Խնդիրներ հայկական ռեգբիում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 18, 2012 7:00

Վերջին շրջանում խոսակցությունները շատ են, թե ռեգբին կարող է ընդգրկվել օլիմպիական խաղերի ծրագրում: Թե ինչքանով է դա հավանական, խնդրեցինք պարզաբանել Հայաստանի ռեգբիի ֆեդերացիայի նախագահ, մեր երկրի հավաքական թիմերի նախապատրաստության Երևանի կենտրոնի տնօրեն Յուրա Բեգլարյանին:

– Այս տարի Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում կազմակերպվելու է Ռեգբիի ցուցադրական մրցաշար: Իսկ 2016-ից արդեն ռեգբին դառնալու է օլիմպիական մարզաձև: Ընդ որում,  խաղերին մասնակցելու են 12-ական տղամարդկանց և կանանց թիմեր: Այսինքն` մրցաշարերն այնքան էլ մասշտաբային չեն լինելու, ինչպես, ասենք` ֆուտբոլում է: Ի դեպ, կազմակերպվելու են «Ռեգբի 7» մրցաձևի խաղեր: Այսինքն, թիմերի խաղացողների թիվն էլ է կրճատվելու: Ինչպես հայտնի է, դասական ռեգբիում ամեն մի թիմի կազմում 15 խաղացող է: Հույսն այն է, որ օլիմպիական այս խաղերից հետո մեր երկրում էլ ռեգբիի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի, ուշադրությունը կմեծանա:

– Ի՞նչ նկատի ունեք:

– Բանն այն է, որ աջակցության կարգով Հայաստանի ռեգբիի ֆեդերացիային տարեկան հատկացվում է 5 մլն դրամ, որն անբավարար է աշխատանքները կազմակերպելու համար: Այդ միջոցներով հնարավոր է միայն պատանիների և երիտասարդների առաջնություններ անցկացնել: Եթե հաշվի առնենք, որ նաև մեծահասակների թիմերի առաջնություններ ենք կազմակերպում,  և գլխավորը` Հայաստանի հավաքականը խաղում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ու ոչ միայն տանը հյուրընկալում է մրցակիցներին, այլև մրցում է տարբեր երկրներում, ապա պարզ կդառնա, թե ինչքան դժվար է: Ի դեպ, ամեն ազգային հավաքականի կազմում շուրջ 25 մարդ է: Մինչդեռ պետք է բոլորին հավուր պատշաճի ընդունել, վերջում էլ համընդհանուր տոնախմբություն կազմակերպել: Թեև առաջին հայացքից ռեգբին կոպիտ խաղ է երևում, բայց իրականում այդպիսին չէ: Նաև չգրված օրենք է, որ հանդիպումներից հետո երկու թիմերի խաղացողները միասին ճաշկերույթի են մասնակցում և իրար մտերմաբար հրաժեշտ տալիս: Հայաստանի հավաքականը հանդես է գալիս A խմբի երկրորդ գոտում: Մեր երկրի տարբեր տարիքային խմբերի առաջնությունները սկսում ենք ապրիլից, քանի որ այդ շրջանում են կայանում նաև եվրոպական ստուգատեսի հանդիպումները: Հայաստանի առաջնությունների խաղերը կազմակերպվում են Աշտարակի և Արտաշատի մարզադաշտերում: Ռեգբիում  անհրաժեշտ է  նաև որոշ տարածք դարպասների ետնամասում: Այդ է պատճառը, որ խաղերի համար պիտանի են ոչ բոլոր, թերևս միայն խորհրդային ժամանակներում կառուցված մարզադաշտերը, որոնք ավելի ընդարձակ են: Իսկ Հայաստանի հավաքականը մրցակիցներին հյուրընկալում է Աբովյանի քաղաքային մարզադաշտում:

– Ո՞ր երկրների հավաքականներն են մերոնց մրցակիցները:

– Միանգամից ներկայացնեմ  առաջիկա հանդիպումերի խաղացանկը: Ապրիլի 7-ին մեր թիմն արտագնա մրցամարտ է անցկացնելու Անդորրայում. խաղալու ենք տեղի ընտրանու հետ: Ապրիլի 14-ն Հայաստանի թիմը հյուրընկալելու է Շվեյցարիայի ներկայացուցիչներին: Ապրիլի 28-ին կայանալու է Հայաստան-Սերբիա հանդիպումը, իսկ մայիսի 12-ին մերոնք դրսում ուժերն են չափելու Սլովենիայի հավաքականի հետ:

– Ո՞վ է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչըովքե՞ր են խաղում մեր թիմի կազմում:

