Իրանի իսլամական հեղափոխությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 17, 2012 7:00

Փետրվարին լրացավ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 32, և հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը:

Իրանն իր աշխարհագրական դիրքով և բնական պաշարներով միշտ գրավիչ է եղել Արևմուտքի համար, և արևմտյան երկրներն ամեն ինչ արել և անում են, որպեսզի իրենց ազդեցության տակ պահեն այդ հարուստ երկիրը:

1941 թ. Իրանում խորհրդային և անգլիական զորքերի միջամտությամբ գահ բարձրացավ շահ Մուհամմադ-Ռեզա Փահլավին:

Իրանական ժողովուրդը դեռ 1953 թ. փորձեց տապալել Արևմուտքի ձեռքին խաղալիք դարձած շահական իշխանությունը, սակայն այդ փորձն անհաջողության մատնվեց: Իսկ ամերիկյան ազդեցությունը Իրանի և կառավարող շահական իշխանության վրա ավելի մեծացավ: Իրանը դարձավ «ամերիկյան կցորդ» Արևելքում` մեծապես կախված լինելով ամերիկյան տնտեսությունից ու զինուժից: Սակայն ամերիկա-իրանական համագործակցությունը մեծապես կայանում էր իրանական նավթի արդյունահանմամբ:

Ամերիկյան կապիտալի ներգրավվածությունը Իրանի տնտեսությունում որևէ էական դրական փոփոխություն չմտցրին այդ երկրի ներքին կյանքում: Դեռ 1979 թ. Իրանի 66 հազար գյուղական բնակավայրերից 63000-ը զուրկ էին էլեկտրականությունից և ջրմուղից: Իսկ ամերիկյան ներդրումներից բացառապես շահում էր շահի ընտանիքը: Երկրի խոշոր բանկերի և արդյունաբերական գործարանների բաժնետերերը շահական ընտանիքների ներկայացուցիչներն էին:

Երկրի տնտեսությունը բևեռացած էր, մեծ էր գործազուրկների թիվը, Իրանը քանի գնում, հայտնվում էր սոցիալական ճգնաժամի և արտասահմանյան կապիտալից կախվածության մեջ:

Նման պայմաններում աճում էին նաև իշխող հասարակարգի դեմ ըմբոստության դեպքերը: Ձևավորվեց Ազգային ճակատը, որն իր մեջ համախմբել էր մտավորականներ, հոգևոր գործիչներ, արվեստի մարդկանց, հասարակ բնակչության տարբեր խավերի:

Ազգային ճակատն իր առջև խնդիր էր դրել երկրում իշխանափոխություն իրականացնել: Սկզբնական շրջանում Ազգային ճակատի մարտավարության մեջ միասնական տեսակետ չկար: Ակտիվիստներից շատերը ցանկանում էին իշխանության ղեկին տեսնել շահին, բայց ավելի սահմանափակ իրավունքներով: Այլ կերպ ասած` ցանկանում էին Իրանում սահմանադրական միապետություն հաստատել: Այս ուղղության կողմնակիցներն էին դոկտոր Սանջաբին և այաթոլլահ Շարիաթմադարին:

Սակայն իրանական ընդդիմության իրական առաջնորդը Այաթոլլահ Հոմեյնին էր, որ դեռ 1964-ից հակապետական գործունեության պատճառով արտաքսված էր երկրից: Նա իր «Իսլամական պետություն» աշխատության մեջ տալիս էր Իրանում իսլամական պետություն ստեղծելու իր ծրագրերն ու պատկերացումները, իսլամական սոցիալիզմ կառուցելու իր մոդելը:

Երկրում միաժամանակ գործում էին արմատական այլ խմբավորումներ, որպիսիք էին «Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպությունը» և «Իրանական ժողովրդի պարտիզան-ֆիդայիները», որոնք, սակայն, հասարակության լայն խավերում առանձնապես ազդեցություն չունեին:

1973 թ. նոյեմբերին Թեհրանի ուսանողությունը կազմակերպեց «Համաիրանական համերաշխության շաբաթ» միջոցառումը, որում շահական կառավարության առաջ դրվեցին քաղաքական պահանջներ. մասնավորապես, ուսանող ակտիվիստները պահանջում էին բոլոր քաղաքական վտարանդիների վերադարձը երկիր` Այաթոլլահ Հոմեյնու գլխավորությամբ, քաղբանտարկյալների ազատ արձակում, կառավարության հրաժարական, գաղտնի ոստիկանության լուծարում, քաղաքական ճնշումների ու հետապնդումների վերացում: Շահական կառավարությունը ճնշեց այս ցույցը:

1978 թ. նոյեմբերի 4-ին ուսանողությունը դարձյալ ցույցի ելավ, այս անգամ` ավելի բազմամարդ և կազմակերպված: Բանակը և ոստիկանությունը ուժ կիրառեցին, որի հետևանքով շուրջ 70 ցուցարար զոհվեց և մի քանի հարյուրը վիրավորվեցին: Սակայն դա չկանգնեցրեց ըմբոստներին, և հաջորդ օրը փողոց դուրս եկավ ավելի քան 120 հազար ցուցարար:

Շարժման առաջնորդությունը ստանձնեցին հոգևոր դասն ու քաղաքային մանր առևտրականությունը:

Երկրով մեկ ծայր առավ գործադուլային շարժումը: Արդեն 1978 թ. գործադուլավորների ընդհանուր թիվը հասավ շուրջ մեկ միլիոնի:

Հետզհետե մահմեդական հոգևորականությունն ավելի ու ավելի էր ընդվզում և դառնում շարժման ընդգծված առաջնորդը: 1978 թ. հունվարին Ղում քաղաքում հոգևորականության կոչով փողոց դուրս եկան հազարավոր ուսանողներ միապետությունը տապալելու կոչով: Իշխանությունները արյան մեջ խեղդեցին ցույցը: Սակայն շարժումն աստիճանաբար ծավալվում էր: Հոգևոր գործիչներն արդեն բացահայտ ըմբոստության կոչեր էին հնչեցնում: Ցույցերն ընթանում էին «Մահ շահին» կոչերով:

1978 թ. սեպտեմբերի 8-ի ուրբաթ օրը Թեհրանի փողոցներ դուրս եկավ շուրջ մեկ միլիոն ցուցարար: Շահի հրամանով բանակը կրակ բացեց: «Սև ուրբաթին» զոհ գնաց համարյա 5000 հոգի: Սակայն հուզումները քաղաքում չավարտվեցին:

Պետք է նշել մի հետաքրքիր հանգամանք: Այս տագնապալի օրերին Իրանի հրեական համայնքը հանգանակություն կատարեց, և ի շահ հեղափոխության մեծ գումար հավաքվեց ու հանձնվեց Ղումի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Շարիաթմադարին: Փարիզում մեկ այլ հրեական պատգամավորություն ընդունեց Էմամ Հոմեյնիին:

Երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ: Սակայն բանակն աչքի չընկավ շահին հավատարմությամբ և ամբողջ զորամասերով անցավ ապստամբների կողմը: Կռիվը սկզբում տարերային բնույթ էր կրում, սակայն ոտքի ելած ժողովուրդը վճռական էր տրամադրված, և հաղթության նժարը շատ արագ թեքվեց ապստամբների կողմը:

Արյունոտ ընդհարումներին զոհ գնաց ավելի քան 70 հազար հոգի: Վիրավորների թիվը եռապատիկ ավելի էր: Սակայն հաղթանակը կատարյալ էր, և գահընկեց արված շահ Մուհամմադ-Ռեզա Փահլավին ընտանիքով փախավ երկրից, իսկ հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Ռուհոլլահ Մուսավի Հոմեյնին շուրջ 15 տարվա տարագրությունից հետո  Փարիզից հաղթական շքերթով ժամանեց Թեհրան:

Իրանի նոր կազմավորված կառավարությունը փետրվարի 11-ը հռչակեց հեղափոխության հաղթանակի, իսկ ապրիլի 1-ը` Իրանի Իսլամական Հանրապետության օր:

Ընդունվեցին նոր օրենքներ, որոնք բացառապես բխում են Ղուրանի և Շարիաթի դրույթներից: Սակայն լինելով իսլամական պետություն` Իրանն օրենքով հռչակեց երկրում բնակվող բոլոր ազգերի և ռասաների հավասարությունը: Ազատություն է շնորհված բոլոր ազգերի և դավանանքների ներկայացուցիչներին, ներքին լայն ինքնավարություն` ազգային փոքրամասնություններին:

Իսկ նախահեղափոխական Իրանում, համաձայն սահմանադրության, Սենատի անդամներից մեկը և Մեջլիսի պատգամավորներից երկու հոգի, նախարարների տեղակալներից հինգը պետք է հայ լինեին: 1960-ական թթ. Իրանում կային գիտական կոչում ունեցող 170 հայ բժիշկներ:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 3211 անգամ:
Print Friendly

Leave a Reply