Որո՞նք են վճռաբեկ բողոք բերելու հիմքերը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | March 16, 2012 4:07

ՀՀ վճռաբեկ դատարանը կազմված է վճռաբեկ դատարանի նախագահից, պալատների նախագահներից և 14 դատավորից:

Վճռաբեկ դատարանն ունի երկու պալատ՝

1) քրեական պալատ.

2) քաղաքացիական և վարչական պալատ:

Քրեական պալատը կազմված է պալատի նախագահից և 5 դատավորից: Քաղաքացիական և վարչական պալատը կազմված է պալատի նախագահից և 9 դատավորից: Վճռաբեկ դատարանի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:

Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը: Իր այդ առաքելությունն իրականացնելիս վճռաբեկ դատարանը պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը: Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանների դատական ակտերը: Վարչական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերի քննության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով։

Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ՝

1) բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեuակ կիրառության համար, կամ

2) վերանայվող դատական ակտը առերևույթ (prima facie) հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված որոշումներին, կամ

3) ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ, կամ

4) եթե առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ:

Վճռաբեկ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է ստորադաս դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը և վերաքննիչ դատարանի կողմից միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները: Վճռաբեկ դատարանը միջանկյալ դատական ակտերը վերանայում է օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում: Վճռաբեկության կարգով գործի քննության ժամանակ վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք են դատական սխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, ինչպես նաև նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:

Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում: Բացառություն են այն ակտերը, որոնք վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չեն:

Անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:

Վճռաբեկ դատարանի ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Վճռաբեկ դատարանի ակտերը ենթակա են պաշտոնական հրապարակման «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 2206 անգամ:
Print Friendly

Leave a Reply