ՕԵԿ-ը դդումներ շատ ունի

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 15, 2012 13:52

Արդեն մի քանի օր է, ինչ շրջանառվում են լուրեր, թե ՕԵԿ-ը ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում բնակիչներին «մարտիության նվերներ» է բաժանում` մուրաբա, կոնֆետ, սուրճ, գլխաշոր: Այս մասին մեր խմբագրությունում տեղեկություն էինք ստացել մայրաքաղաքի Աջափնյակ համայնքից: Իսկ «Երկիր» օրաթերթն իր մարտի 13-ի համարում գրում էր. «ՕԵԿ-ը Մարտի 8-ին Երևանում մուրաբա, «բոնբոներկա» և սուրճ է բաժանել, իսկ մարզերում, մասնավորապես` Արմավիրի մարզի Մյասնիկյան, Քարակերտ և Մայիսյան գյուղերում` դդումի մուրաբա և շոկոլադե սալիկներ: «Ընտրամուրաբան» բաժանելիս ՕԵԿ-ական երիտասարդները նախ ներկայացել են, որ ՕԵԿ-ից են, հետո բարի ընտրություններ մաղթել ու հեռացել»: Թերթն իր հաջորդ օրվա համարում նշում է նաև, որ  հրապարակումից հետո խմբագրություն են զանգահարել երեք քաղաքացիներ` դժգոհելով, որ Արմավիրի մարզում ու Երևանում այս կուսակցության կողմից ընտանիքներին բաժանված դդումի մուրաբայի, իսկ Վարդենիս, Մարտունի և Էջմիածին քաղաքներում «շաղ տված»  օգնության մասին մոռացել են նշել:

ՕԵԿ-ում զարմացան` լսելով «բոնբոներկայի» և սուրճի մասին: Իսկ դդումների վարկածը չհերքվեց: Կարծես ՕԵԿ-ում շատ դդումներ ունեն:

«Ինչ վերաբերում է «բոնբոներկային» և սուրճ բաժանելուն, ես այդ տեղեկությունները պաշտոնապես հերքում եմ: Սակայն ինչպես ցանկացած քաղաքական կառույցում, կուսակցության մարզային կառույցներում տվյալ մարզային կառույցի ղեկավարները իրավունք ունեն կառույցի անունից իրենց կուսակցական ընկերներին նվերներ բաժանելու: Միայն կուսակցականներին: Մեզ մոտ ավանդույթ է. ամեն տարի, ինչպես նոր տարուն, այնպես էլ մարտի 8-ին մեր կուսակցության մարզային կառույցների գրասենյակներից յուրաքանչյուրը յուրովի է մոտենում, և նվերներ, այո’, պարտադիր բաժանում են»,- հայտնեց ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը:

Երբ հայտնեցինք, որ տեղեկություն ունենք, որ օրինակ` Աջափնյակ համայնքում մի շարք բնակիչների, ովքեր  ՕԵԿ-ի հետ առհասարակ որևէ կապ չեն ունեցել և չունեն, «Օրինաց երկիր» կուսակցության կողմից նվերներ են հանձնվել մարտի 8-ի շնորհավորանքներով և բարի ընտրությունների մաղթանքով, նա տարակուսած հարցրեց, թե ի՞նչ ակնկալիք են հայտնել նվեր տվողները, կամ միգուցե բնակարանն են շփոթել կուսակցականի բնակարանի հետ: Իսկ երբ ասացինք, որ բնակարան շփոթելու խնդիր չի եղել, քանի որ ամբողջ մուտքին են բաժանել «ընտրամուրաբաները», նա նշեց, որ ինքը ողջունում է տվյալ կառույցի ղեկավարին, որ այդպիսի գեղեցիկ քայլ է կատարել: Իսկ բարի ընտրություններ մաղթելու փաստին նա արձագանքեց. «Ահա, այսինքն` տողատակում ոչ մի ակնկալիք չի եղել, այլ միայն շնորհավորել է այդ մարդկանց` այդ շենքի կանանց մարտի 8-ը»:

Սուսաննա Աբրահամյանը հավելեց, որ այս ակցիան նախընտրական քարոզարշավի հետ բացարձակապես որևէ կապ չունի: Մենք հարցրեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ, մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորելով, մաղթում բարի ընտրություններ, ի՞նչ կապ ունեն  մարտի 8-ն ու ընտրությունների բարեմաղթանքն իրար հետ: Նա տարակուսած հարցրեց, թե ի՞նչ է` մարտի 8-ը ընտրության ակնկալի՞ք է:

Ի դեպ` ընտրությունների հետ «բացառապես կապ չունեցող» մի քայլ էլ օրերս ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է արել: lragir.am կայքում կարդում ենք. «Օրերս հեռուստատեսությամբ ցուցադրվում էր, թե ինչպես մի քանի տասնյակ թե մի քանի հարյուր անհատ տաքսիստներ շարվել էին Գագիկ Ծառուկյանի տան լանջին և նրան էին ներկայացնում իրենց դժգոհությունը հարկային նոր մեխանիզմից, համաձայն որի` իրենց գործունեությունը անցնում է արտոնագրային վճարի դաշտ: Տաքսիստները Գագիկ Ծառուկյանին բողոքում էին, որ իրենք ստիպված են, դեռ չաշխատած, երեք ամսվա վճար մուծել պետությանը արտոնագրի համար, ինչը իրենց համար դժվարություն է, որովհետև գործունեություն դեռ չեն ծավալել և եկամուտ դեռ չեն ստացել, բացի դրանից, դեռ կան մեքենաների համար բանկային պարտքերը»:

Հրապարակումը հայտնում է նաև, որ Գագիկ Ծառուկյանը խոստացավ տալ այն մի քանի միլիոն դրամը, որ պահանջվում է տաքսիստներից արտոնագրային վճարի համար, իսկ մայիսից հետո էլ կփորձեն նոր օրենք ընդունել:

Այնպես որ, եթե ՕԵԿ-ը շատ դդում ունի, ապա ԲՀԿ-ն էլ փողի պակասից չի նեղվում: Հետաքրքիր է` ինչից են «շատ ունենալու» ընտրապայքարին մասնակցել ցանկացող մյուս քաղաքական ուժերն ու կուսակցությունները:

Դիտվել է 1595 անգամ:
Print Friendly

Leave a Reply