Ի՞նչ է լիզինգի պայմանագիրը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | March 19, 2012 22:11

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի 6-րդ պարագրաֆը նվիրված է ֆինանսական վարձակալության` լիզինգի պայմանագրին: Համաձայն oրենսգրքի 677-րդ հոդվածի` «Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձատուն պարտավորվում է վարձակալի նշած գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել վարձակալի կողմից որոշված վաճառողից և վճարի դիմաց հանձնել վարձակալի ժամանակավոր տիրապետմանը: Այդ դեպքում վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի ընտրության համար»:

Այստեղից պարզ է, որ լիզինգի պայմանագրի կողմերն են վարձատուն և վարձակալը, այսինքն` լիզինգատուն և լիզինգառուն: Լիզինգատուի դերում կարող է հանդես գալ ցանկացած ֆիզիկական անձ, որը գրանցված է որպես անհատ ձեռներեց, ինչպես նաև առևտրային գործունեություն իրականացնող ցանկացած իրավաբանական անձ, որն իր հիմնադրման փաստաթղթերի համաձայն` ունի գույքը լիզինգի կանոններով վարձակալության տալու իրավունք, այսինքն` իրականացնելու լիզինգային գործունեություն: Իսկ լիզինգառու կարող է լինել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր:

Ֆինանսական վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վաճառողի և ձեռք բերվող գույքի ընտրությունը կատարում է վարձատուն: Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել նաև, որ վարձակալված գույքը, վարձակալության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը, անցնում է վարձակալի սեփականությանը` վարձակալի կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:

Ֆինանսական վարձակալության պայմանագրի առանձին տեսակների առանձնահատկությունները սահմանվում են ֆինանսական վարձակալության (լիզինգի) մասին օրենքով:

Լիզինգի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Անշարժ գույքի ֆինանսական վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: Անշարժ գույքի ֆինանսական վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

Ֆինանսական վարձակալության պայմանագրի առարկա կարող է լինել ցանկացած չսպառվող գույք:

Վարձատուն վարձակալի համար գույք ձեռք բերելիս պետք է վաճառողին ծանուցի, որ գույքը նախատեսված է որոշակի անձի վարձակալության հանձնելու համար:

Ֆինանսական վարձակալության պայմանագրի առարկան վաճառողի կողմից հանձնվում է անմիջականորեն վարձակալին` վերջինիս գտնվելու վայրում, եթե ֆինանսական վարձակալության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Այն դեպքում, երբ ֆինանսական վարձակալության պայմանագրի առարկան վարձակալին չի հանձնվել պայմանագրում նշված ժամկետում, իսկ եթե պայմանագրում ժամկետ նշված չէ, ողջամիտ ժամկետում, վարձակալն իրավունք ունի, եթե կետանցը թույլ է տրվել այնպիսի հանգամանքներում, որոնց համար պատասխանատվություն է կրում վարձատուն, պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:

Վարձակալված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը վարձակալին է անցնում վարձակալված գույքը նրան հանձնելու պահից, եթե ֆինանսական վարձակալության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Վարձակալն իրավունք ունի գույքի որակի ու կոմպլեկտայնության, դրա մատակարարման ժամկետները խախտելու և վաճառողի կողմից պայմանագիրն անպատշաճ կատարելու դեպքերում անմիջականորեն վաճառողին ներկայացնել նրա և վարձատուի միջև կնքված առուվաճառքի պայմանագրից բխող պահանջներ: Ընդ որում, վարձակալը ձեռք է բերում գնորդի համար սույն օրենսգրքով նախատեսված իրավունքները և կրում է նրա պարտականությունները, բացի վաճառողի հետ առուվաճառքի պայմանագիրն առանց վարձատուի համաձայնության լուծելու իրավունքից ու ձեռք բերված գույքի համար վճարելու պարտականությունից:

Եթե այլ բան նախատեսված չէ ֆինանսական վարձակալության պայմանագրով, վարձատուն վարձակալի առջև պատասխանատվություն չի կրում առուվաճառքի պայմանագրից բխող պահանջները վաճառողի կողմից չկատարելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ վաճառող ընտրելու պատասխանատվությունը դրված է վարձատուի վրա: Վերջին դեպքում վարձակալն իրավունք ունի իր ընտրությամբ առուվաճառքի պայմանագրից բխող պահանջներն անմիջականորեն ներկայացնելու ինչպես գույքը վաճառողին, այնպես էլ վարձատուին, որոնք համապարտ պատասխանատվություն են կրում վարձակալի առջև:

Եթե այլ բան նախատեսված չէ ֆինանսական վարձակալության պայմանագրով, ապա վարձատուն վարձակալի առջև պատասխանատվություն չի կրում վարձակալության հանձնված գույքի թերությունների համար գույքը վարձակալին փոխանցելուց հետո:

 

Ավետիք  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 3935 անգամ:
Print Friendly

Leave a Reply