Հայաստանի և Ֆրանիսիայի միջև ստորագրվել է կինոմատոգրաֆիական համագործակցության մասին կոնվենցիա

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 17, 2012 13:51

Ս.թ. մարտի 16-ին տեղի է ունեցել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի հանդիպումը Ֆրանսիայի կինոմատոգրաֆիայի եւ անիմացիայի ազգային կինոկենտրոնի նախագահ Էրիկ Գարանդոյի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու կինոկենտրոնների հետագա համագործակցության ուղղությունները եւ առաջնահերթությունները:

Երկուստեք ընդգծվել է միջազգային փառատոններին հայկական եւ ֆրանսիական ֆիլմերի ցուցադրության գործում համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը` մասնավորապես մասնագիտական փոխանակումների, կադրերի պատրաստման, փորձագետների եւ դասախոսների փոխայցելությունների, ինչպես նաեւ սեմինարների եւ վարպետության դասընթացների կազմակերպման միջոցով:

ՀՀ Մշակույթի փոխնախարարը «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի շրջանակներում հրավիրել է Էրիկ Գարանդոյին այցելել Հայաստան:

Դեսպան Չիտեչյանը կարեւորել է հայ-ֆրանսիական կինոմատոգրաֆիական արտադրության ներկայացումն ու արժեւորումը նաեւ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, որի ակտիվ անդամներից է Հայաստանը:

Գարանդոն ընդգծել է, որ համատեղ կինոարտադրությունը արտոնյալ հնարավորություն է ստեղծում երկու երկրների միջեւ կինոմատոգրաֆիական ստեղծագործությունների շրջանառության համար եւ այդ կապակցությամբ պատրաստակամություն հայտնել երկուստեք գործնական շփումների ակտիվացմանը եւ խորացմանը, հատկապես «Օգնություն Համաշխարհային կինոներին» ծրագրի շրջանակներում:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է կինոմատոգրաֆիական համագործակցության մասին կոնվենցիա Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի եւ անիմացիայի ազգային կինոկենտրոնի միջեւ:

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply