Չխոսող չկա, լավ խոսեցնող է պետք

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | March 15, 2012 13:00

Դատարանը քննեց վարչական գործը, որով «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» պահանջում էր պարտավորեցնել «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ին` «Անկախ» շաբաթաթերթին տրամադրել որոշակի ինֆորմացիա:

2011 թ. նոյեմբերի 11-ին  «Անկախ» շաբաթաթերթը դիմել էր «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ին` խնդրելով տեղեկություններ ՈւՎԿ-ի կողմից ֆինանսավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց և ֆինանսավորման չափերի մասին: «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ն մերժել էր` հայտնելով, որ պահանջվող տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք: Նշենք, որ 11.11.2011 թ.  գրությամբ խնդրված տեղեկությունները վերաբերել են պետական միջոցներից տրամադրված ֆինանսավորմանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) «Անկախ» շաբաթաթերթին տեղեկություն ստանալու հարցում օգնելու համար 2011 թ. նոյեմբերի 22-ին գրավոր հարցում էր կատարել «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Բադալյանին` նշելով, որ պահանջվող տեղեկությունները վերաբերում են պետական միջոցներին, և խնդրել էր տրամադրել հետևյալ տեղեկությունները.

«ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ստեղծման օրվանից մինչև վերջին ամփոփման օրն ընկած ժամանակահատվածում քանի՞ իրավաբանական և ֆիզիկական անձի է ֆինանսավորել «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ին տրամադրված պետական միջոցներից: Որո՞նք են այդ իրավաբանական և ֆիզիկական անձինք (նշել ամբողջական անունները): «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ-ին տրամադրված պետական միջոցներից որքա՞ն միջոցներ են հատկացվել յուրաքանչյուր իրավաբանական և ֆիզիկական անձին:

ՈւՎԿ-ն ներկայացրել է մասնակի պատասխան. հղում է կատարել առևտրային գաղտնիքին (բանկային գաղտնիք)` առանց մանրամասնելու, թե կոնկրետ որ ՀՀ օրենքի դրույթով է ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունը համարվում գաղտնիք:

Ուստի 2011 թ. դեկտեմբերի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով պարտավորեցնել «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաև վարկային կազմակերպության տնօրենին ենթարկել վարչական պատասխանատվության` 50.000 ՀՀ դրամի չափով:

Դատական առաջին նիստը տեղի ունեցավ 2012 թ. փետրվարի 27-ին:

«Ներկա էր նաև պատասխանող կողմը, որի ներկայացուցիչներն ասում էին, որ իրենք պահանջվող տեղեկությունները չեն կարող տրամադրել, քանի որ գաղտնի ինֆորմացիա է, և հղում էին անում «Բանկային գաղտնիքի մասին» և «Առևտրային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներին: Ասում եմ` խնդրում եմ պարզաբանել, թե կոնկրետ որ հոդվածի որ կետով է այդ ինֆորմացիան համարվում գաղտնիք: Պատասխանում են` քանի որ այդ ինֆորմացիան վերաբերում է մեր հաճախորդների առևտրային գործունեությանը, դրանով կարող են բացահայտվել այդ կազմակերպություններին վերաբերող ինչ-ինչ գաղտնիքներ»,- ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Աշոտ Վարելջյանը:

Նախնական դատական նիստի ժամանակ ԻԱԿ փաստաբանը  պնդեց հայցապահանջը, և գործը մտավ դատաքննության փուլ: Մարտի 2-ին կայացած դատական նիստի ժամանակ դատաքննությունն ավարտվեց:

«Հիմա  ես պնդում եմ, որ մենք նրանց գործունեության, հաշիվների ու այլ մանրամասների վերաբերյալ նրանցից ոչ մի ինֆորմացիա չենք պահանջում: Մենք ասում ենք` տեղեկացրեք, թե դուք` «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ, որ ֆինանսավորվել եք պետբյուջեից, այդ միջոցներից որ կազմակերպությանը ինչքան միջոցներ եք հատկացրել: Մենք չենք հարցնում, թե նրանք այդ գումարներն ինչի վրա են ծախսել, ինչ են արել, ինչու են արել»,- նշեց Աշոտ Վարելջյանը:

Իրավաբանի կարծիքով` դատարանը պետք է որ հայցը բավարարի: Համենայն դեպս,  լավատես է: Բայց  և պատմեց իր տպավորությունները դատական նիստից, որի ընթացքում դատավորը մի քանի ուղղորդող հարցեր է ուղղել պատասխանող կողմին, որոնք կասկածի տեղիք են տվել. «Սկսեցի մտածել, որ հայցը կարող է մերժվել: Դա, կրկնում եմ, դատելով դատավորի պահվածքից: Ի վերջո, մինչև վճիռը չեմ կարող ինչ-որ կոնկրետ բան ասել: Բայց մեր օրենսդրական պահանջը հիմնավոր է»:

Դատարանի վճիռը կհրապարակվի մարտի 15-ին:

 

 

 

Դիտվել է 1735 անգամ:
Print Friendly

Leave a Reply