Ազգի ողնաշարը կոտրում են տրանսպորտում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 18, 2012 13:30

Արժանապատիվ քաղաքացին չի կռանում երթուղայինում.

Պահանջիր  ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՏՐԱՆՍՊՈՐՏ

Միկրոավտոբուսները չեն հետևում սահմանված ժամանակացույցին, այդ պատճառով էլ կանգառում կուտակումներ են լինում:

Պահանջիր նրանցից աշխատել օրենքին համապատասխան:

Պահանջիր պատկան մարմիններից պատժել քեզ վատ սպասարկող գծատերերին:

Հանրային տրանսպորտը պետք է աշխատի նաև երեկոյան և գիշերային ժամերին:

Պահանջիր, որ վարորդը չծխի և երաժշտություն չլսի:

Միացիր մեզ ֆեյսբուքում` Արժանապատիվ տրանսպորտ:

Մի քանի օր առաջ այս բովանդակությամբ թռուցիկներ էին բաժանում մի խումբ երիտասարդներ տրանսպորտի խնդիրներին նվիրված բացօթյա ցուցահանդեսի ժամանակ: Նրանք քաղաքային տրանսպորտի իրական պատկերն արտացոլող լուսանկարների շարժական ցուցահանդես էին կազմակերպել Հանրապետության հրապարակում: Ցուցահանդեսին միացան նաև  քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանն ու տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Նրանք նույնպես համաձայնեցին, որ այս պահին քաղաքային տրանսպորտի վիճակը, մեղմ ասած, անտանելի է, նաև հայտնեցին, որ արդեն Չինաստանից Հայաստան է ներկրվել 250 նոր ավտոբուս, որոնք աստիճանական կարգով կհանձնվեն շահագործման: Նախատեսվում են առաջին հերթին ավտոբուսներով փոխարինել այն երթուղային տաքսիները, որոնք արդեն հին են և չեն համապատասխանում նոր չափանիշներիին:

Ակտիվիստներից Անուշ Քոչարյանի մտահոգությանն ի պատասխան, թե արդյոք նոր ավտոբուսների շահագործմամբ ուղեվարձը չի՞ թանկանա, պաշտոնյաները հավաստիացրեցին` ոչ:

«Մենք չենք ցանկանում կռացած երթևեկել,  ուզում ենք արժանավայել երթևեկել, չկռանալ տրանսպորտում: Հազարավոր քաղաքացիներ երթևեկում են ամեն օր ստորացուցիչ պայմաններում: Մենք պայքարում ենք այդ ստորացուցիչ երթևեկության դեմ, և այս ցուցահանդեսն էլ դրան է նվիրված»,-ասաց Ա. Քոչարյանը:

Նրա խոսքերով` քաղաքապետարանը հակված է իրենց հետ համագործակցելու. «Նրանք մեզ հրավիրել են հանդիպման, մենք տեսել ենք նոր ներկրված ավտոբուսները: Հուսանք` այս խոստումերը շատ շուտով իրականություն կդառնան, ու քաղաքապետարանի հետ կկայանա իրական համագործակցությունը»,-ասաց նա:

Երիտասարդները  հավաստիացնում  են` իրենք խստորեն հետևելու են, որ նոր ավտոբուսներն աշխատեն ժամանակացույցով սահմանված կարգով, որ վարորդները հետևեն հիգիենային, չխոսեն հեռախոսով, չծխեն և այլն:

Բացօթյա ցուցահանդեսից հետո ակտիվիստները,  Հյուսիսային պողոտայում թռուցիկներ բաժանելով, շարժվեցին դեպի Մաշտոցի այգու կրպակների դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների մոտ, ուր և ավարտեցին ակցիան:

«Ես ոչխար չեմ»-ից «Արժանապատիվ տրանսպորտ»

Նախաձեռնությունը ստեղծվել է անցյալ տարի ամռանը, երբ մի խումբ երիտասարդներ սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունները հայտնեցին տրանսպորտի խայտառակ վիճակի մասին. «Երթևեկում ենք կանգնած, կռացած, միմյանց կպած,  ինտիմ գոտում, դրանից օգտվում են գողերը և ոչ միայն նրանք», «Էսօր 45 րոպե երթուղայինի եմ սպասել, եկել է, չեմ կարողացել նստել, քանի որ լիքը մարդ կար մեջը» այս և նմանատիպ այլ մեկնաբանություններ հաճախ կարելի էր կարդալ ֆեյսբուքյան օգտատերերի պատերին: Դրան գումարվեցին  մարզային թղթակիցների բողոքները, թե  հանրահավաքների պատճառով մարդիկ չեն կարողանում հասնել Երևան, և այլն:

Նույն ժամանակահատվածում օգտատերերից մեկը խումբ բացեց` անվանելով այն «Ես ոչխար չեմ», որտեղ  քաղաքացիները սկսեցին հայտնել տրանսպորտային խախտումների դեպքեր:

Խմբի քննարկումների արդյունքում բոլորն էլ համաձայն էին, որ այսպիսի երթևեկությամբ խախտվում է մարդու` ազատ տեղաշարժվելու իրավունքը: Քննարկումներն օնլայն հարթակից վերածվեցին իրական հանդիպումների, քննարկումների, սկսեց ձևավորվել խումբը, որի հիմնական գործողությունները կարգավորում էին մի քանի երիտասարդներ` բոլորն էլ լրագրողներ:

Ավելի ուշ խումբը վերանվանվեց «Արժանապատիվ տրանսպորտ» և սկսեց ավելի համակարգված աշխատել` փորձելով գտնել համալիր լուծումներ: Երիտասարդները սկսեցին այլ ակցիաներ կազմակերպել` ուշադրություն հրավիրելով բարձրացված խնդրի վրա:

Սկսեցին իրենք իսկ տրանսպորտային միջոցների մոնիթորինգ իրականացնել: Լինելով լրագրողներ` իրենք էլ հրապարակում էին մոնիթորինգի արդյունքները: Դրանք հիմնականում վերաբերում էին ժամանակացույցին հավատարիմ չլինելուն, անսարք երթուղայիններին, վարորդ-ուղևոր շփումներին և այլն:

Խմբի ակտիվիստները սկսեցին տեսագրել ու լուսանկարել  տրանսպորտի հետ կապված զավեշտալի տեսարաններ ու դրանք տեղադրել ֆեյսբուքյան «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության էջին, սկսեցին տարածել տեղեկություններ, քննարկել խնդրի լուծման տարբերակներ: Ի դեպ, հենց այդպիսի լուսանկարներ ցուցադրվեցին մի քանի օր առաջ:

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչների խորին  համոզմամբ` ազգի ողնաշարը կոտրում են հենց տրանսպորտում.  լռելով նման հարցերի շուրջ` քաղաքացիները հետագայում այլ հարցերի շուրջ ևս կլռեն, իրավական գիտակացությունը սկսվում է նաև տրանսպորտից:

Քաղաքական միավորնե՞ր

Շուտով նոր ներկրված ավտոբուսները բերելու են Հրապարակ, տրվելու է շրջանառության մեկնարկը, սակայն առաջանում է մեկ այլ հարց` արդյոք այսքան ուշացնելը և այսքան մեծ շուքով նշելը կապ չունե՞ն մոտալուտ ընտրությունների հետ,  կամ Տ. Մարգարյանի նկատմամբ առկա բացասական վերաբերմունքը մեղմելու նպատակ չունե՞ն:

Ինչևէ, հուսանք, որ նոր ավտոբուսներով իսկապես արժանավայել կերթևեկենք:

Քաղաքացիական նախաձեռնությունների կարևորությունը

 

Ընդհանրապես, նախորդ տարիների համեմատությամբ,  ներկայումս քաղաքացիական նախաձեռնությունները շատացել են: Կան ակտիվ երիտասարդներ, որոնք անտարբեր չեն և փորձում են առկա հարցերը լուծել քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով:  Սա գալիս է հաստատելու, որ Հայաստանում դանդաղ, բայց սկսվել է նոր մտածելակերպի մարդկանց շրջան, երբ որևէ շարժման հիմքում դրվում է հենց իրավականը, երբ սկսվում է փոխվել ներքևի համակարգը, տեղի է ունենում հասարակափոխություն:

Այսօր կազմավորվել ու արդեն գործում են մի քանի ակտիվ քաղաքացիական նախաձեռնություններ` «Փրկենք Մաշտոցի այգին», «Մենք ենք այս քաղաքի տերը», «Արժանապատիվ տրանսպորտ» և այլն:

Սա էլ սկսում է հույս  ներշնչել, որ Հայաստանում աստիճանաբար ձևավորվում է  ՔԱՂԱՔԱՑԻՆ:

 

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

Դիտվել է 2398 անգամ:
Print Friendly

Leave a Reply