ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը եւ պատասխանը հարցին Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեի հետ համատեղ մամլո ասուլիսին

Պաշտոնական, Օրվա լուր | | March 16, 2012 20:02

Բարեւ Ձեզ, Ուրախ եմ ողջունելու իմ գերմանացի գործընկերոջը՝ Գիդո Վեստերվելեին, Հայաստանում:

Սա լավ հնարավորություն է շարունակելու մեր երկխոսությունը, մենք պարբերաբար հանդիպում ենք, վերջերս եղել եմ այցելությամբ Գերմանիայում,  օգտագործում ենք տարբեր այլ հնարավորություններ միջազգային կոնֆերանսների ժամանակ:

Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների քսանամյակը: Այս ընթացքում մենք բավական կարեւոր քայլեր ենք ձեռնարկել երկկողմ տարբեր ոլորտներում համագործակցությունը ամրապնդելու, խորացնելու, զարգացնելու ուղղությամբ: Բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն է ընթանում երկու երկրների միջեւ, զարգանում են առեւտրատնտեսական փոխգործակցությունը: Այսօր մենք ունենք մոտ 400 միլիոն դոլարի առեւտրաշրջանառություն, բայց կարծում եմ, որ մեր հնարավորությունները, ներուժը շատ ավելին է, եւ համատեղ ջանքերով մենք կարող ենք հասնել ավելիին:

Առկա է բավական ամուր իրավապայմանագրային դաշտ. մոտ 30 փաստաթուղթ է ստորագրված երկու երկրների միջեւ, եւ մենք այսօր աշխատում ենք նոր պայմանագրերի, նախագծերի վրա, որոնք կարող են ստորագրվել մոտ ապագայում:

Մենք շնորհակալ ենք Գերմանիային Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցության համար, որը ցուցաբերվել է անկախությունից ի վեր:

Միջպառլամենտական կապերը բավական ակտիվ են, զարգանում է նաեւ ապակենտրոնացված համագործակցությունը:

Բավական լավ են ընթանում մեր խորհրդատվություններն երկու արտգործնախարարությունների միջեւ, որոնք վերաբերվում են թե տարածաշրջանային, թե միջազգային հարցերին:

Այսօր մենք անդրադարձանք նաեւ փոխգործակցությանն Եվրոպական հարեւանության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում մենք նաեւ անդրադարձանք տարբեր միջազգային եւ տարածաշրջանային հարցերի` Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին, նաեւ Միջին Արեւելքի զարգացումներին:

Նախարար Վեստերվելեին այսօր կընդունի նաեւ Հանրապետության Նախագահը, եւ մենք կշարունակենք մեր բանակցությունները:

Շնորհակալություն:

Հարց. Պարոն նախարար, ո՞րն է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը:

Պատասխան. Ղարաբաղի հարցով Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ընթացքում կարեւոր հայտարարություն ընդունվեց, որտեղ խոսքը գնում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ: Հուսով ենք, որ դրանք կիրականացվեն:

Այսպիսի հայտարարություններ ընդունվել են նաեւ նախկինում, օրինակ՝ մեկ տարի առաջ մարտին, Սոչիի գագաթաժողովին: Այնտեղ  ընդունված հայտարարության մեջ  նախագահներն անդրադարձել էին մի կարեւոր պայմանավորվածության, որը չիրականցվեց այն պատճառով, որ Ադրբեջանը մերժեց, փաստորեն, այն ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել:

Սոչիում պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն ամեն ինչ արեց, որպեսզի այդպիսի մեխանիզմ չստեղծվի: Համապատասխան առաջարկներ եռանախագահների կողմից ներկայացվել էին դեռ 2011թ. ապրիլին, եւ Հայաստանը տվել էր  դրական  պատասխանը, իսկ հոկտեմբերին վերահաստատել, իսկ Ադրբեջանը մինչ այսօր պատասխան չի տվել:

Անցյալ դեկտեմբերին, երբ քննարկվում էր ԵԱՀԿ-ի բյուջեն, ադրբեջանական կողմն անգամ սպառնաց, որ վետո կօգտագործի ԵԱՀԿ-ի ամբողջ բյուջեի վրա, եթե հատկացում նախատեսվի այդ մեխանիզմի ստեղծման նպատակով:

Սա օրինակներից մեկն է, թե ինչու առաջընթաց  չի ստացվում արձանագրել, որովհետեւ պայմանավորվածություն է ձեռք բերվում, բայց Ադրբեջանը հետո հետ է կանգնում:

Վերջին գագաթաժողովներից առաջ արտգործանախարարների մակարդակով համապատասխան նախապատրաստական աշխատանք է տարվել, ինչպես եղել է Կազանի, կամ Սոչիի, կամ Աստրախանի, կամ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներից առաջ: Այս նախապատրաստական աշխատանքներն ուղղված են եղել քննարկվող սկզբունքների շուրջ համաձայնության գալուն: Ամեն անգամ, երբ  մենք համաձայնություններ են ձեռք բերվել, Ադրբեջանը, գալով գագաթաժողովների, հետ է կանգնել պայմանավորվածություններից՝ առաջարկելով բազմաթիվ լրացումներ եւ փոփոխություններ:

Հենց այդ պատճառով է, որ չի ստացվում առաջընթաց արձանագրել: Ոչ թե եռանախագահները չեն ջանում օգնել կողմերին: Եռանախագահները բավականին մեծ աշխատանք են կատարել: Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը վերջին երկու-երեք տարվա ընթացքում կարեւոր ջանքեր է գործադրել:

Վերջին երկու-երեք տարվա ընթացքում տասնյակ հանդիպումներ են կայացել նախագահների մակարդակով, արտգործնախարարների մակարդակով, եռանախագահները բազմիցս եղել են տարածաշրջանում՝ Ստեփանակերտում, Բաքվում եւ Երեւանում:

Սոչիում վերջին հանդիպմանը եռանախագահների գործունեության վերաբերյալ բարձր գնահատական տրվեց: Եվ անգամ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ, այո, բարձր է գնահատում եռանախագահների գործունեությունը:  Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հույս հայտնեցին, որ նույն ձեւաչափով եւ նույն մանդատով եռանախագահները կշարունակեն իրենց գործունեությունը, մինչեւ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի:

Սոչիի հանդիպումանն Ադրբեջանի նախագահն ասում էր մեկ բան, օրեր անց, այլ մակարդակներով Ադրբեջանից շարունակվեց քննադատությունը եռանախագահների հասցեին ու արվեցին մեկնաբանություններ, որոնք հակասում են Սոչիի եռակողմ հայտարարությանը: Հենց այդ պատճառով հնարավոր չի լինում առաջընթաց արձանագրել:

Այս օրինակների ցանկը կարելի է շատ երկար շարունակել: Ես չգիտեմ գերմանական որ թերթը կամ լրատվական գործակալությունն եք Դուք ներկայացնում, եթե դուք ցանկություն ունենաք, ես պատրաստ եմ  այդ հարցով Ձեզ առանձին ընդարձակ հարցազրույց տալ:

Շնորհակալություն:

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply