Հովհաննես Թամամյանը ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 15, 2012 18:26

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքներում:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ի վերջո մեկնարկեց Թամամյանի եւ նրա երկու գործընկերների դատաքնությունը: Հովհաննես Թամամյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը մեղադրվում են քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

Դատական նիստի սկզբում Պողոսյանն ու Խանզադյանը համաձայնվել են իրենց առաջադրված մեղադրանքի հետ եւ դատավոր Արշակ Վարդանյանից խնդրել արագացված դատաքննություն իրականացնել: Թամամյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը 10 րոպե ժամանակ է խնդրել իր պաշտպանյալի հետ խորհրդակցելու համար, ապա Հովհաննես Թամամյանն ինքն էլ ընդունել է մեղադրանքն ու արագացված դատաքննություն խնդրել: «Քանի որ իմ երկու գործընկերները արագացված դատաքննություն են խնդրել, ես նույնպես միանում եմ»,- նշել է նա:

Դատական նիստում հրապարակվել են անեւ ամբաստանյալներին դրական բնութագրող փաստաթղթեր, այնուհետ մեղադրող Հարություն Հարությունյանը 2 աշխատանքային օր է խնդրել մեղադրական ճառով հանդես գալու համար: Դատական նիստը նշանակվել է մարտի 20-ին:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը անազատության մեջ է գտնվում 2011 թվականի մարտի 24-ից: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ:

Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

NEWS.am

Դիտվել է 1472 անգամ:
Print Friendly

Leave a Reply