Եթե «Զվարթնոցը» չզիջի, «Արմավիան» կսնանկանա

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | March 15, 2012 13:56

Մարտի 13-ին «Անկախ» շաբաթաթերթն ու «Ա1+» օնլայն  հեռուստաընկերության «Պոստ սկրիպտում» հաղորդաշարը բացառիկ հարցազրույց ունեցան «Արմավիա» ավիաընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովի հետ: Մեր զրուցակիցը խոսեց ընկերության և «Զվարթնոց» օդանավակայանի միջև առաջացած խնդիրների մասին:

Պարոն Բաղդասարով, մեզ մոտ կարծես շուկայական հարաբերություններ են, «Արմավիան» գնորդն է, օդանավակայանը` վաճառողը: Դուք օդանավակայանի հետ պայմանագիր ունեք, եթե պայմանները չէին բավարարում, չէի՞ք կարող չկնքել այդ պայմանագիրը:

– Հարցն այն է, որ մեր օդանավակայանը մոնոպոլիա է, եթե պայմաններին համաձայն չես, չես կարող թռչել: Երկրորդ` բոլոր երկրներում օդանավակայաններում գործում է երկու-երեք հեդլինգ  (դա ինքնաթիռների սպասարկումն է` մաքրությունը, ջրի լիցքավորումը և այլն): Մեզ մոտ մեկն է, ու ով ինչ գին ասի, կա՛մ համաձայնվում ու աշխատում ես, կա՛մ ոչ:

Երրորդ խնդիրն ավիակերոսինի հարցն է: Այս ոլորտում  նույնպես բոլոր երկրներում նվազագույնը 3 մատակարար կա, դու կարող ես ընտրել: Մեզ մոտ միայն մեկ վառելիք տրամադրող կա, ինչ գին ասի, այն էլ պարտավոր ես վճարել:

Ինչո՞ւ այս հարցը հենց հիմա բարձրացվեց:

– Նախ` մենք` որպես Հայաստանի նորմալ քաղաքացիներ, կարծում էինք, որ երկրում պետք է լինի լավ օդանավակայան: Եվ օդանավակայանի տնօրինությունն  ու շատ պաշտոնյաներ հավաստիացնում էին, հատկապես` օդանավակայանի տնօրենը, որ երբ վերջացնեն օդանավակայանի շինարարությունը, գները միանգամից կիջեցվեն: Մենք էլ մի կերպ համբերում էինք, համարում էինք, որ օդանավակայանի շինարարությունը շատ կարևոր է երկրի համար, որովհետև այն օդային դարպասն է: Օդանավակայանի նոր տերմինալը, ինչպես գիտենք, կառուցում էին 10 տարի, չնայած նման օդանավակայանը կառուցվում է 1 կամ 2 տարում. առավելագույնը: Վերջապես անցյալ տարվա նոյեմբերին կառուցումն ավարտվեց, և մենք սպասում էինք, որ զեղչեր կտրամադրվեն: Մտածում էինք, որ նոր տարում այդ զեղչերը կարվեն: Բայց ընդհակառակը` անվտանգության վճարները բարձրացվեցին 2 եվրոյով: Մեր համբերությունը սպառվեց: Դրանից բացի, գիտենք` աշխարհում ֆինանսական ճգնաժամ է, և այսօր ուղևորների համար դժվար է գնել թանկ ավիատոմսեր: Բայց տոմսերի գները հնարավոր չէ իջեցնել, որովհետև ամբողջ գումարը գնում է օդանավակայան, կերոսինին և այլ ծախսերին:

Խնդրում ենք օրինակներով ցույց տալ, թե ինչպես են աշխատում այլ օդանավակայանները, ինչպիսին են այնտեղի գները:

– Օրինակ` Աթենքը: Վայրէջք-թռիչքը Հայաստանում 858 եվրո է, Աթենքում` 607, օդանավակայանային հարկերը 25.30 եվրո Երևանում է, 24 եվրո` Աթենքում: Մի խոսքով` բոլոր ծախսերը միասին Երևանում 2055 եվրո է, Աթենքում` 1953 եվրո: Մարսելում թռիչք-վայրէջքը 694 եվրո, մեզ մոտ` 858 եվրո: Հարկերը` 8 եվրո, մեզ մոտ` 25 եվրո: Ընդ որում, հարկերը մեկ անձի հաշվարկով են: Կանգառը մեզ մոտ 29 եվրո է, նրանց մոտ` 45 եվրո: Բայց մինչև 2.5 ժամվա կանգառների համար չես վճարում, իսկ մենք սովորաբար երկար չենք մնում, հասցնում ենք վայրէջք կատարել ու թռչել: Այլ օդանավակայանային ծախսերը մեզ մոտ 80 եվրո են, Մարսելում` 50:

Կարելի՞ է ասել, որ մեր օդանավակայանն աշխարհում ամենաթանկն է:

– Ոչ, ամենաթանկը չէ, բայց այն երկրների մեջ, ուր մենք թռչում ենք, ամենաթանկն է: Մեր օդանավակայանը ամենաթանկն է այն քաղաքների օդանավակայաններից, դեպի ուր և որտեղից մենք չվերթ ենք իրականացնում. ամենուր գներն էժան են: Ուզում եմ հիշեցնել, որ մենք այդ օդանավակայաններում կողմնակի չվերթեր իրականացնող ավիաընկերություն ենք, իսկ այստեղ մենք ազգային ավիափոխադրող ենք: Այդ երկրներից յուրաքանչյուրն ունի իր ազգային ավիափոխադրողը, որի համար այդ օդանավակայաններում գները 2-3 անգամ ավելի էժան են, քան նրանք, որ մենք ենք վճարում:

Իսկ ազգային ավիափոխադրողին ինչո՞ւ են այդպիսի արտոնություններ տալիս:

– Ագային փոխադրողը հիմնական ընկերությունն է և անհամեմատ ավելի շատ չվերթեր է իրականացնում տվյալ օդանավակայանից, քան օտար` դրսից եկած ընկերությունը: Օտարները կարող են օրվա ընթացքում իրականացնել 2, ամենաշատը 3 չվերթ: Դա ամսվա կտրվածքով կազմում է 60 չվերթ, իսկ նորմալ հիմնական ընկերությունն ամռանն օրական իրականացնում է 16-17 չվերթ: Այսինքն` սա շուկա է, իսկ շուկայում ինչպե՞ս է. օրինակ, եթե Մոսկվայում օրվա մեջ կատարում ես երրորդ չվերթը, նախնական զեղչեր ես ստանում, կատարեցիր չորրոդ չվերթը` զեղչերը մեծանում են, որովհետև օդանավակայանին ձեռնտու է, որ դու շատ թռչես: Եվ եթե օդանավակայանն ուզում է, որ շատ թռչեն, ուրեմն պետք է պայմաններ ստեղծի նրանց համար, որոնք շատ են թռչում: Իսկ եթե դու շատ ես թռչում, բայց վճարում ես նույն գներով, ինչ օրական մեկ թռիչք իրականացնողը, ի հայտ է գալիս պարադոքսը. ընկերությունը ամսվա մեջ թռչում է 4 անգամ, բայց գտնվում է նույն հարթության վրա, ինչ մենք,  որ ամսվա մեջ 500-600 անգամ ենք թռչում: Դա արդա՞ր է:

Ո՞րն է ելքը, պետք է երկրորդ օդանավակայա՞նը կառուցենք:

– Մենք ցանկանում էինք մեր չվերթներն իրականացնել Գյումրու օդանավակայանից, բայց նրանք անմիջապես այդ օդանավակայանն էլ վերցրեցին: Ամբողջ քաղաքականությունը կառուցված է այնպես, որ մոնոպոլ եղանակով գներ թելադրվեն: Ենթադրենք` թռչում ենք Փարիզ, ուրեմն մեր մրցակիցն է դառնում «Էյր Ֆրանսը»: Հայաստանից մրցակիցներ չունենք, բայց Եվրոպայից, Ռուսաստանից, բոլոր այն վայրերից, դեպի ուր և որտեղից մենք չվերթներ ենք իրականացնում, իրականացնում են նաև մեր մրցակիցները: Ուզում եմ ասել, որ այդ մրցակիցները մի քանի գլուխ ավելի բարձր են. նրանք ավելի շատ ինքնաթիռներ ունեն, աշխարհում հայտնի ընկերություններ են, օրինակ` «Աէրոֆլոտը», «Տրանս Ավիան», «Էյր Ֆրանսը» և այլն:

Դուք զեղչեր եք ուզում միայն ձե՞զ համար, թե՞ բոլորի:

– Մրցակիցներն իրենց տանը զեղչեր ունեն: Եթե նրանց գներն իրենց երկրներում ինձ համար ավելի էժան են, քան այստեղ, ուրեմն նրանց համար 2-3 անգամ ավելի էժան են: Այդ իսկ պատճառով ես դեմ չեմ, որ բոլորին զեղչեր տրամադրվեն, բայց թող դրա համար նրանք ինքնուրույն պայքարեն: Նրանք ասում են, որ «Զվարթնոցի» գներով մի քանի չվերթներին կդիմանան: Նրանց համար Երևանում նույն գներն են գործում, ինչ մեր ընկերության, իսկ սեփական տանը նրանց համար գներն ավելի էժան են, մոտ 3 անգամ: Ու ստացվում է, որ նրանք թռչում են նվազագույն գներով և ունենում են շահույթ, իսկ մենք 0 ենք ունենում:

Առաջին հերթին տուժում են ուղևորնե՞րը:

– Բոլորն ասում են` բարձր գներ են: Բայց մեր ավիաընկերությունը չի ցանկանում բարձր գներ սահմանել: Եթե գներն ավելի ցածր լինեն, ավելի շատ ուղևորներ կլինեն, այդ դեպքում շրջանառության միջոցով կարելի է նաև վաստակել: Իսկ գներն ավելի էժանացնել չենք կարող, որովհետև պետք է վճարենք մեր օդանավակայանին, այլ օդանավակայանների և այլն: Մեր օդանավակայանի սահմանած բարձր սակագների պայմաններում մենք չենք կարողանում նույնիսկ մեր այլ գործընկերների պարտքերը մարել: Ուզում եմ ասել, որ մեզ բոլոր տեղերում, ուր չվերթ ենք իրականացնում, աջակցում ու ընդառաջում են: Լինում ենք Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում, և ամենուր և՛ օդանավակայաններն են մեզ ընդառաջում, և՛ լիզինգային ընկերությունները, և՛ վառելիք մատակարարողները: Բոլորը տարբերակներ են առաջարկում, որոնց պայմաններում ավելի շահավետ է աշխատելը և՛ մեզ համար, և՛ իրենց համար: Միայն մեր օդանավակայանն էր, որ կտրականապես չէր ցանկանում գների իջեցման հարցով նստել բանակցությունների: Նոյեմբեր ամսվանից ասում ենք այդ մասին, բայց այնտեղ, իբրև, չեն լսում: Ու ի՞նչ է ստացվում` մենք պետք է ազգաբնակչությանը պատասխան տանք բարձր գների համար, իսկ նրանք մեր թիկունքում կուտակեն մեծ գումարներ իրենց ուռճացրած սակագների միջոցով:

Այժմ ինչոր հարցերի շուրջ համաձայնության գալի՞ս եք:

– Հայաստանի կառավարությունը հանձնաժողով է ստեղծել, և ուզում եմ ասել, որ այն բավականին ճիշտ սկզբունքով է ստեղծվել, որովհետև այնտեղ ներկայացված են ոչ միայն շահագրգիռ կողմերը` «Արմավիան», օդանավակայանն ու քաղավիացիայի վարչությունը, այլև ֆինանսների նախարարության, կենտրոնական բանկի և հակամենաշնորհային կոմիտեի ներկայացուցիչները, որովհետև հարցը փողի մասին է, նրանք ավելի լավ են հասկանում դրանից, քան, ենթադրենք, ինչ-որ օդաչու մեր կողմից, կամ օդանավակայանի ինչ-որ աշխատակից իրենց կողմից: Օրինակ` օդանավակայանն ասում է` մեզ մոտ գները բարձր են, որովհետև նոր մասնաշենքի շինարարությունը թանկ է նստել: Ուրեմն կարելի է քննարկել, թե ինչու է թանկ նստել:

Ի՞նչ կլինի, եթե փոխհամաձայնության չգաք. Ձեր ինքնաթիռները չե՞ն թռչելու:

– Հարցն այն է, թե ինչպես պետք է թռչեն, ինչ փողերով, եթե վճարելու միջոցներ չկան, եթե այն գումարները, որ ստացվում են ուղևորներից, տալիս ենք օդանավակայանին, կերոսինի և բոլոր ծառայությունների համար և արդյունքում չենք կարողանում վճարել մնացած պարտքերը: 2009 թ. դեռ իներցիայով էինք շարժվում, 2010 թ. արդեն բացասական միտումով էինք աշխատում, 2011 թ. ` ավելի մեծ մինուսով, ու եթե 2012-ին էլ մնանք այդ մինուսին, ապա այսպես թե այնպես կփակվենք: Ուստի հայտարարեցի, որ այս գների պայմաններում «Արմավիան» կսնանկանա: Դա մեկնաբանվեց այնպես, թե իբր ես «Արմավիան» կտանեմ կանխամտածված սնանկացման:

Այսինքն` ծախսերն ավելին կլինեն, քան եկամուտները, և ինքնըստինքյան կսնանկանաք, ոչ թե ինքներդ ձեզ սնանկ կհայտարարեք:

– Այո, ես կայքերից մեկին ասել էի, որ կսնանկանանք, ոչ թե ես կհայտարարեմ, թե «Արմավիան» սնանկ է, եթե գները չփոփոխվեն: Այս բարձր գները մեզ, այսպես թե այնպես, կստիպեն վաճառել մեր վերջին ունեցվածքը, որպեսզի օդանավակայանի պարտքերը մարենք: Այդ անելու իմաստը չկա, եթե թունելի վերջում լույս ես տեսնում: Իսկ եթե թունելի վերջում լույս չի երևում, ու բոլոր դեպքերում մինուսով ես աշխատելու, արդեն հնարավոր չէ շարունակել աշխատել: Մենք իջեցրել ենք աշխատավարձերը, բաժանվել ենք թանկ լիզինգ տրամադրողներից, հրաժարվել ենք եվրոպական բարձրակարգ տեխնիկական ընկերությունների ծառայություններից և սկսել ենք ինքնուրույն վերանորոգել մեր ինքնաթիռները և այլն: Մի խոսքով, բավական շատ կրճատումներ ենք արել, միևնույն է, չենք հասցնում, որովհետև «Զվարթնոցը» մեզ այստեղ ավելի վատ է վերաբերվում, քան դրսում` օտար օդանավակայանները: Անըմբռնելի է, որ հիմնական ընկերության ծառայությունները Հայաստանում ավելի թանկ լինեն, քան արտասահմանյան:

Շնորհակալություն: Ուզո՞ւմ եք ինչոր բան ավելացնել:

– Մեր բանակցություններում որոշ առաջընթաց կա: Թե ինչով դրանք կավարտվեն, ես չգիտեմ, բայց, ամեն դեպքում, օդանավակայանը սկսել է խոսել, հասկանալ: Եվ ուզում եմ ասել, որ մենք շատ լուրջ ենք տրամադրված, չենք ուզում խաբել մարդկանց, չվացուցակ կազմենք, ու հետո պարզվի, որ չենք թռչելու: Որովհետև այժմ տնտեսական ճգնաժամ է, և ժողովուրդն առանց այդ էլ փող չունի, որ առաջվա պես թռչի: Դրան գումարած` բոլոր երկրներում սակագներն իջեցվել են, ու եթե մեր օդանավակայանը նույնը չանի, ուղղակի  չենք թռչի: Վատ իրադրություն Իրանում, Ադրբեջանի հետ լարված հարաբերություններ, Սիրիայում վիճակի վատթարացում. այս բոլորը մեզ շատ մոտ են: Եվ հենց այս ժամանակահատվածում հարկավոր է հայկական ավիաընկերություն, որպեսզի պահանջված ժամանակ կարողանանք օգնել մեր ազգակիցներին:

Դիտվել է 1842 անգամ:
Print Friendly

Leave a Reply