Ինչո՞ւ ենք այսքան դժգոհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 16, 2012 7:00

Աշխատող մարդու համար օրը, բացի այն կարճ րոպեներից, որ անցկացնում է տնից դուրս գալու նախապատրաստություններ անելով,  սկսվում է կանգառում` տրանսպորտի սպասելով: Սպասում ես երթուղայինին, որը հիմնականում ուշանում է օրենքով սահմանված ժամանակացույցից, ու որպես կանոն,  առաջին երկուսը բաց ես թողնում, քանի որ խցկվելու տեղ  չի լինում: Նյարդերդ լարվում են,  շտապում ես,  քանի որ ուշանում ես աշխատանքից, ու այդ րոպեները դառնում են իսկական պատուհաս սպասողի համար: Վերջապես գալիս է բաղձալի երթուղայինը, և բախտդ բերելու դեպքում մի կերպ խցկվում ես: Սկսվում է տրանսպորտային դժոխքի երկրորդ պարունակը. կռացած, մի կերպ խցկված, անծանոթ մարդկանց կիպ կպած` գնում ես աշխատանքի:

Այստեղ մտքովդ անցնում է, որ ներկաներից ինչ-որ մեկը գուցե հիվանդ է, օրինակ` գրիպով կամ  այլ  տեսակի հիվանդություններով, որոնցով վարակվելու հնարավորությունն այնքան էլ մեծ չէ սովորական, մարդավայել երթևեկելու պայմաններում:

Սակայն փորձություններն այդքանով չեն ավարտվում, վարորդն անչափ դանդաղ է վարում մեքենան` ճանապարհին էլի մարդ վերցնելու մեծ փափագով, իսկ երթուղային մտնողներին ու դրանից հեռացողներին  հրահանգում. «Արագ, արագ շարժվեք, հետ գնացեք»: Հետո հանկարծ որոշում է ծխել ու ձեռքի հետ միացնում «Ախ կակայա վոլյա վարավսկայա…» երգը: Ասում ես. «Մի ծխեք, ճաշակ մի պարտադրեք»: Վարորդը բողոքում է, իսկ տրանսպորտում բախտակից կռացածներից մեկը խեթ-խեթ նայում է, թե էսքան մարդու կյանք էդ վարորդից է կախված, ի՞նչ ես ներվայնացնում, հա, ի՞նչ անենք, թող մի հատ էլ ծխի, «բլադնոյ» լսի…   Սակայն այսքանով չեն ավարտվում երթուղայինի փորձությունները:  Եթե հանկարծ հայտնվել ես «գազելի» այն մասում, որը մոտ է վարորդին, պետք է նաև դրամը փոխանցես, մանրը հետ տաս ուղևորին, ու նկատի ունեցեք` ոչ մի դեպքում իրավունք չունես պարտադրված պաշտոնը չկատարել:

Իսկական փորձություն է նաև տրանսպորտից իջնելը, քանի որ մարդկային մի քանի պատնեշ ես հաղթահարում բաղձալի ասֆալտին ոտք դնելու համար: Հետո  ուշացած, արդեն  նյարդայնացած գնում ես աշխատանքի,  ուր քեզ դիմավորում են թթված դեմքով. ուշացել ես, և բնավ ոչ ոքի հետաքրքիր չէ, որ չես կարող ամեն օր տաքսի նստել, որն, ի դեպ, մարդկանց հիմարացնելու մեկ այլ երկար պատմություն ունի, ինչին հիմա չեմ անդրադառնա:

Այսպես, քանի որ ուշացել ես, ու քանի որ միայն դու չես նման պարունակներով անցել նշանակման վայր հասնելու համար, շուրթերն ու հոնքերը հավաքած էլի մարդիկ կան, ստեղծվում է լարված իրավիճակ:

Մի կերպ գլորում ես օրը ու դուրս գալիս աշխատանքից` փորձելով  մի քիչ ցրվել:

