Երևանի շքամուտքերից մեկում 32-ամյա տղամարդը փորձել է բռնաբարել պահմտոցի խաղացող երեխային

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 15, 2012 20:52

32-ամյա Գ. Ճաղարյանը, որը ամուսնացած է, երևանյան շենքերից մեկի բակում պահմտոցի խաղացող երեխային խաբեությամբ տարել է շքամուտք ու փորձել բռնաբարել նրան: Բարեբախտաբար, 9-ամյան Էմման կարողացել է փախչել ու ամեն ինչ պատմել է մորը:

Երեխայի նկատմամբ անառակաբարո գործողության փորձ կատարած երիտասարդի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` «ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»:

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օրերս ավարտվեց Գ. Ճաղարյանի դատավարությունը, և դատավոր Գագիկ Պողոսյանի վճոռվ նա դատապարտվեց ազատազրկման 1 տարի 11 ամիս ժամկետով:

Ճաղարյանի դատը քննվել է դռնփակ նիստում. մինչև դատաքննությունն սկսելը, նա միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով ու հայտարարել, որ միջնորդությունը ներկայացնում է կամավոր` իր պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանի որոշմամբ, ամբաստանյալի միջնորդությունը բավարարվել և դատական քննությունն անցկացվել է արագացված կարգով:
Դատարանը քննության ընթացքում պարզել է, որ ամբաստանյալը իսկապես կատարել է հանցանք և պետք է պատասխանատվության ենթարկվի ու դատապարտել նրան 1 տարի 11 ամիս ազատազրկման:

Որպես Ճաղարյանի պատժի ու պատասխանատվության մեղմացուցիչ հանգամանք դատարանը հաշվի է առել այն, որ նրա խնամքի տակ գտնվում է մինչև 14 տարեկան երեխա: Ճաղարյանը կալանավորվել էր նախորդ տարվա օգոստոսի 7-ին, և պատիժը հաշվարկվել է հենց այդ օրվանից:

Հ. Գ. Տուժողի անունը  հասկանալի պատճառներով փոխված է:

Panorama.am

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply