Ազգային գրադարանի ողբերգությունը Մատենադարանի գոյությունն է
ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | Անահիտ Հարությունյան | March 19, 2012 7:00Անկախություն ստանալուց ի վեր լավ ու վատ բաներ շատ են եղել: Ավելի շատ են, սակայն, այն երևույթները, որոնք մինչ օրս էլ դժվար է գնահատել` դրակա՞ն էին, թե՞ ոչ: Դրանցից մեկն էլ այսպես կոչված «ազգայնացավն» էր, երբ տեղի-անտեղի հաստատությունների ճակատներին ու տարբեր հասկացություններին փակցնում էին «ազգային» մակդիրը: Դա ոմանց մեջ բնական ընդվզում էր առաջացնում: «… Վերջերս շատ հաստատություններ (օրինակ, ակադեմիան կամ օպերան) իրենց անվանումների մեջ ներառան «ազգային» ածականը: Արդյոք այդ անվանակոչությունից հետո նման հիմնարկները սկսեցի՞ն ավելի լավ աշխատել, արդյոք նրանց գործունեությունը դարձա՞վ ավելի արդյունավետ ու ժամանակակից պահանջներին համապատասխան,- գրում էր Արամ Աբրահամյանը:- Ի՞նչն է ավելի նպատակահարմար. հասարակական զուգարաններին վերամբարձ կոչումնե՞ր տալ, թե՞ փորձել այնտեղ մաքրություն հաստատել» («Առավոտ», 1995, 24 մայիսի):
ՀՅԴ խմբակցության նախաձեռնությամբ վերջերս միայն` 15-20 տարի անց, օրենսդիր մարմինը փորձեց սահմանել, թե ինչ հաստատություններ կարող են կրել այդ մակդիրը:
Այս «ազգային» տենդում առաջինը թերևս Հայաստանի ազգային գրադարանն էր, որ «հանրապետականի» ցուցանակը «ազգայինով» փոխարինեց դեռ 1990-ին: Բանն այն է, որ խորհրդային գրադարանային գործիչների շրջանում այս խլրտումը վաղուց էր սկսվել, երբ դեռ միութենական հանրապետությունների քաղաքացիների համար անկախությունն ընդամենը եթերային երազանք էր: Աշխարհում ազգային գրադարանների համաժողովներ էին տեղի ունենում, որտեղ քննարկվում ու լուծվում էին բազմաթիվ գիտական ու գործնական հարցեր, և այդ հավաքներում թե՛ ԽՍՀՄ գլխավոր գրադարանը (Լենինի անվ. պետական), թե՛ 15 հանրապետությունների գլխավոր գրադարանները (հանրապետական) իրենց աղքատ ազգականի դերում էին զգում, թեպետ իրականում կատարում էին գրեթե նույն գործառույթները, ինչ պաշտոնապես ազգային գրադարան համարվողները: Գիտական հոդվածներ ու գրքեր էին գրում, որպեսզի ապացուցեն դա, և հիմնական փաստարկներից մեկն էլ այն էր, որ «national»-ը բազմանշանակ բառ է, և բացի «ազգային»-ից, նշանակում է նաև «պետական»:
Մեր ողբերգությունն այն է, սակայն, որ ամեն ինչ սկսվեց ու ավարտվեց ցուցանակը փոխելով, և այս առումով չես կարող չհամաձայնել վերոհիշյալ հրապարակախոսի հետ, որքան էլ ծայրահեղ կամ կոպիտ լինի նա իր եզրահանգումներում : Կարևորն անվանումը կամ ցուցանակը չէ, այլ բովանդակությունը: Անվանումը փոխելուց հետո հարկ էր նստել ու ազգային գրադարանի հայեցակարգ մշակել, քանի որ արդեն նոր կարգավիճակում էինք կամ նոր իրավիճակում, հարկ էր որոշել, թե ինչն ենք թողնում նախկինից, ինչն ենք փոխում կամ ներմուծում, որպեսզի համապատասխանենք «ազգային գրադարան» ինստիտուտի չափանիշներին: Ուզում եմ շեշտել` ինստիտուտի, քանի որ խոսքը մի առանձին շենքում տեղավորված գրադարանի կամ հիմնարկության մասին չէ, այլ գործունեության ոլորտի, որը յուրաքանչյուր անկախ պետության հիմնասյուներից կամ հայտանշաններից է: Այս ինստիտուտն է, որ ապահովում է տվյալ երկրի ու ժողովրդի «հիշողությունը»:
Այն օրվանից ի վեր, ինչ Եվրոպայում ազգային պետությունների ձևավորման հետ միաժամանակ երևան եկան առաջին ազգային գրադարանները (առաջինը Ֆրանսիայի ազգային գրադարանն էր), «ազգային գրադարան» հասկացության տասնյակ սահմանումներ են տրվել և դեռ էլի կտրվեն: Բայց մի քանի բնորոշում կա, որոնք կարելի է հիմնական համարել, քանի որ առկա են գրեթե բոլոր սահմանումներում: Այս գրադարանն անպայման պետական է, երկրորդ` սա առանձին տեսակ է, չի ենթարկվում գրադարանների համընդհանուր դասակարգմանը, երրորդ` սա երկրի գլխավոր գրադարանն է, որը պատասխանատու է տվյալ երկրի ամբողջ գրքային արտադրանքի հավաքման ու պահպանման համար` ի շահ հետագա սերունդների: Սա նաև միջազգային պատասխանատվություն է, քանի որ տվյալ ազգային գրադարանը պարտավոր է միջազգային հանրության համար ապահովել տվյալ ազգային գրավոր մշակույթի պահպանումն ու մատուցումը:
Ազգային գրադարանն ուրիշ կարևոր գործառույթներ էլ ունի (օրինակ` համաշխարհային արդիական տպագիր արտադրանքը երկիր հասցնելու և հանրությանը տրամադրելու, գրադարանագիտության և գրքագիտության կենտրոն հանդիսանալու և այլն), բայց անդրադառնանք ամենագլխավորին` հայատառ տպագիր արտադրանքը հավաքելու և հավերժության համար պահպանելու պարտականությանը:
Նախ` մեզ նման աշխարհասփյուռ ժողովրդի համար ազգային գրադարան պահելը կրկնակի դժվար խնդիր է, քանի որ ստիպված ես գտնել ու հավաքել աշխարհի տարբեր անկյուններում տպագրված ու այսօր էլ տպագրվող գրականությունը: Այս բարդ գործը կազմակերպելու հայեցակարգ մինչ օրս չունենք, ամեն ինչ հանձնված է տարերայնության ու բարի կամքի քմահաճույքին: Սա դեռ մի կողմ դնենք: Մի՞թե պահպանում ենք այն, ինչ արդեն հավաքված է:
Ազգային գրադարանների համար հատուկ ճարտարապետություն գոյություն ունի. կառուցվում են այնպիսի շենքեր և այդ շենքերում տեղադրում են այնպիսի սարքավորումներ, որ տարվա մեջ ջերմաստիճանն ընդամենը երկու աստիճանի տատանում տա, խոնավության որոշակի մակարդակ պահպանվի և այլն: Այս խնդիրն էլ մեզանում մինչ օրս չի լուծվել: Եվ մնում է նորից ու նորից հիանալ Ալ. Թամանյանի հանճարով, որի կառուցած շենքում գրքերը շատ չէին ենթարկվում ամառվա տապի ու ձմեռվա սառնամանիքի ավերիչ ազդեցությանը: Ինչ վերաբերում է սարքավորումներին, ապա մինչև վերջերս, աչքովս եմ տեսել, խոնավություն ապահովելու համար գրադարանավարները դույլերով ջուր էին տեղադրում, իսկ խոնավությունը չափելու գործիքը Մատենադարանից էին փոխ առնում:
Խորհրդային տարիներին, իհարկե, մտահոգություն կար: Եվ ձեռնարկեցին նոր մասնաշենքի կառուցումը: Բայց շենքը շահագործման հանձնելուց հետո պարզ դարձավ, որ հնարավոր չէ հնատիպ և հազվագյուտ գրականության (կամ անձեռնմխելի) ֆոնդը տեղափոխել այդ շենքը, քանի որ այն սարքավորումները, որոնք նախատեսված էին դրա պահպանությունն ապահովելու համար, հնարավոր չէ գործարկել: Բանն այն է, որ այդ սարքերն ահռելի չափեր ունեն և նախագծված էին շենքի հարևանությամբ տեղադրելու համար, բայց քանի որ այդ տեղում մի պաշտոնյայի ավտոտնակ էր տեղակայված, դրանք տեղափոխեցին շենքի ներսը, ու երբ փորձեցին աշխատեցնել, պարզվեց, որ դրանց դղրդոցից առաջացած ռեզոնանսից կարող էր նորակառույցի փլվելու վտանգ առաջանալ:
Ուրեմն անիմաստ էր անձեռնմխելի գրքերը տեղափոխել այդ պանելային շենքը, որտեղ դրանք ավելի կարճ կյանք կունենային, քան թամանյանական շենքում: Ազգային գրադարանի այն ժամանակվա տնօրեն Ռաֆայել Իշխանյանը, ի դեպ, այդպես էլ չընդունեց նորակառույցը, փաստաթղթի տակ չստորագրեց, ինչի պատճառով persona non grata դարձավ մշակույթի նախարարության ղեկավարության համար: Մարդիկ ուզում էին արագորեն ցուցակում թռչնակ դնել և հայտարարել, որ ազգային գրադարանի հարցը լուծված է: Սրանց մոտ սերունդների, ազգային հիշողության, ազգային ու միջազգային պարտավորությունների և նման բաների մասին խոսելն ուղղակի անհնարին էր:
Հիմա հարց տանք` ունե՞նք մենք ազգային գրադարան, մենք` ինքներս մեզ գրասեր հռչակած, գրատպության 500-ամյա և գրադարանների 1500-ամյա պատմություն ունեցող հայերս:
Լավ, պահպանության պայմաններն էլ դեռ մի կողմ դնենք: Գոնե գրքերն անմաքուր ձեռքերից հեռու էին: Մինչև 1990-ականների կեսերը, ինչպես ասում են, հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հնատիպ ու հազվագյուտ գրքերի բաժնի կողքով անցնել: Աշխատակիցներն աչքի լույսի պես էին պահպանում գրքերը, ճաղերի հետևում, ու եթե հանրապետության առաջին դեմքն էլ գիրք խնդրեր, չէր ստանա, ստիպված էր գալ ու այստեղ, աշխատակիցների աչալուրջ հայացքի տակ ընթերցել այն: Ազգային գրադարանի ու մանավանդ անձեռնմխելի ֆոնդի աշխատակիցը մարդկային մի տեսակ է, որը տարիների փորձառությամբ է ձևավորվում, սա ուրիշ մշակույթ է: Բայց անցած տարիներին գրադարանում այնպիսի զտումներ տեղի ունեցան, որ գրեթե փորձառու մասնագետ չմնաց, այլապես չէին ընդունվի այնպիսի անհեթեթ որոշումներ, որոնց հետևանքով, ահա, հնարավոր դառնար վերջերս աղմուկ հանած գողությունը: Եվ կասկած չկա, որ խոսքը սոսկ 150 գրքերի մասին չէ, ինչպես հայտարարում են: Սարսափելի է մտածել: Սա արդեն մի սահման է, որից հետո հետևանքներն արդեն անդառնալի են:
Եվ իրավիճակն առավել քան ցավալի է գրատպության 500-ամյակի ու գրքի մայրաքաղաքի հռչակման հետ կապված տոնական թմբուկների աղմուկի տակ:
Վերը նշված «ազգայնացավից» բացի մի «ցավ» էլ նշեմ: Հիմա, եթե այս ամենից հետո ասես, որ մեղքը սոսկ այս կամ այն տնօրենինը չէ, այլ իշխանություններինը, այն էլ ամենաբարձրագույն, քանի որ, եթե գրադարան ասվածի հարգն ու վարկը հասկանային, այսքան անփույթ չէին լինի գրադարանի ղեկավարության ընտրության հարցում և այսքան աչքաթող չէին անի այս հաստատությունը, կասեն` «աբիժնիկ» է կամ ոխերիմ ընդդիմադիր, որ միտումնավոր չի տեսնում այն լավը, ինչ կատարվում է այս երկրում: Եղբայր, ո՛չ ընդդիմադիր եմ, ո՛չ իշխանամետ, շատ լավ հասկանում եմ, որ ամեն ինչ սկսվել է հենց նրանց ժամանակ, ովքեր հիմա ընդդիմադիր են համարվում, և ուզում եմ լավը տեսնել: Ցույց տվեք: Մի՞թե այն, որ գրադարանի ճակատին մինչ օրս դռներ պատրաստող ինչ-որ ընկերության ու արևելյան ինչ-որ խանութի ցուցանակներն են փայլում: Մի՞թե այն, որ ազգային գրադարանի վերանորոգման մասին հիշեցին միայն տասնյակ թանգարաններ ու այլ հաստատություններ վերանորոգելուց հետո (ուրեմն այս հաստատությունը իշխանությունների համար կարևորների շարքում չէր), մի՞թե այն, որ գրադարանների մասին օրենքն այդպես էլ չի ընդունվում, 17 տարի է, ինչ նստաշրջանից նստաշրջան է տեղափոխվում, ու հիմա էլ օրակարգում մի այնպիսի թերի նախագիծ է, որ ավելի լավ է` չընդունեն (մասնագիտական այնպիսի կոպիտ բացթողումներ կան, որ մտածում ես` ոչ մի գրադարանագետի ձեռք չի դիպել): Մի՞թե այն, որ երկրում անկախության տարիներին հարյուրավոր գրադարաններ են փակվել, ու այս գործընթացը վերջ չունի, ամեն տարի դրանց թիվը մի 40-50-ով պակասում է, մի՞թե այն, որ եղածներն էլ արդեն վերապահումով կարող ես գրադարան անվանել, քանի որ չեն համալրվում, և մի՞թե այն, որ դեռ փորձում են այս իրավիճակը ընդունվելիք օրինագծով օրինականացնել:
Այս ամենից հետո հարց է ծագում` բա 500-ամյակը, բա գրքի մայրաքաղաքը, ի՞նչ երեսով են հյուրերին դիմավորելու, ի՞նչ են ասելու, ի՞նչ են ցույց տալու:
Անհանգստանալու առիթ չկա: Ինչ-ինչ, մեր իշխանությունները ցուցադրականության հարցում անգերազանցելի են, ու քանի դեռ ամեն ինչ կորստյան չի մատնվել, կարողանում են անցյալի նվաճումների հաշվին պարզերես դուրս գալ:
Մեր ազգային առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ազգային գրադարանի մի հատվածը ժամանակին զատվել ու առանձին հաստատություն է դարձել` Մատենադարանը, որով միշտ, և ոչ հանիրավի, հպարտացել ենք (ուրիշ երկրներում ձեռագրերը, բնականաբար, ազգային գրադարանի անբաժանելի մասն են, ազգային գրադարանի կազմում): Եվ խորհրդային ժամանակներից ի վեր իշխանությունների ամբողջ ուշադրությունն այս հաստատությունն է խլել` ստվերի տակ թողնելով ազգային գրադարան ինստիտուտի` մի քանի քայլ հեռավորությամբ գտնվող մյուս հատվածը: Այդքան է բավականացրել ուրեմն գրասիրության պաշարը: Հյո՞ւր է գալիս, խնդրեմ, ուրախ-ուրախ տանում են Մատենադարան, ցույց տալիս մեր փառահեղ ձեռագրերն ու պատմում դրանք փրկելու հուզիչ պատմությունները:
Հիմա էլ կանեն: Մեղապարտի գրքերն էլ հենց այնտեղ ցույց կտան, ու, ինչպես ասում են, հարցը կլմննա, իշխանությունների ակտիվում էլ ևս մի թռչնակ կավելանա` հայ մշակույթի «հանրահռչակման» գծով: Ի՞նչ հոգ, թե հայ մշակույթը XVI դարում կանգ չի առել, շարունակվել ու զարգացել է, ի՞նչ հոգ, թե այսուհետև էլ զարգանալու գլխավոր պայմաններից մեկը պատշաճ ազգային գրադարանի և առհասարակ գրադարանային համակարգի ապահովումն է:
Մտածում ես` կարելի՞ է մի Հակոբ Մեղապարտի կամ Ոսկան Երևանցու և կամ մնացած մեծերի հաշվին գրասիրության պսակ դնել ամբողջ ժողովրդի գլխին, և կարելի՞ է մի 10-20 տարվա անհեռատես թե անգետ իշխանավորների պատճառով մի ամբողջ ժողովրդի ճակատին խարան դնել: Դժվար է ասել, ու պատասխանը պիտի մեր հասարակությունը տա, այն էլ այսօր` հիմա, քանի որ հետաձգելու բոլոր ժամկետները սպառված են, քանի որ հասել ենք մի սահմանագծի, որից անդին արդեն անդառնալի փոխակերպումներ են: