Երևանի ավագանու որոշմամբ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 16, 2012 19:51

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և ղեկավարվելով
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով՝
Երևան քաղաքի ավագանին մարտի 16–ին գումարած նիստում միաձայն որոշել է ակադեմիկոս Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանին շնորհել «Երևանի
պատվավոր քաղաքացի» կոչում։ Նիստի ավարտից հետո, հանդիսավոր պայմաններում շնորհավորելով ակադեմիկոսին պատվավոր կոչման համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վաստակաշատ գիտնականին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու շքանշանն ու հավաստագիրը։
Հատկանշական է, որ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման շնորհումը համընկել է գիտնականի ծննդյան 90–ամյակին։ Կանխելով իր երկարակեցության մասին հնարավոր հարցադրումը, ակադեմիկոսը ներկաների համար բացել է գաղտնիքի սեփական բանաձևը.
<< 77 տարի է ապրում եմ Երևանում, որից 73 տարին աշխատում եմ։ Արդեն 90 տարեկան եմ ու այսօր կուզեմ ձեզ հետ կիսվել երկար ապրելու իմ հնարած սխեմայով: Առաջինը` պետք է սիրել երկիրը, ժողովրդին, տղամարդիկ սիրեն կանանց, կանայք` տղամարդկանց: Սերը, ինչպես դասականներն են ասում, փրկում է ժողովրդին: Երկրորդը` պետք է անընդհատ աշխատել ու ստեղծագործել: Երրորդը շատ բարդ հարց է` պետք է ոչ մեկին չնախանձել: Եթե նախանձը մտավ մարդու մեջ, այդ մարդը ուշ թե շուտ կործանվում է: Չորրորդը` պետք է ապրել գեղեցիկը տեսնելու և գնահատելու ձգտումով: Ամենավատ բանի մեջ էլ պետք է փնտրել և գտնել գեղեցկություն: Դրա վառ օրինակն է Էսմերալդայի և Քվազիմոդոյի սերը: Վատն են այն մարդիկ, ովքեր ամեն ինչի մեջ փնտրում են վատը, ոչ թե գեղեցիկը>>, – իր խոսքում նշել է Սերգեյ Համբարձումյանն ու ավելացրել. << Ու այսօր արդեն որպես Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի` խոսք եմ տալիս բարձր պահել Երևանի պատիվը>>:
Մեկ անգամ ևս շնորհավորելով հոբելյարին պատվավոր քաղաքացու կոչման և ծննդյան օրվա կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հայ և համաշխարհային գիտական ասպարեզում նրա ներդրած ավանդի, սերունդների կրթության ու դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար. «Մեզ համար իսկապես մեծ պատիվ է Ձեր նման վաստակաշատ պատվավոր քաղաքացի ունենալը և մենք հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք»,– նշել է Տարոն Մարգարյանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply