ՀԽ փոքր խորհրդի նիստում ուրվագծվեց այն հարցերի շրջանակը, որը պետք է քննարկվի ՀՀ նախագահի հետ ապրիլ ամսին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 17, 2012 10:48

Ս.թ. մարտի 16-ին տեղի ունեցավ ՀՀ հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որին մասնակցում էին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ:

Քննարկվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ապրիլ ամսին տեղի ունենալիք ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգային հարցերը:

Վազգեն Մանուկյանի խոսքով, օրակարգային հարցերը պատրաստելիս կարելի է առաջնորդվել ՀԽ երկուսուկես տարիների գործունեության արդյունքում մշակված եզրակացությունների և առաջարկությունների փաստաթղթով, որտեղ մատնանշված են այն հիմնախնդիրները, որոնց լուծումն էական ազդեցություն կունենա երկրի հետագա զարգացման վրա:

Վլադիմիր Մովսիսյանի կարծիքով, ՀՀ նախագահի հետ քննարկվող հարցերից մեկը պետք է լինի գյուղատնտեսությունը: Արշակ Սադոյանն էլ կողմ արտահայտվեց ստրատեգիական և երկարաժամկետ առաջարկների ներկայացմանը: Խոսրով Հարությունյանը նկատեց, որ պետք է քննարկվեն հանրային շոշափելի արձագանք և կարծիք ձևավորող հարցեր, որոնք միաժամանակ ՀԽ առաջարկութունների տեսանկյունից առարկայական կլինեն:

Բարձրացվեց նաև տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից մեկի՝ արդյունաբերության հարցը. Վազգեն Սաֆարյանն առաջարկեց ներկայացնել նաև այդ ոլորտի վերաբերյալ Հանրային խորհրդի մոտեցումները:

Կորյուն Առաքելյանի կարծիքով, բոլոր առաջարկների ու հարցադրումների առանցքը պետք է դարձնել երկրի աղքատության հաղթահարման խնդիրը: Հնչեց նաև կարծիք՝ շեշտը դնել երկրում սոցիալական արդարության վերականգնման անհրաժեշտության վրա:

Կարևորվեցին նաև հարկային-մաքսային ոլորտի բարեփոխումների, տնտեսության մենաշնորհային դիրքից բխող բացասական հետևանքների, ընդերքի ճիշտ օգտագործման և այլ խնդիրների վերաբերյալ առաջարկների և հարցադրումների ներկայացումը:

Վազգեն Մանուկյանը, ամփոփելով նիստը, հայտարարեց, որ բարձրացված հարցերը  պետք մեկ շաբաթվա ընթացքում քննարկվեն, մշակվեն և ձևակերպվեն՝ որպես հստակ առաջարկներ:

Մեկ շաբաթ անց ՀԽ փոքր խորհրդի նիստում կամփոփվեն և վերջնական տեսքի կբերվեն ՀՀ նախագահին ներկայացվելիք առաջարկներն ու հարցադրումները:

Դիտվել է 613 անգամ:
Print Friendly

Leave a Reply