«Հայաստանում լուծված չէ աշխատատեղերի և զբաղվածության հարցը». Գ. Ծառուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2012 14:47

Այսօր` մարտի 17-ին, ԲՀԿ 6-րդ համագումարում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ԲՀԿ համագումարին պետք է քննարկվի և հաստատվի կուսակցության նախընտրական  ծրագիրը, որով իրենք մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին եւ որով ստանալու են մեր հանրության, հասարակության, ժողովրդի քվեն: «Հաշվի առնելով այն հսկայական հետաքրքրությունը եւ սպասումները, որ կան ԲՀԿ-ի հանդեպ,  ինձանից հետո իմ կուսակից ընկերները մանրամասնորեն կներկայացնեն մեր տեսակետները ու  գնահատականներ մի շարք հարցերի շուրջ, կմանրամասնեն առաջիկա խորհրդարանական  ընտրությունների մեր նախընտրական ծրագրերի հիմնադրույթները,-ասել է նա:

Անդրադառնալով մի շարք խնդիրների, ԲՀԿ առաջնորդը նշել է. «Նայենք  իրականությանը: Այսօր մենք ինքներս մեզ պետք է հարց տանք` ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանից դուրս ապրող եւ աշխատող մեր հայրենակիցները հասնում են լրջագույն հաջողությունների կյանքի տարբեր բնագավառներում` դառնալով հատնի դեմքեր, գործիչներ: Ինչպե՞ս է ստացվում, որ հայը, արտագաղթելով օտար երկիր, կարողանում է 1-2 տարում ոտքի  կանգնել, աշխատանք գտնել, աշխատատեղեր ստեղծել, պահել իր ընտանիքը, իսկ սեփական երկրում` մեր հայրենիքում, չի կարողանում  այդ ամենն իրականացնել: Պատասխանը մեկն  է` միջավայրի եւ պայմանների բացակայություն: Ուստի մենք մեր երկրում այսօր ունենք լրջագույն խնդիր` ստեղծել համապատասխան պայմաններ, ընձեռել հնարավորություն, որ աշխատող մարդը չմտածի  հեռանալու մասին, բարիք ստեղծի մեր երկրում եւ արժանավայել  կարողանա պահել իր  ընտանիքը»,-նշել է նա:

Ըստ Ծառուկյանի աշխատող մարդը չպետք է կարիքավոր լինի. «Եթե մենք չենք կարողանում լուծելել աշխատատեղերի, զբաղվածության խնդիրը, ապա մենք ստիպված ենք լինելու պայքարել աղքատության դեմ,-ասել է նա,-արդյոք մեր երկրում հաջողվե՞լ է լուծել այդ ռազմավարական լրջագույն խնդիրը կարծում եմ, որ ոչ: Բայց, եթե առաջիկայում մենք այդ խնդրին համակարգային լուծում չտանք, ապա ստիպված ենք լինելու արձանագրել աղքատության էլ ավելի մեծ աճ, արտագաղթի էլ ավելի մեծ տոկոս»:

 

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply