Մի կյանք պայքար` ստեղծագործելու հնարավորության համար

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 20, 2012 13:00

Գլխավոր մուտքից ներս ես մտնում ու կարծես թե հայտնվում պատկերասրահում` աջում արվեստանոցն է` նկարներով ու էսքիզներով, տան մյուս սենյակներն էլ արվեստանոցից քիչ են տարբերվում. ամենուրեք նկարներ, քանդակներ, անգամ կենցաղային իրերին է շունչ հաղորդված:  Մի անկյունում  էլ դաշնամուրն է:

Դժվար չէ գլխի ընկնել, որ արվեստագետների բնակարանում ես:

Գեղանկարիչ Արամայիս Խլղաթյանն իր ամենամեծ  ստեղծագործությունը համարում է իր ընտանիքը, իր երեխաները. «Հոգ եմ տարել, որ ամեն մեկը լինի յուրահատուկ անհատականություն, լավ մարդ,  ստեղծել եմ կենդանի կտավ»:

Խլղաթյանն իր  հինգ երեխաներին տված խորհուրդներից հատկապես կարևորում է մեկը. «Ամեն ինչ անել կատարյալ, ըմբռնել էությունը, ոչինչ չանել պարզապես անելու համար»:

Նկարիչների միության  անդամ, 57-ամյա Արամայիս Խլղաթյանին Մարտունիում շատերը գիտեն` նկարիչ է: Սակայն նրա ստեղծագործություններից թվարկել չեն կարող. ծանոթ չեն գործերին:

Խլղաթյանը դեռ մանուկ հասակից հակում ուներ դեպի արվեստը, նկարչությունը: Դպրոցն ավարտելուց հետո դիմում է թատերական ինստիտուտ, բայց չի ընդունվում: Բանակում ծառայելու տարիներին սկսում է ակտիվ ստեղծագործել: Իսկ զորացրվելուց հետո ընդունվում է Թերլեմեզյանի անվան ուսումնարան: Ավարտելուց հետո կարող էր մնալ մայրաքաղաքում, որտեղ անհամեմատ հարթ կընթանար նկարչի ուղին: Սակայն վերադառնում է հայրենի բնակավայր` Մարտունի, որպեսզի կյանքի կոչի իր երազանքները` մարտունեցիներին արվեստի հետ առնչվելու հնարավորություն տալով: Երկու այլ նկարիչների հետ Մարտունիում հիմնում է գեղարվեստի դպրոց, որտեղ մինչ օրս էլ դասավանդում է:

Գեղարվեստի դպրոցը, ըստ նկարչի, նախկինում երեխաների տաղանդը բացահայտելու  և ուղղորդելու հնարավորություն ուներ, բայց հիմա` ոչ, և պատճառը կրթական ծրագրերն են.«Երեխան սիրուն նկար է տեսնում ու ուզում է նկարել, գալիս է նկարչական դպրոց, դեմ առնում ոչ համապատասխան կրթական ծրագրի և մասնագետների, բարդ պրոցեսից հիասթափվում է ու հեռանում: 1-2-րդ դասարաններում տաղանդավոր և ունակ երեխաներ շատ կան` ոգևորված նկարչությամբ, բայց արդեն 3-4-րդ դասարանում հիասթափությունն է տիրում»:

Երբ երիտասարդ Արամայիսը հայրենի բնակավայր վերադարձավ, մտածում էր հիմնել նաև վերնատան պես  կենտրոն` հավաքատեղի արվեստագետների և արվեստասեր հասարակության համար:  Սակայն սոցիալական խնդիրները արվեստագետի  ծրագրերը երկրորդ պլան են մղում: «Ընտանիք կազմեցի, խանգարեց, սոցիալական պայմաններն արդեն բավարար չէին: Բոլոր արվեստագետներն էլ, եթե դեպի արվեստ են գնում, միշտ սոցիալական խնդիրներ են ունենում ընտանիքում»:

Արամայիս Խլղաթյանի որդու աշխատանքներից

Ընտանիքի կարիքները բավարարելու համար սկսում է գերեզմանաքարերի վրա նկարներ դաջել,պատվերով արտանկարներ անել ու աստիճանաբար թողնում է ստեղծագործական աշխատանքը:

Նրան հասկանում ու սատարում է երկրորդ կինը` տիկին Սաթենիկը, որի ամենասիրելի զբաղմունքն ամուսնու ստեղծագործական գործունեությանը հետևելն է. «Սկզբում  դժվար էր, արվեստի հետ քիչ էի շփվել, ու այդ միջավայրը խորթ էր: Հետո աստիճանաբար արվեստի աշխարհում ապրելն  ինձ համար դարձավ հաճելի ու սիրելի:  Ամուսինս ժամերով նկարում էր, ես էլ նստում ու հիացած նայում էի: Ինձ համար դարձավ հոբբի ամուսնուս ստեղծագործական պրոցեսին հետևելը: Այնքան սիրեցի, որ ուզում էի միշտ ստեղծագործեր, տանը որևէ գործով չզբաղվեր, նրա տնային  հոգսն անգամ  վերցրեցի իմ ուսերին»:

«Սոցիալական խնդիրը շատ է խանգարում արվեստագետին: Եթե զբաղվեմ զուտ ստեղծագործական աշխատանքով, ընտանիք պահել չեմ կարողանա: Հիմա իմ երեխաները ուսանող են, իսկ ուսանող պահելը բարդ բան է,- ասում է Խլղաթյանը:- Ընտանիք պահելու համար ստիպված կոպիաներ եմ անում, պատվերներով եմ նկարում: Դա արվեստից հեռու է»:

Խլղաթյանը պատմում է, որ իրական արվեստը գնահատողները քիչ են. պատահում է, որ հյուրերը, հաճախորդները նայում են կտավները, երբեմն հիանում, վերջում էլ խնդրում նվիրել իրենց: Արվեստը չեն համարում ընտանիք պահելու միջոց արվեստագետի համար: «Շատերը հեռանում են երկրից,- ասում է նկարիչը:-  Մնացել է այն մասը, որ արդեն արվեստի առևտրով է զբաղվում, ինչպես ես, կամ էլ նկարչությամբ չի զբաղվում»:

Խլղաթյանը, սակայն, հույս ունի, որ երբ երեխաներն անկախ լինեն, իր հոգսը կթեթևանա, և արդեն իր գաղափարները կյանքի կկոչի: «Եթե մարդիկ մի քանի անգամ մեր մասին լսեն, ցուցահանդեսներում  տեսնեն, արդեն ինքնըստինքյան կգան արվեստանոց: Շատերը կգան, բայց կզտվեն ու կմնան իսկական արվեստասերները, կմնան մարդիկ, որոնց համար դա կդառնա հոգևոր սննդի վայր, կուզենան աշխատանքային օրվա վերջում լիցքաթափվել ու ժամանակ անցկացնել: Այդպես ինքնըստինքյան վերնատան հիմքը կդրվի»:

Նա  չի բացառում, որ հետո  իրենց կմիանան նաև  այլ արվեստագետներ` երաժիշտներ, նկարիչներ, այլ ստեղծագործողներ: «Դա շատ մեծ նշանակություն ունի ժողովրդի համար: Մշակութային կյանքը հիմա մեռած է, դա առիթ կլինի զարկ տալու մշակութային կյանքին, արժեքների ընկալմանը»:

Խլղաթյանը նշում է,  որ խնդիրները լուծելն ավելի հեշտ կլինի, եթե արվեստը գնահատող մեծահարուստներն օգնեն: Սակայն նաև հավելում է, որ հովանավոր գտնելը բարդ գործ է.  իր փորձով գիտի:

Երկու տարի առաջ նկարիչը Մարտունիում քանդակագործների սիմպոզիում անցկացնելու գաղափար հղացավ. ընկերները պատրաստ էին մեկ ամիս անվարձահատույց Մարտունիում աշխատել ու քարերին  հաղորդել իրենց մտքերը: Միայն պետք էր լուծել ստեղծագործողների կացության և սննդի հարցը:

«Գաղափարը` գաղափար, սակայն այն ո՛չ գնահատող եղավ, ո՛չ էլ ֆինանսավորող: Մի 15-20 քարից գոնե մի 4-5 հատ շատ լավ գործ կստեղծվեր, դրանք կարող էին քաղաքի փողոցները զարդարել, անշուք քաղաքին դիմագիծ տալ, մարդիկ էլ կնայեին, արվեստին կհաղորդակցվեին,- ասում է Խլղաթյանը:- Թե չէ հիմա աղբամաններն ու դրանցից քամու հետ տարածվող աղբն են քաղաքի դեմքը»:

Նկարիչն ասում է, որ ի սկզբանե գիտեր, որ հասկացված չի լինելու, իր պայքարի ուղին գիտակցաբար է ընտրել և չի զղջում:

Չնայած որպես արվեստագետ դժվարություններ է ունեցել, սակայն  դեմ չի եղել, որ երեխաներն էլ ընտրեն այդ ուղին. տղան և հարսը նկարիչ են, աղջիկն էլի լավ նկարում է, սակայն նաև հոգեբանություն է ուսումնասիրում, իսկ մի տղան երաժիշտ է:

«Բարեկեցիկ ու շքեղ կյանքը ժամանակավոր է, իսկ արվեստը և մշակույթը հավերժ են: Ինձ թույլ չեմ տվել այդ սխալը, որ երեխաներիս կտրեմ իրենց էությունից:  Կգա մի օր, երբ պետությունն էլ կկարգավորվի, արվեստագետն էլ գնահատված կլինի»:

Դիտվել է 1894 անգամ:
Print Friendly

Leave a Reply