Այրոցք. պատճառները և բուժումը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 17, 2012 14:00

Թերևս չկա մեկը, որին ծանոթ չլինի այրոցքը, այդ տհաճ զգացումը, ոը չգիտես որտեղից է սկիզբ առնում` կրծքավանդակից, ստամոքսից, կերակրափողից թե ինչ-որ այլ տեղից:

Ի՞նչ է այրոցքը, ինչո՞ւ է առաջանում: Հասկանալու համար փորձենք պարզել, թե այրոցքի ժամանակ ինչ է կատարվում մեր օրգանիզմում:

Այրոցքն առաջանում  է  այն  դեպքում, երբ ստամոքսահյութի թթուն հայտնվում է կերակրափողի լորձաթաղանթի վրա: Ստամոքսահյութի բաղադրության մեջ աղաթթու կա, որի ազդեցությունը կերակրափողի լորձաթաղանթի վրա առաջացնում է այրոցքի զգացողություն:

Ժամանակ առ ժամանակ այրոցք կարող է ունենալ լիակատար առողջ մարդը սխալ սնվելու, չոր սննդի  կամ կծու  կերակրի ազդեցությամբ: Իսկ եթե   այրոցքի երևույթները հաճախակի են, ապա պետք է հետազոտվել, քանի որ հնարավոր է` այն լուրջ հիվանդության ազդանշան լինի:

Հաճախ այրոցքը կարող է կապված լինել մարսողական տրակտի հիվանդությունների հետ, ասենք` քրոնիկ գաստրիտի, ստամոքսի  կամ տասներկումատնյա աղիքի խոցի, քրոնիկ խոլեցիստիտի ու  մարսողական համակարգի մի շարք այլ հիվանդությունների: Սակայն երբեմն այրոցքի զգացումը կարող է նաև սրտային հիվանդության մասին խոսել: Այդպես է իրեն զգացնել տալիս ստենոկարդիան և նույնիսկ միոկարդի ինֆարկտը: Սակայն այրոցքի իրական պատճառը կարող է որոշել միայն ու միայն մասնագետը: Եթե պարբերաբար անհանգստացնող  այրոցքի նոպաներն ուղեկցվում են ընդհանուր վատ ինքնազգացողոթյամբ, ապա հապաղել չի կարելի, շտապ դիմեք բժշկի:

Ինչպե՞ս կարելի է տնային պայմաններում ազատվել այրոցքից

Եթե այրոցքը պարբերական բնույթ չունի, ապա անհանգստանալու պատճառ չունեք, բայց արժե ուշադրություն դարձնել օրվա սննդակարգին: Փորձեք հնարավորինս սնվել առողջ սնունդով, քչացրեք յուղոտ, ապխտած  սնունդը և կծուն: Հրաժարվեք արագ սննդից, ծխախոտից ու սպիրտային թունդ խմիչքներից, որոնք ուշ թե շուտ ի վերջո հանգեցնում են ստամոքսի հիվանդության, հետևաբար և այրոցքի: Սթրեսը` մեր կյանքի «անբաժան ուղեկիցը», նույնպես կարող է այրոցք առաջացնել:

Արդյունավետ է հետևյալ միջոցը. ուտելուց  5-10 րոպե հետո  1 թեյի գդալ զեյթունի ձեթ կուլ տվեք, նույնը կարելի է անել նաև առավոտյան, քաղցած ստամոքսին:

Ոմանց օգնում է կաթը, մյուսներին` հիդրոկարբոնացված հանքային ջուրը:

Արդյունավետ է վարսակի 3-5 հատիկը մի քանի րոպե ծամելը, ապա կուլ տալը:

Օգնում է սոդայի թույլ լուծույթը, որը չի կարելի չարաշահել: Բայց քանի որ արդյունքն անմիջապես  զգացվում է, սոդայաջուրն ամենատարածված միջոցն է մեզանում: Սակայն չարժե մոռանալ, որ չարաշահումը կարող է ընդամենը խորացնել խնդիրը:

Անկախ այն հանգամանքից, թե որքան հաճախ է այրոցքը մեզ տանջում, այդ տհաճ երևույթի դեմ պայքարը մեզանից պահանջում է կենսակերպի փոփոխություն: Կարող է անհեթեթ թվալ, բայց քիչ դեր չունի նաև մեր կրած հագուստը:

Ուրեմն թվարկենք այրոցքից ազատվելու նախապայմանները:

Կերե՛ք չափավոր

Մեծ կերաբաժինը (ձեզ համար) կարող է այրոցք հրահրել: Երբ շատ ենք ուտում, ստամոքսը կերակրափողից տարանջատող հատվածը թուլանում է`  այդպիսով հնարավորություն տալով ստամոքսահյութի թթվին ընկնելու կերակրափողի հիմնային միջավայր: Ուստի ճոխ նախաճաշի, ճաշի ու ընթրիքի  փոխարեն կերեք հաճախ ու փոքր չափաբաժիններով (ի դեպ, քնից առաջ ուշ ընթրիքը նույնպես կարող է այրոցք առաջացնել): Հաճախակի այրոցքները խոսում են բարձր թթվայնության մասին: Երբեմն այրոցք է առաջանում նաև դիաֆրագմայի ճողվածքի, գաստրիտի, խոցի   հետևանքով:

Տապակած սնունդը` քիչ

Գոյություն ունի սննդամթերքների որոշակի խումբ, որը կարող է ուժգնացնել այրոցքը: Դրանց մեջ մեծ քանակությամբ համեմունքներով մթերքն է, կարմիր յուղոտ միսը, ցիտրուսները, հում սոխը, սխտորը, լոլիկը, կարագը, դաղձը, շոկոլադը, սուրճը, քաղցրավենիքը, գազավորված ըմպելիքները: Եթե այրոցքի զգացում հաճախ եք ունենում, ուրեմն նվազագույնի հասցրեք թվարկված մթերքների կիրառումը:

Ալկոհոլը` քիչ

Ալկոհոլային խմիչքների պարբերաբար կիրառումը այրոցքի հակում ունեցողների համար լավագույն ընտրություն չէ: Ժամանակին կատարված հետազոտություններով ապացուցվել է, որ պարբերաբար ալկոհոլ օգտագործողների մոտ այրոցքի երևույթն ավելի հաճախ է հանդիպում:

Այրոցքը քաշը նվազեցնելու լրացուցիչ առիթ է

Ավելորդ քաշն էլ կարող է առաջացնել այրոցք: 2003-ին հետազոտություններ են կատարվել, որոնցով ապացուցվել է մարմնի քաշի ու այրոցքի առաջացման փոխկապակցության  հավանականությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ գեր մարդիկ 3 անգամ ավելի շատ են հակված այրոցքի, քան նորմալ քաշ ունեցողները:
Այս երևույթը լրիվ բացատրել դեռևս չի հաջողվել, սակայն փաստ է, որ որովայնի շրջանի ճարպը ճնշում է գործադրում ներքին օրգանների վրա, հաջորդ մեկնաբանությունն այն է, որ գիրացման դեպքում օրգանիզմում քիմիական ու հորմոնալ փոփոխություններ են կատարվում, որոնք նույնպես կարող են այրոցքի առաջացման մեխանիզմի խթան դառնալ:

Կիպ հագուստ մի՛  հագեք

Այո, կիպ հագուստը նույնկերպ է ազդում օրգանիզմի վրա, ինչպես ճարպը: Նեղ հագուստը սեղմում է աղիքները, ու թթուն հետ է գնում,  բարձրանում դեպի կերակրափող:

Քնեք բարձով

Հարց է ծագում` ի՞նչ կապ ունի բարձն այրոցքի հետ: Բայց արի ու տես, որ իրանի հորիզոնական դիրքը` հատկապես ճոխ ընթրիքից հետո, այրոցքի ամենահարմար ուղին է: Խուսափեք քնելուց անմիջապես առաջ ուտելուց (այրոցքը սովորաբար առաջանում է ուտելուց մեկ ժամ անց) ու անպայման  քնեք բարձով, որ գլուխը ստամոքսի մակարդակից վեր լինի:

Հրաժարվեք ծխախոտից

Այն վնասում է սիրտն ու թոքերը: Իսկ դրանք էլ իրենց հերթին բացասական հետևանք են ունենում մարսողական համակարգի վրա: Նիկոտինը նույն ազդեցությունն է ունենում, ինչ ալկոհոլը:

Ծխելը ստիպում է , որ լեղին բարակ աղիքից տեղափոխվի ստամոքս, կրճատի թքարտադրությունը (չէ՞ որ թուքն օգնում է կերակրափողից լվանալ թթուն, բացի այդ, թքի մեջ թթուն չեզոքացնող բնական միջոց` երկկարբոնատ կա):

Եթե այրոցքը գաստրիտի, ստամոքսի խոցի հետևանք է, ապա կարելի է օրական 3-4 անգամ քառորդ բաժակ հում կարտոֆիլի հյութ խմել, մոտ 3 շաբաթ: Տվյալ միջոցը կիրառվում է ուտելուց 20 րոպե առաջ:

Բարերար ազդեցություն է ունենում մաղադանոսի թուրմը: Պատրաստելու համար հարկավոր է ընդամենը 2 թեյի գդալ մանրացրած արմատ, որի վրա եռման ջուր է լցվում: Թրմել կես ժամ, ապա խմել 0,5 բաժակ` օրական 3 անգամ:

Կարելի է նաև վուշի սերմերի թուրմ պատրաստել. 2 թեյի գդալ սերմի վրա մեկ բաժակ եռացրած ջուր լցնել, թրմել 3 ժամ: Քամել, ապա խմել 0,5 բաժակ քնից առաջ, այն դեպքում, եթե այրոցքն անհանգստացնում է քնից առաջ:

Դիտվել է 10238 անգամ:
Print Friendly

Leave a Reply