Քաղաքական աղցան. ընտրացուցակների և թեկնածուների պաշտոնական և ոչ պաշտոնական համապատկերը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 14, 2012 15:19

Մարտի 12-ից ԿԸՀ-ում մեկնարկել է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար մեծամասնական և համամասնական կարգով թեկնածուների առաջադրման  գործընթացը: Հայտերն ընդունվում են մինչև մարտի 22-ը:

Մարտի 14-ի դրությամբ ԿԸՀ-ն համամասնական ընտրակարգով առաջադրման հայտ չի ստացել, իսկ մեծամասնական ընտրակարգով գրանցվել է չորս թեկնածու` թիվ 2 ընտրատարածքում ինքնառաջադրվել է անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սարգսյանը, թիվ 10-ում`  Խաչատուր Սուքիասյանը, թիվ 19-ում` ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանը և թիվ 35-ում` ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը:

Ըստ շրջանառվող լուրերի` «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանը  նույնպես առաջադրվելու է (վերջինս դատախազ Աղվան Հովսեփյանի մերձավորներից է): Նա  պատգամավորական մանդատի համար կպայքարի Խաչատուր Սուքիասյանի դեմ` թիվ 10 ընտրատարածքում:

Պաշտոնապես դեռ որևէ քաղաքական ուժ չի հրապարակել իր համամասնական և մեծամասնական ցուցակը, սակայն շրջանառվող կուլիսային խոսակցությունները հնարավորություն են տալիս պատկերացնելու առաջիկայում հրապարակվող ընտրացուցակների պատկերը:

«Երկիր» թերթի ունեցած տեղեկություններով` մինչև շաբաթվա վերջ ընտրական ցուցակը կհրապարակի ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ մարտի 18-ին` կուսակցության նիստից հետո պարզ կդառնա ցուցակի կազմը, ինչպես նաև ընտրություններին «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքով մասնակցել-չմասնակցելու հարցը:

ՀՀԿ համամասնական ցուցակի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, սակայն, ըստ նախնական տվյալների, ՀՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ կառաջադրի 33 ընտրատեղամասերում:  Նախնական ցուցակում ընդգրկված են թե՛ գործարարներ և թե՛ պաշտոնյաների մերձավորներ: Այսպես, hayeli.am կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն, ՀՀԿ-ի մեծամասնական ցուցակը հետևյալ տեսքն է ունենալու.

թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ն կառաջադրի Սամվել Ֆարմանյանին (Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ),

թիվ 3-ում` «Քեթրին գրուպ» ընկերության տնօրեն Արթուր Ստեփանյանին  (ԴԱՀԿ-ի Միհրանի մերձավոր),

թիվ 4-ում` «ՍԱՍ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանին (նախկին ՕԵԿ-ական),

5-ում` Դավիթաշենի թաղապետ Արթուր Գևորգյանին (ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսա),

6-ում` Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանին (գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայր),

7-ում՝ Սամվել Ալեքսանյանին,

8-ում՝ Կորյուն Նահապետյանին,

9-ում` Ռուբեն Սադոյանին (Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մերձավոր),

11-ում` Գրիգորի Մարգարյանին (Բելլաջիոյի Գրիշ),

13-ում` Մհեր Սեդրակյանին (Էրեբունու նախկին թաղապետ Թոխմախի Մհեր),

14-ում` Վրեժ Մարկոսյանին («Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն),

16 -ում` Մուրադ Մուրադյանին (բնապահպանության նախկին նախարար),

19-ում՝ գեներալ Սեյրան Սարոյանին,

21-ում՝ Ալիկ Պետրոսյանին՝ («ՄԱՊ»-ի Ալիկ),

22-ում՝ Մանվել Բադեյանին,

32-ում՝ Կարեն Կարապետյանին (նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար),

33-ում` Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ),

34-ում՝ Արման Սահակյանին (Միքայել Մինասյանի մերձավոր),

36-ում՝ Մխիթար Վարագյանին,

38-ում` Վահե Հակոբյանին (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատիրոջ որդի),

40-ում՝ Միքայել Վարդանյանին («Գրանդ հոլդինգի» սեփականատեր  Հրանտ Վարդանյանի որդի):

Ռուբեն Հայրապետյանը, ինչպես և հայտարարել էր ամիսներ առաջ, այս անգամ չի առաջադրվելու: Նրա փոխարեն ՀՀԿ-ն  թիվ 1 ընտրատեղամասում կառաջադրի ՀՊՄՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանին:

Panorama.am-ի փոխանցմամբ էլ 30-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ն կսատարի ներկայումս անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին, որը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել:

Օրերս ՀՀԿ-ին անդամակցության դիմում է ներկայացրել նաև երգչուհի Շուշան Պետրոսյանը, որը պատգամավոր դառնալու ցանկություն է հայտնել:

«Առավոտի» փոխանցմամբ` ՀՀԿ-ն որոշել է 41 ընտրատարածքներից միայն 31-ում թեկնածուներ առաջադրել, ինչը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսպես է մեկնաբանել. «Այդքան  են մեր հնարավորությունները: Հնարավորությունների խնդիր է»:

Կուլիսային խոսակցությունները որոշ լույս են սփռել նաև ՀԱԿ-ի ընտրացուցակի վրա: Ըստ այդմ, այստեղ վերջնական համաձայնության չգալով ցուցակների կազմման սկզբունքի շուրջ, Լևոն Տեր-Պետրոսյանին են թողել ցուցակը կազմելու գործը:

«Հրապարակ» թերթի հաղորդմամբ` ՀԱԿ-ի ցուցակը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղում է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, 3-րդում` «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, 4-րդում` ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, 5-րդում` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը 6-րդ տեղում է:  Ցուցակի առաջին տասնյակում են նաև Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը:

ՀԱԿ-ում ընդգրկված քաղաքական ուժերից «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին, քանի որ չի հավատում, թե «հնարավոր է Հայաստանում ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնել»:

 

Դիտվել է 1686 անգամ:
Print Friendly

Leave a Reply