Պարգևատրվել են “Գեղեցիկ Երևան” մրցույթի հաղթողները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 15, 2012 19:05


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության մշտական հանձնաժողովի համակարգող, զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևայի և “Գեղեցիկ Երևան” մրցույթի հաղթողների հետ:
Ողջունելով հյուրերին` քաղաքապետն ընդգծել է տարբեր ոլորտներում Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի միջև լայնածավալ և արդյունավետ համագործակցությունն ու կարևորել ներկայում իրականացվող ծրագրերի շարունակականությունը:
“Համոզված եմ, որ մենք կշարունակենք համագործակցությունը ‘Գեղեցիկ Երևան” ծրագրի շրջանակում և արդյունքներն ավելի տեսանելի կլինեն։ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել ՄԱԿ–ի հետ տարբեր նախաձեռնությունների և ծրագրերի շուրջ”-նշել է քաղաքապետն ու ընդգծել, որ տարվող աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով քաղաքապետարանը մտադիր է այդ ծրագերում ներգրավել նաև երևանցիներին:
ՄԱԿ-ի անունից շնորհավորելով Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու, ինչպես նաև ջերմ ընդունելության համար՝ Դաֆինա Գերչևան իր հերթին հավաստիացրել է, որ հետաքրքրված է համագործակցության հետագա զարգացմամբ և ծրագրերի հաջող իրականացման համար կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների հանձնառությունը, բնակչության իրազեկվածությունն ու համագործակցությունը:
“Այս ընդգրկուն ծրագրի միջոցով մենք հույս ունենք բարձրացնել Երևանի բնակչության բարեկեցությունը, քաղաքը դարձնել ավելի հարմարավետ և հաճելի`խթանելով նաև զբոսաշրջության զարգացմանը: Նաև մայրաքաղաքի բնակչության համար ստեղծել նոր աշխատատեղեր, որը ևս պակաս կարևոր չէ”,-նշել է Դաֆինա Գերչևան:
“Գեղեցիկ Երևան” ծրագրի շրջանակում համատեղ ֆինանսավորմամբ նորոգվել են մայրաքաղաքի բարեկարգման կարիք ունեցող որոշ հուշարձաններն ու մի շարք շենքերի ճակատային հատվածները, բարեկարգվել են հարակից տարածքները, ինչպես նաև ապահովվել են արտաքին լուսավորությամբ և գեղարվեստական ձևավորմամբ:
Շնորհակալություն հայտնելով “Գեղեցիկ Երևան” ծրագրի շրջանակում կազմակերպված մրցույթի բոլոր մասնակիցներին գեղարվեստական ձևավորման հետաքրքիր առաջարկների ներկայացման համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մրցույթի հաղթողներին հանձնել է հավաստագրեր ու պարգևավճարներ` մաղթելով նոր ու հետաքրքիր գաղափարներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply