«Թալա» հայտնի զարդերի հիմնադրին հայրենիքում չեն ճանաչում
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | March 21, 2012 14:00
Թեհրանում օրեր առաջ 80 տարեկան հասակում վախճանվեց Իրանի թագավորական պալատի ոսկյա իրերի և նվերների պատրաստողն ու ձևավորողը, Իրանի վերջին շահի՝ Մոհամեդ Ռզա Փեհլեվիի անձնական ոսկերիչը, ավելի քան կես դարի պատմություն ունեցող «Թալա» զարդերի հիմնադիր Լեմուել Ավետյանը (թալա պարսկերեն նշանակում է ոսկի): Նրա վախճանի մասին ոչինչ չգրեց հայաստանյան մամուլը, քանի որ նրա գործունեությունը Հայաստանում քչերին է հայտնի:
Նրա ձեռքի գործն են բազմաթիվ ոսկյա արձաններ ու զարդեր, որոնք համաշխարհային մեծ արժեք են ներկայացնում: Դրանցից են Գերմանիայում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածնի արձանը, Ալբանիայի թագուհու թագը, Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, զորավար Անդրանիկի ոսկյա կիսանդրիները, ոսկյա սկահակներ, թանկարժեք զարդեր և այլ իրեր: Նրա պատրաստած իրերն ու զարդերը ձեռք են բերել աշխարհի ամենանշանավոր ու ազդեցիկ մարդիկ` թագավորներ, թագուհիներ, արքայազններ ու արքայադուստրեր, նախագահներ, դերասաններ, երգիչներ: 1970-ականներին հիմնադրված «Թալա» խանութ-սրահ են այցելել և այնտեղից զարդեր գնել այնպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են Արքայազն Ֆիլիպը, Ժակլին Քենեդին, Իսպանիայի Խոան Կառլոս թագավորը, Օմանի թագավոր Ղաբուս Բին Սայիդը, Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը, Դանիայի թագուհի Մարգարետ Երկրորդը, Հունաստանի Կոնստանտին Երկրորդ թագավորը, Մոնակոյի արքայադուստր Գրեյս Քելլին, Ֆինլանդիայի նախագահ Ուրհո Կեկկոնենը, , Խորհրդային Միության քարտուղար Լեոնիդ Բրեժնևը, Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոսի կինը, հայտնի դերասաններ Էլիզաբեթ Թեյլորը, Կուրտ Յուրգենսը և ուրիշներ:
«Թալա» զարդերի սրահը երկհարկանի է: Այն Իրանի ամենամեծ ու ամենաթանկարժեք զարդերի սրահն է: Զարդերի արժեքը սկսվում է մոտ 100 ԱՄՆ դոլարից և հասնում հարյուրհազարավոր դոլարների: Առաջին հարկում չմշակված և դեռևս զարդի տեսք չստացած գոհարեղենն է, իսկ վերևում` պատրաստի զարդերը: Հյուրերի համար այդ երկու սրահներ այցելելը զուգորդվում է ոչ միայն շքեղ ու յուրօրինակ զարդեր գնելու, այլև թանգարանային նմուշները վայելելու ցանկությամբ: Ներքևի սրահում այցելուները կարծես հայտնվում են մի անիրական աշխարհում, որը հրաշք-քարանձավ է հիշեցնում, քանի որ առաստաղն ու պատերն ամբողջությամբ պատված են կիսաթանկարժեք քարերով: Իսկ վերևում շողշողում են ոսկին, ադամանդը, սուտակն ու զմրուխտը՝ յուրօրինակ ու շքեղ զարդերի վերածված: Այստեղ նաև մի հսկա քարտեզ կա, որի վրա թանկարժեք քարերով նշված են աշխարհի այն հանքավայրերը, որտեղ գոյություն ունի տվյալ քարը:
1979 թ. իրանական հեղափոխությունից հետո Ավետյանի խանութը փակվում է: Վերաբացվում է մոտ 30 տարի անց: Այժմ «Թալա» զարդերի ավանդույթները շարունակում են նրա զավակները. մասնագիտական առումով` դուստրը, բիզնեսի առումով` ավագ որդին:
Լեմուել Ավետյանը ծնվել է 1932 թ. Թավրիզ քաղաքում: Նա եղել է վանեցի Հովսեփ Պոչովյանի կրտսեր որդին, իսկ Պոչովյանը Վանի Արծրունյաց թագավորության շառավիղներից աղա Հովհաննես Արծրունու ծոռն էր: Լեմուել Ավետյանի ընտանիքը Մեծ եղեռնից հետո տեղափոխվել է Ռուսաստանի Ռոստով քաղաք, որից հետո Թավրիզ, ապա Թեհրան: Պարսկաստան գալուց հետո նրանք հանգամանքների բերումով ազգանունը փոխել են Ավետյանի:
Սոցիալական վատ պայմաններից դրդված` վաղ հասակից պատանի Լեմուելը աշխատանքի է անցել մի հայ ժամագործի մոտ, հետո զբաղվել ոսկերչությամբ: Նյութական վիճակը մի փոքր բարելավելուց հետո նա մեկնել է Ամերիկա և մասնագիտացել GIA գոհարագիտության դպրոցում: Լեմուել Ավետյանն աստիճանաբար հռչակ է ձեռք բերել, եղել ոչ միայն Իրանի թագավորական պալատի ոսկերիչը, այլև Իրանի պետական ոսկերչական իրերի թանգարանի խորհրդատուն:
Հեղափոխությունից հետո էլ նա պետական մարմինների կողմից մեծ հարգանք է վայելել: Իրան-Իրաք պատերազմի տարիներին, երբ անվտանգության նպատակով անհրաժեշտ էր երկրի ազգային թանկարժեք գոհարեղենը հավաքել մի ապահով վայրում, Լեմուել Ավետյանին են վստահել այդ պատասխանատու գործը: Նա խնամքով հավաքել է բոլոր զարդերը և 9 ամիս անց կրկին իր ձեռքով վերադասավորել:
Մենք չկարողացանք զրուցել Ավետյանի ընտանիքի անդամների հետ, որոնք դեռևս սգում են նրա մահը: Համոզված ենք, որ նրա կինը շատ հետաքրքիր պատմություններ կպատմեր իր ամուսնու և նրա միջավայրի մասին: Սակայն զրուցեցինք Երևանում բնակվող նրա մի ազգականի` Հակոբ Բարխուդարյանի հետ, որը որոշ հիշողություններ ունի այդ անվանի մարդու մասին: Հակոբ Բարխուդարյանի պապը Լեմուել Ավետյանի քեռին է: Հակոբը նրան հորեղբայր է ասում: «Հիշում եմ` դեռ սովետական տարիներին նա նամակ էր գրել պապիս, որում պատմում էր, թե ինչպես է մի գիշերվա մեջ շահի համար ճաշի ոսկյա սպասք պատրաստել,- պատմում է նա,- նաև հիշում եմ, որ երբ 23 տարեկանում առաջին անգամ գնացի Թեհրան, նա միանգամից սկսեց թանկարժեք քարերի նկատմամբ իմ հետաքրքրությունը ստուգել: Երկու տարա դրեց դիմացս, որոնցից մեկը լի էր ադամանդներով, մյուսը` ռուբիններով: Ինձ համար շատ հետաքրքիր էր այդքան թանկարժեք քարեր տեսնելը: Հետո սկսեց բացատրել դրանց տարբերությունները` գույնը, կարծրությունը, որտեղ է մշակված և այլն: Անգամ մասնակցեցի մարգարիտների մասին երկու դասընթացի»:
Հակոբ Բարխուդարյանի խոսքով` հորեղբայրն իր գործի իսկական վարպետ էր, պրոֆեսիոնալ, որ անզեն աչքով կարող էր տարբերել բնական քարն արհեստականից: «Երբ 90-ականներին եկել էր Հայաստան, մեր ծանոթներից մեկը երկու հատ ռուբին բերեց, որ նա գնահատի,- հիշում է նա,- հորեղբայրս վերցրեց դրանք և սկսեց ձեռքի մեջ թեթևակի թափահարել. մոտ 20 րոպե: Այդ ընթացքում նա հետաքրքրվում էր, թե քարերը ստուգումների ենթարկվե՞լ են: Քարերի տիրոջ խոսքով` բոլոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ քարերը բնական են: 20 րոպե անց հորեղբայրս քարերը դրեց սեղանին և ասաց. «Ցավոք սրտի, սրանք բնական ռուբիններ չեն»:
Հորեղբայրը չի մանրամասնում բնական ու անբնական ռուբինն (սուտակ) իրարից տարբերելու գաղտնիքները, սակայն Հակոբը հիշում է հորեղբոր այն հուշումը, որ ռուբինը հատուկ ջերմություն ունի, որը ձեռքի մեջ պահելիս փոխանցվում է մաշկին:
1990-ականներին Լեմուել Ավետյանը անվճար գոհարագիտություն է դասավանդել երիտասարդներին: Նա նվիրվել է նաև ազգային բարեգործական աշխատանքներին: Չհամակերպվելով այն մտքի հետ, որ ժամանակին Թեհրանում հիմնված «Խրիմյան Հայրիկ» միությունը դադարեցրել է գործունեությունը, նա մի խումբ վանեցիների իր շուրջն է համախմբել և 1996 թ. հիմնել Վան-Վասպուրական պատմական հարցերի կենտրոնը, որի կարգախոսը հետևյալն էր. «Ամեն հայ պիտի կառչած մնա իր արմատներին»: Կազմակերպել է նաև Հայ դատի համազգային պահանջատիրության քարոզարշավ:
























Facebook
Tweet This
Email This Post
