը (գիտության բնագավառի աշխատողների միջին աշխատավարձը մոտավորապես 2 անգամ ցածր է հանրապետութունում միջին աշխատավարձից), դրանով պայմանավորված երիտասարդ կադրերի սակավաթիվ լինելը, ինչպես նաեւ լաբորատոր սարքավորումների ու հաստոցների մաշվածությունը, եւ այլն:

Լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրների հայթհայթման համար անհրաժեշտ զարգացած տնտեսության բացակայությունը, ինչպես նաեւ ԽՍՀՄ փլուզման հետեւանքով բազմաթիվ պարտնյորների հետ կապերի խզումը դժվարացնում են այդ գործը: Սակայն պետք է նշել, որ միշտ քայլեր են արվել եւ արվում են նոր կապեր, նոր համագործակցության ուղիներ գտնելու ուղղությամբ, որոնք կամաց-կամաց արդյունքներ են տալիս»:

 Սլավա Բաբայան, ՌՖԷԻ ՀԿԲ ՓԲԸ, գլխավոր ինժեներ

«Գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքները հանդիսանում են կոնկրետ արտադրական սարքերի ստեղծման կարեւոր փուլը, որտեղ ի հայտ է գալիս ֆունդամենտալ եւ կիրառական հետազոտությունների արդյունքների արդիականացումը արդեն շոշափելի տեսքով: Աշխատանքների այս փուլում կատարվում են բոլոր ճշգրտումները եւ գաղափարը վեր է ածվում կոնկրետ՝ տնտեսության համար անհրաժեշտ արտադրատեսակների, ստուգվում են նրանց աշխատունակությունը պահանջվող կլիմայական պայմաններին համապատասխան եւ տրվում են երաշխիքներ այդ արտադրանքը ժողովրդական տնտեսության մեջ սերիական արտադրելու համար:

Այս աշխատանքների արդիականացումը պահանջում է ժամանակակից ճշգրիտ սարքավորումներ, նյութեր, մասնագետների պատրաստում եւ վերապատրաստում՝ ինչի համար անհրաժեշտ են ֆինանսական զգալի ներդրումներ եւ աշխատանքների ճշգրիտ, հաշվենկատ կազմակերպում եւ մարկետինգ»:

Չնայած տարբեր ուղղությունների առանձնահատկություններով պայմանավորված մոտեցումների տարբերություններին՝ մի հարցում  «հակամարտող»  կողմերի ներկայացուցիչները ևս միահամուռ են և «…որպես առաջին քայլ պահանջում են 1. ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ..»:

Հ.Գ. Ֆունդամենտալ ուղղության ներկայացուցիչն ասաց.- Դե գիտեք, էլի…

Ստեփան Գյոզալյան

Դիտվել է 1751 անգամ:
Print Friendly

Leave a Reply