– Նախկինում  Հայաստանի հավաքականի պատիվը պաշտպանել են արտասահմանյան տարբեր երկրներում, հիմնականում Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցները: Ընդ որում, քիչ չեն բարձրակարգ խաղացողները: Սակայն այս անգամ արդեն մեր թիմի կազմում լինելու է նաև  Հայաստանում մարզվող և մրցելույթներ ունեցող 7 խաղացող: Դա վկայում է, որ մեր երկրում ռեգբին աստիճանաբար արթնանում է նիրհից, վերականգնվում են ավանդույթները:

– Հայաստանում խաղացող ռեգբիստները միջազգային հանդիպումների մասնակցելու փորձ ունե՞ն:

– «Ուռենի» ակումբի ներկայացուցիչներն աշնանը մեկնեցին Դուբայ և մասնակցեցին միջազգային ներկայացուցչական մրցաշարի: Պարբերաբար մերոնք Վրաստան են այցելում  և այդ երկրի ներկայացուցիչների հետ համատեղ մարզումներ ու ընկերական հանդիպումներ անցկացնում: Վրաստանում ռեգբին  առաջվա պես բարձր մակարդակի վրա է:

– Ֆրանսիայից շա՞տ են մեր այն հայրենակիցները, որոնք պատրաստակամություն են հայտնել հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո:

– 27 մարզիկ է հայտ ներկայացրել: Ինչ-որ առումով ձեռնտու է, որ կա այդ հնարավորությունը, քանի որ  ֆինանսական ծախսերը թեթևանում են: Մեր հայրենակիցիներին մնում է միայն  հասնել համապատասխան երկիր: Այդ ծախսերն էլ մեր ֆեդերացիան է կատարում: Մնացած ծախսերը խաղերի կազմակերպիչներն  են հոգում: Այդուհանդերձ, մեծ փողեր չեն պահանջվում, օրինակ` որպեսզի մերոնք խաղալու համար Ֆրանսիայից Անդորրա հասնեն և այլն: Այժմ էլ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լորեն Հայրապետյանի հետ փորձում ենք հստակեցնել  թիմի կազմը: Նա նույնպես բնակվում է Ֆրանսիայում: «Ռեգբի 15»-ի հավաքականում պետք է ընդգրկվի  25 խաղացող: Նրանցից 10-ը պահեստայիններ են:

– Մասնագետների հարցն ինչպե՞ս է լուծվում:

– Արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները շատ են օգնում: Ֆեդերացիան հովանավորներ էլ ունի: Մասնավորապես,  Աշտարակի «Ուռենի» ակումբին օգնողները քիչ չեն: Աշտարակի  մարզադաշտի ղեկավարությունն էլ ամեն կերպ աջակցություն է ցուցաբերում: Տարբեր տարիքային խմբերի Հայաստանի առաջնություններին նվազագույնը 4-ական թիմեր են մասնակցում: Ընդ որում, տարբեր մարզադաշտերում են թիմերը խաղում: Դա  նպաստում է մարզաձևի տարածմանը: Ռեգբին սիրված է նաև Արտաշատում, Երևանում: Մարզաձևը զարգանում է ակումբներում: Ցավոք, ձգձգվում է մարզադպրոցներում  ռեգբիի խմբեր  հիմնելու հարցը:

– Իսկ ինչո՞ւ է հարցը սառեցվում:

– Վերջին շրջանում հաճախակի են Հայաստանի մարզական կառույցի ղեկավարները փոխվում: Մինչև պայմանավորվում ենք, ծրագրեր ենք կազմում, մյուս ղեկավարն է գալիս: Ստիպված ենք լինում աշխատանքը սկսել սկզբից: Որպես կանոն, ղեկավարներն այս հարցին ըմբռնումով են մոտենում, սակայն չեն թաքցնում, որ խնդիրներ կան և մի քիչ պետք է սպասել: Ի դեպ, հույս ունեինք, որ տարբեր մարզաձևերի ֆեդերացիաներին աջակցության կարգով  տրամադրվող փողերն ավելանալու են, սակայն այնպես է ստացվել, որ այս հարցում առաջընթաց չկա: Բայց լավ է, որ արդեն ռեգբին պետական աջակցություն ունի, օլիմպիական մարզաձև դառնալուց հետո էլ արդեն նոր քայլեր ձեռնարկելու պահանջն անխուսափելի կդառնա: Այնպես որ լավատեսորեն ենք տրամադրված:

 

Դիտվել է 1794 անգամ:
Print Friendly

Leave a Reply