Այստեղ սկսվում է պարունակներից ամենադաժանը: Նախ, եթե այս ամենը  տեղի է ունենում ձմռան ամիսներին, ուրեմն  բախտդ բնավ չի բերել, ու ստիպված ես վտանգել կյանքդ ու առողջությունդ երկու փորձանքների միջև` վերևից կախված սառցալեզվակների տակ ու մոտ քսան սանտիմետր սառույցի վրա մի կերպ քայլելով: Սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել` վերևը ահ, ներքևը` մահ: Բայց դրան դիմանալով` փորձում ես հաճույք ստանալ գոնե քաղաքային տեսարանով. գորշագույն, բետոնակալած իրականություն, այգիների փոխարեն` առևտրի տուն, անճոռնի կրպակներ, նստարաններ չկան, անվերջ խանութներ, խանութներ…. Ողջ Երևանը վերածվել է Ստամբուլի Թաքսիմ փողոցի` խանութներով ու կրպակներով լեցուն…

Ուզում ես շեղել միտքդ դրական թեմաներով, հիանալ հայ ճարտարապետական հանճարով, ու, ով զարմանք, այստեղ էլ տեսնում ես ուղիղ գլխիդ ընկնող կացնե ճարտարապետական ՀԱՆՃԱՐ-ի լուծումները, որոնք ուղղակի կուլ են տվել թամանյանական ամեն ինչը….

Մնում է միայն գնալ տուն, որ  պրկված նյարդերդ հանգստանան:

Նույն ճանապարհով ու տանջանքներով, ինչ որ առավոտյան, հետ ես գնում ու նյարդայնացած մի կերպ հասնում տուն: Թվում է` վերջ, էլ փորձանք չի գա:

Միացնում ես հեռուստացույցը`  դրա վերականգնողական գործառույթի խաբուսիկ հույսով: Եվ ահա սկսվում է ուրիշ դժոխային պարունակ. էկրանից տոնական դեմքով ու սանրվածքով մի աղջիկ հայտնում է, որ քաղաքային տրանսպորտի վիճակը բարելավվել է, որ սառույցից ողջ քաղաքը մաքրվել է, քաղաքի արտաքին տեսքն ուղղակի անկրկնելի է, իսկ քաղաքի ճարտարապետական մոդեռն  լուծումները ստվերում են թողնում Լոնդոնի հնամենի գոթական ճարտարապետությունը, որ Երևանը կանաչ մայրաքաղաք է, որտեղ բնապահպաններն այնքան երախտապարտ են պաշտոնյաներին,  ու ոչ ոք ոչնչից չի բողոքում, ամեն  ինչ իդեալական է,   հայկական լրատվությունն օբյեկտիվության մարմնացում է, քաղաքական գործիչներն էլ` ժողովրդասեր-ժողովրդավար: Կարճ ասած` պարզվում է` դու նյարդային հիվանդ ես, քանի որ այս ամենի մեջ կարող ես դրական կողմը տեսնել, իսկ դու անիմաստ  լարվում ես մանր խնդիրներից. պարզապես չպետք է նկատել դրանք:

Սակայն դրա համար պետք է մի քանի հանգամանք. նախ` ամեն ինչում դրականը տեսնելու համար պետք է լինել առնվազն, եթե ուսանող ես, որևէ բուհի` Բրյուսովի, ԵՊՀ-ի կամ այլ կրթօջախի ՈՒսանողական խորհրդի նախագահ կամ  գոնե անդամ (ավաղ, չես լինի, եթե ՀՀԿ-ից չես) և կամ պետական պաշտոնյա ու ի պաշտոնե միայն դրականը տեսնես, լինես ՀՀԿ-ական ինչ-որ թևի ներկայացուցիչ, ունենաս սեփական բիզնես  ու հանուն դրա ծաղկման դարձյալ միայն լավը տեսնես, կամ էլ….  ուղղակի  այլմոլորակային պիտի լինես:

 

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

Դիտվել է 1918 անգամ:
Print Friendly

Leave a Reply