Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը

Պաշտոնական, Օրվա լուր | | March 16, 2012 19:09


Մարտի 16-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեի հանդիպումը, ով պաշտոնական այցելությամբ ժամանալ էր Երեւան:
Ողջունելով իր գերմանացի գործընկերոջը՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց.
«Ինձ համար շատ հաճելի է հյուրընկալել Ձեզ Հայաստանում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի հոբելյանական տարում:
Այս քսան տարիների ընթացքում մեզ հաջողվել է ձեւավորել իրական բարեկամական հարաբերություններ՝ հաստատել բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձեւավորել լայն իրավապայմանագրային դաշտ, զարգացնել եւ ընդլայնել առեւտրատնտեսական կապերը, իրականացնել զարգացման ու ներդրումային ծրագրեր, միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված համագործակցություն, ակտիվացնել գիտակրթական եւ մշակութային կապերը»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գիդո Վեստերվելեն ընդգծեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարում կարելի է արձանագրել, որ երկու երկրների համագործակցությունը զարգացել եւ ամրապնդվել է եւ այսօր առկա է դրա առավել ընդլայնման բոլոր նախադրյալները:
Էդվարդ Նալբանդյանն ու Գիդո Վեստերվելեն քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ. անդրադարձան Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, տնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:
Հայաստանի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերություններին՝ գոհունակություն հայտնելով այդ ոլորտում արձանագրված առաջընթացի կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այս առումով նախարար Վեստերվելեն Գերմանիայի աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի համանախագահության կողմից ձեռնարկվող ջանքերին՝ ընդգծելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարները հանգամանալից անդրադարձ կատարեցին Միջին Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին, մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ամրապնդմանն առնչվող խնդիրների շուրջ:
Բանակցությունների օրակարգում էին Աֆղանստանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերն ու այդ գործընթացում Գերմանիայի եւ Հայաստանի ներդրումը:
Գերմանիայի արտգործնախարարը ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը, ինչի կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանն ընդգածեց, որ Հայաստանը հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ լուծումներ եւ համաձայնություններ կգտնվեն բանակցությունների միջոցով՝ միջազգային հանրության եւ Իրանի համատեղ ջանքերով:
Նախարարների հանդիպմանը հաջորդեց համատեղ մամուլի ասուլիս:
* * *

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply