Ինչո՞ւ են մեր հավաքականն անվանում «բրոնզե»

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 20, 2012 7:00

Մարզասերներին տեղյակ ենք պահել, թե ովքեր են Հայաստանին  ժամանակակից օլիմպիական խաղերում 17 ոսկե և 14 արծաթե մեդալ բերել: Սակայն ունենք նաև  15 բրոնզե մեդալակիրներ: Օլիմպիական խաղերի պատվո պատվանդան բարձրացած այս մարզիկները նույնպես ամենայն գովեստի են արժանի:

Ի դեպ, 2008-ին Պեկինում կայացած նախորդ օլիմպիական խաղերից հետո մեր երկրի հավաքականն անվանում են «բրոնզե»: Իրականությունն այն է, որ Հայաստանից 6 մարզիկ էր մեդալակիր դարձել, և բոլորն էլ տիրացել էին բրոնզե պարգևների: Աչքի էին ընկել ծանրորդներ Գևորգ Դավթյանը, Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը, Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը, Յուրի Պատրիկեևը, բռնցքամարտիկ Հրաչյա Ջավախյանը: Ընդ որում, այդ մարզիկները կարող են մեդալներ բերել մեր երկրի պատվիրակությանը նաև 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում, սակայն մինչև այդ պետք է օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունք տվող ուղեգրերի արժանանալ:

Ինչպես հայտնի է, Հայաստանի ծանրորդներն արդեն  4 ուղեգիր ունեն, սակայն   Անգլիա մեկնողների խումբը որոշվելու է միայն օլիմպիական խաղերից առաջ: Ինչ վերաբերում է Ամոյանին, Պատրիկեևին և Ջավախյանին, ապա բոլորի հետ էլ մեծ հույսեր են կապում և հավատում, որ նրանք  վարկանիշային առաջիկա մրցաշարերում կլուծեն առաջադրանքը և ուղեգրերի կտիրանան:

Իսկ օլիմպիական խաղերի մեր երկրի առաջին բրոնզե մեդալակիրը խոցասուսերակիր Վալենտին Չեռնիկովն է, որը 1960-ին Հռոմում կայացած օլիմպիական խաղերում, հանդես գալով ԽՍՀՄ հավաքականի կազմում, բարձրացել է պատվո պատվանդան:

Ի դեպ, համեմատաբար շատ են բրոնզե պարգևի տիրացած մեր ֆուտբոլիստները, որոնք նույնպես  հանդես են եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում և մեդալակիր դարձել թիմային մրցումներում: Արկադի Անդրեասյանին և Հովհաննես Զանազանյանին հաջողությունն ուղեկից է եղել 1972-ին Մյունխենում, իսկ Խորեն Հովհաննիսյանին` 1980-ին Մոսկվայում կազմակերպված խաղերում: Մականորդ Սոս Հայրապետյանն էլ  վերջին ստուգատեսում  է նույն պատվին  արժանացել և դարձյալ ԽՍՀՄ թիմի կազմում: Իսկ ահա, ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանը Մոսկվայում աչքի է ընկել անհատական մրցումներում:  Բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանն էլ մեդալակիր է դարձել 1976-ին, Վանկուվերում: Ծանրորդ Արսեն Մելիքյանը 2000-ին Սիդնեյում կայացած օլիմպիական խաղերում է  մրցանակի տիրացել: Ի դեպ, այդ ստուգատեսում  բրոնզե մեդալի էր արժանացել նաև մեր մեկ այլ ծանրորդ` Աշոտ  Դանիելյանը, բայց հետո որակազրկվել է արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար և մեդալը վերադարձրել է:

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply