Պլաստիկ նյութերի հարմարավետության հակառակ կողմը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 22, 2012 7:00

Հայաստանյան յուրաքանչյուր խանութում հաճախորդները ստիպված են իրենց գնած ապրանքը ստանալ մի քանի պլաստիկ տոպրակների մեջ: Պլաստիկ տոպրակների առնչվում ենք ամեն օր, սակայն գիտե՞նք, թե օգտագործելուց հետո ուր են ընկնում, ինչ ճակատագրի են արժանանում դրանք:

1950-1960-ական թթ. առաջին անգամ աշխարհում սկսեցին կիրառվել պոլիէթիլենային կամ պլաստիկ տոպրակները: Այդ շրջանում պլաստիկ տոպրակը գիտության հրաշք էր համարվում, որը միտված է հեշտացնելու մարդկանց կյանքը: Ժամանակի ընթացքում պարզվեց, որ պլաստիկ տոպրակները մարդկանց կյանքն ավելի են բարդացնում:

Պլաստիկ տոպրակների քայքայման ժամկետը տատանվում է 100-ից մինչև1000 տարի` կախված դրա բաղադրությունից: Ըստ որոշ փորձագետների` տարեկան 6 մլն 300 հազար տոննա աղբ է լցվում համաշխարհային օվկիանոս, դրա մեծ մասը հենց պլաստիկներն են կազմում. որոնք պատճառ են դառնում 1 մլն թռչունների, 100 հազար ծովային կաթնասունների և բազմահազար ձկնային վտառների ոչնչացման:

Աշխարհի շատ երկրներում պլաստիկ տոպրակներն արգելվել են: Օրինակ՝ Անգլիայում վաղուց պլաստիկ տոպրակներն այլևս չեն օգտագործվում: Ցանկացած խանութում գնումներ կատարելուց առաջ նախ պետք է ունենալ կտորից տոպրակ կամ գնել թղթե տոպրակ: Իռլանդիայում բարձրացվել են պլաստիկ տոպրակների գները, ինչի արդյուքում դրանց օգտագործումն անկում է ապրել 94 տոկոսով: Պլաստիկ տոպրակներն արգելված են նաև Մեքսիկայում, Եվրամիությունում դրանց արգելման ուղղությամբ քննարկումներ են ընթանում:

Պլաստիկ շշերն ու տոպրակները Հայաստանում ջրի աղբյուրների աղտոտման հիմնական պատճառն են, դրանք նաև գյուղացիների անասունների սատկելու պատճառ են դառնում, նաև վտանգավոր են առողջության համար: Ըստ ԵԱՀԿ հաշվարկների` մեր երկրում տարեկան կուտակվում են պոլիէթիլենից պատրաստված ավելի քան 5000 տոննա թափոններ:

Հայաստանում պլաստիկ տոպրակների արգելման մասնավոր խոսակցություններ լինում են, սակայն այդ ծրագրերը հեռու են իրագործվելուց: Իրականացվում են միայն դրանց վերամշակման որոշակի գործողություններ: ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում ստորագրվել է մի համաձայնագիր, որով մեկնարկեց Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակումը խթանող ծրագիրը: Սակայն պլաստիկ տոպրակների վերամշակումը դրական, բայց բավարար քայլ չէ Հայաստանում պլաստիկ տոպրակների ու շշերի խնդիրը վերացնելու համար: Մինչ կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարում է տնտեսության գերակա ճյուղ, զբոսաշրջիկների այցելության վայրերն ու գետերը ծփում են պլաստիկ թափոններով, իսկ գյուղացիների անասունները սատկում են:

Վարդան Մուշեցի

Դիտվել է 1898 անգամ:
Print Friendly

Leave a Reply