Պետություն-մասնավոր հատված համագործակցությունը շարունակվում է
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | March 15, 2012 17:14
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և “Բարեպաշտ սերունդ” հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանն այսօր այցելել են Երևանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց, որտեղ հիմնադրամի աջակցությամբ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգվել են դպրոցի սանհանգույցները, դահլիճը, մուտքի դռները, ջրահեռացման խողովակները, բուֆետը, խոհանոցը, բուժկետը և պահակակետը, իսկ առաջիկայում սպասվում է նոր պատուհանների տեղադրում և դասասենյակների վերանորոգում:
Նախարար Արմեն Աշոտյանը շրջել է դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին, այնուհետև վերանորոգված դահլիճում հանդիպում ունեցել ուսուցիչների և աշակերտների հետ: Անդրադառնալով հանրակրթաույան ոլորտի բարեփոխումներին՝ նա նշել է, որ ավագ դպրոցների կայացումը կրթական համակարգի գերակա խնդիրներից է. “12-ամյա կրթության բարեփոխումը սկզբնական շրջանում դժվարություններով էր ընթանում, բայց այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ այդ բարեփոխման մի քանի կարևոր փուլերը մենք արդեն անցել ենք` ունենք ձևավորված 12-ամյա կրթության համակարգ, ունենք ավագ դասարանների դասագրքեր և ծրագրեր: Միաժամանակ շարունակվում են ուսուցիչների վերապատրաստումները: Մեր նպատակն է՝ պահպանել ազգային դպրոցի ավանդույթները՝ համադրելով դրանք համաշխարհային կրթական մակարդակի հետ”,-նշել է նախարարը: Ընդգծելով, որ ավագ դպրոց դառնալուց հետո, այստեղ աշակերտների թիվը եռապատկվել է, նախարարը շնորհակալություն է հայտնել “Բարեպաշտ սերունդ” հիմնադրամին` դպրոցին աջակցելու համար:
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մ. Մկրտչյանը նշել է, որ դպրոցական տարիներին ձեռք բերված գիտելիքներն են լավ ապագայի հիմք ստեղծում. “Ձեզանից յուրաքանչյուրն ընդունակ է հետագայում սովորել բուհերում և որոշակի խնդիրներ լուծել: Համարձակ եղեք և կհասնեք դրան,”,- նշել է նա:
ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է նաև աշակերտների և մանկավարժների հարցերին, որոնք վերաբերել են հիմնականում կրթության արժևորմանը, ավագ դպրոցների հասարակական գնահատականին և աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:






Facebook
Tweet This
Email This Post
