Վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանումներ է տվել «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի վերաբերյալ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 15, 2012 13:12

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «Հին Երևան» ծրագրի իրականացմանը: Վարչապետի խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ.

-Հարգելի գործընկերներ, այս հարցը քաղաքական հնչեղություն է ստացել վերջին շրջանում, և ես ցանկանում եմ որոշակի պարզաբանումներ տալ, որպեսզի մեր քաղաքական դիրքորոշումը հստակ և հասկանալի լինի բոլորի համար:

Առաջինը` քաղաքապետի հետ միասին հանդես ենք եկել քաղաքական հայտարարությամբ, այն է, որ մենք դեմ ենք մշտական տաղավարներին Մաշտոցի պուրակում և դրանով իսկ փարատել ենք մեր քաղաքացիների մտավախությունն առ այն, որ այդ տաղավարներն այնտեղ լինելու են մշտական:

Ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ հարց հնչեցվեց, թե այդ ժամանակավորն ինչքան է: Այստեղ էլ պատասխանը հստակ է` առավելագույնը երեք տարի, և դա պայմանավորված է «Հին Երևան» նախագծի իրականացմամբ, քանի որ Մաշտոցի պուրակը «Հին Երևանի» հենց մուտքն է լինելու, և ճարտարապետական լուծումներն էլ տվել է հենց քաղաքապետարանը: Այսինքն այդ նախագծի` «Հին Երևանի» հեղինակը քաղաքապետարանն է, և ինքն իր ծրագիրն իրականացնելու է:

Երրորդ հարցն իրավական լուծումների վերաբերյալ է: Մենք նաև նամակ ենք ստացել հասարակական նախաձեռնությունների, տարբեր կազմակերպությունների կողմից, թե արդյոք իրավական լուծումներն իրավաբանորեն բխում են մեր օրենքների պահանջներից: Այդ առումով էլ քաղաքապետը զեկուցեց, որ համապատասխան եզրակացություններն առկա են, և օրենքի խախտումներ չկան:

Չորրորդ հարցը կա. մենք շահագրգռված ենք, որպեսզի այս հարցի շուրջ մեր քաղաքացիների հետ լինի համերաշխության և համաձայնության մթնոլորտ: Առաջին խոստումը, որ տրվել էր քաղաքապետարանի կողմից Աբովյան փողոցում առկա տաղավարների վերաբերյալ, որոնք ժամանակավոր տաղավարներ չէին, այլ մշտական տաղավարներ էին` սեփականության իրավունքով, որ դրանք կապամոնտաժվեն: Այդ խոստումը կատարվել է:

Հիմա երկրորդ խոստումը, որ արձանագրում ենք այսօր մեր որոշման մեջ և ընդունում ենք ի գիտություն, որ սրանք նույնպես երեք տարվա ընթացքում ապամոնտաժվելու են:

Հաջորդ հարցադրումը: Մենք մեր ընդդիմախոսների կարծիքը հարգում ենք՝ տարբեր ձևաչափերով նրանց հետ քննարկում ենք: Եվ այս լուծումը, որն այսօր քաղաքապետարանն առաջարկում է, կարծում եմ՝ պետք է վերջակետ դնի այս երկխոսության մեջ, քանի որ, կարծում եմ՝ երևանցիների համար ընդունելի լուծում է, որպեսզի բոլորի շահերը մենք հաշվի առնենք, այդ թվում նաև սեփականատերերի:

Հինգերորդ: Ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ առաջարկություն եղավ, որ փոքր Երևանում՝ Երևանի կենտրոնում, կառուցապատման կանոնները լինեն ավելի խիստ և սահմանվեն լրացուցիչ նորմեր, որոնք կարգելեն փոքր կենտրոնում բազմաբնակարան, բազմահարկ շենքերի կառուցումը, որոնք հստակորեն կպաշտպանեն հին կառույցները, ընթացակարգեր կսահմանեն, թե որոշումներն ինչպես են ընդունվում փոքր կենտրոնի կառուցման վերաբերյալ: Մենք քաղաքապետի հետ խոստացանք, որ այդպիսի օրենքի նախագիծ կմշակենք: Այսօր մենք ձևավորում ենք աշխատանքային խումբ, որն աշխատելու է այդ օրենքի նախագծի վրա: Հրավիրում ենք նաև հասարակական տարբեր նախաձեռնությունների ներկայացուցիչներին, ոպեսզի ներկայացնեն իրենց թեկնածուին՝ աշխատանքային խմբում ընդգրկելու համար, որպեսզի այդ օրենքի նախագծի վրա միասին աշխատենք: Սա հենց այն նախաձեռնությունն է, որը եկել է նաև հասարակական նախաձեռնության շնորհիվ և մենք քաղաքապետի հետ միասին հարգում ենք այդ տեսակետը: Դրա համար այս օրենքի նախագիծը կմշակենք համատեղ:

Հարգելի գործընկերներ, կարծում եմ կհամաձայնեք, որ այս մոտեցումը հաշվի է առնում բոլոր կողմերի շահերը և տալիս է այնպիսի լուծում, որը նաև քաղաքացիների կողմից ընդունելի է լինելու: Դրա համար առաջարկում եմ այս որոշման նախագիծն ընդունել և դրանով իսկ մեր քաղաքացիներին հստակ պատասխան տալ ժամկետների վերաբերյալ, որ առավելագույն ժամկետը լինելու է երեք տարի:

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply