Ադրբեջանում գործ է հարուցվել ընդդիմադիր լրագրողի ինտիմ տեսանյութի առիթով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 16, 2012 12:22

Ադրբեջանի դատախազությունը գործ է հարուցել համացանցում հայտնված  ընդդիմադիր լրագրող  Հաջիջա Իսմայլովայի մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսանյութի առնչությամբ: Դատախազությունը գործ է սկսել լրագրողի դիմումի համաձայն: Ինչ-որ մեկը նրան նամակ է ուղարկել աղմկահարույց տեսանյութը հրապարակելու սպառնալիքով: Գործ է հարուցվել «Մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման» հոդվածով:

Հաջիջա Իսմայլովան «Ռադիո Ազադլըգի» աշխատակից է : Նա բազմիցս է լրագրողական հետաքննություն վարել,  այդ թվում` մի  բանկի սեփականաշնորհման հանգամանքները (նրա կարծիքով` անօրինական), որի համատեր է դարձել նախագահի դուստրը:

Մարտի սկզբին լրագրողը սպառնալիքով ու «լռելու» պահանջով նամակ է ստացել: Ինտիմ լուսանկարներն, ի դեպ, ուղարկվել են Իսմայլովայի հարազատներին  ու մի շարք ընդդիմադիր ԶԼՄ-ների: Լրագրողն ինքն ասում է, որ առաջ էլ է սադրանքի ենթարկվել ու հիշեցրել, որ վաղուց է, ինչ զբաղվում է «նախագահի ընտանիքի անդամների գաղտնի բիզնեսով»: Իսմայլովան ավելի վաղ էլ չէր բացառում, որ իր տանը տեսախցիկներ կարող են տեղադրված լինել , իսկ հեռախոսն էլ` գաղտնալսվել:

Կատարվածն արդեն քննադատել են Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն ու Մամուլի խորհուրդը (վերջինը նշել է, որ տեսանյութն, ամենայն հավանականությամբ, լրագրողի մասնագիտական գործունեության հետ է կապված):

Պաշտոնապես քննադատությամբ է հանդես եկել նաև նախագահի աշխատակազմը, որը հավատացնում է, թե տեսանյութի ետևում «սադրիչ ուժերն են, որոնք կամենում են Ադրբեջանում խախտել կայունությունը, լարվածություն ու  խուճապ սերմանել հասարակության մեջ ու  վնաս հասցնել երկրի  միջազգային հեղինակությանը»:

Ռադիո Ազադլըգ-ը  հիշեցնում է, որ նման մեթոդները (ինտիմ բնույթի նյութերի հրապարակումը) Ադրբեջանի իշխանության կողմից ընդդիմության դեմ բազմիցս են կիրառվել: Իսկ Contact.az-ը նշում է, որ նման պրակտիկան  «ոչ միայն չի խափանվել  իշխանության կողմից, այլև կառավարամետ ԶԼՄ-ների ու հեռուստաալիքների ակտիվ մասնակցությամբ է կատարվել»:

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply