Նելլի Դուրյանն իր աղջկան «կհիշեցնի»` ոստիկան դառնալու դեպքում հետադարձ ճանապարհ չկա

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | March 15, 2012 12:12

Կան մասնագիտություններ, որտեղ կանանց ներկայության հետ հայ հասարակությունը դժվարությամբ է համակերպվում: Դրանց շարքին է դասվում նաեւ ոստիկանի աշխատանքը, որտեղ կանանց ներկայությունը վերջերս է օրինաչափ եւ ընկալելի համարվում: Համակարգում կնոջ առկայության հետ կապված խնդիրների, դժվարությունների մասին «Արմենպրես»-ը զրուցեց  Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության  երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի հետ:

-Տիկին Դուրյան, կպատմե՞ք, թե ինչը պատճառ դարձավ, որպեսզի մուտք գործեք մի միջավայր, որտեղ, եթե խոստովանենք, այդքան էլ հաճախ չի կարելի հանդիպել կանանց:

Այդ ամենի «մեղավորները» ծնողներս են եղել: Ամբողջ գերդաստանս Ոստիկանության համակարգի աշխատողներ են եղել: Կարելի է նշել, որ այդ ամենը կատարվել է արյան կանչով: Փոքր հասակից հետաքրքրվել եմ ծնողներիս աշխատանքով, լսած պատմությունները եւ թեմաները ինձ շատ են հետաքրքրել: Այդ ամենը տեսնելով` ես հետաքրքրվեցի այդ ոլորտով, համառ գտնվեցի եւ հայտնվեցի այնտեղ, որտեղ եւ հիմա եմ: Մայրս դեմ էր, որովհետեւ գիտեր, թե որպես կին` ինչ ծանր ուղի եմ ընտրում, բայց ես հաղթեցի: Կարծում եմ` այդ ամենն ի սկզբանե որոշված է եղել:

-Այնուամենայնիվ, Ճանապարհի կեսից չե՞ք փոշմանել Ձեր ընտրության հարցում:

Իհարկե, դժվարություններ շատ են եղել, եղել են նաեւ հիասթափության պահեր: Աշխատանքիս ընթացքում այլ առաջարկներ են եղել քաղաքացիական ծառայության ավելի բարձր պաշտոնով, բայց չեմ պատկերացրել ինձ առանց ոստիկանության համակարգի: Սա իմ երկրորդ տունն եմ համարում` շատ հարազատ տուն, միջավայր:

-Կնոջ համար դժվար չէ, արդյոք, այդքան դժվար աշխատանք կրել իր ուսերին:

Ես չեմ ձգտել բարձունքների, ես ուղղակի աշխատել եմ անել ամեն ինչ այնպես, ինչպես որ հարկն է: Իսկ երբ անում ես աշխատանքդ հաճույքով, շատ խնդիրներ ավելի հեշտ են լուծվում:

-Համակարգում աշխատողների գերակշիռ մեծամասնությունը արական սեռի ներկայացուցիչներ են: Հե՞շտ է աշխատել տղամարդկանց շրջապատում:

Տղամարդկանց շրջանում աշխատելը եւ դժվար է, եւ հեշտ: Հեշտ չէ, քանի որ դու պետք է քո պահելաձեւի, խոսելաձեւի շնորհիվ ստեղծես այնպիսի միջավայր, որտեղ քեզ հարգեն, հավատան քո ուժերին: Շատ կարեւոր է, որ դու ամեն օր գաս մի միջավայր, որտեղ դու քեզ լավ ես զգում:

-Կանանց սովորաբար համարում ենք թույլ սեռի ներկայացուցիչներ: Համաձայն ե՞ք այս մտքին , թե՞ Ձեր օրինակով հակափաստարկ կբերեք:

Կինը երբեք թույլ չէ: Իհարկե, որոշ դեպքերում հենց իրեն է հաճելի թույլ զգալ: Բայց երբ իրեն անհրաժեշտ է, կարող է շատ ուժեղ լինել: Կինը պետք է շատ իմաստուն եւ հմուտ լինի: Սիրում եմ, երբ կանայք խելացի են:

-Ձեր մասնագիտությունն ամբողջական նվիրում եւ ուշադրություն է պահանջում: Ընտանիքի անդամները  չե՞ն նեղանում Ձեզնից կամ խանդում ամբողջ աշխարհի նկատմամբ:

Տարիներն անցել են, եւ թեեւ երեխաներս բավականաչափ մեծացել են, սակայն առիթը բաց չեն թողնում հիշեցնելու, որ ես նրանց հետ ավելի քիչ ժամանակ եմ եղել, քան հայրը (ծիծաղում է): Ես այդ կատակի մեջ ենթատեքստ եմ տեսնում:  

-Տոնական օրերին փոխվու՞մ է արդյոք Ձեր ինքնազգացողությունը:

Շատ եմ սիրում գարունը, արեւը, եւ երբ գարունը գալիս է, միանգամից փոխվում է իմ տրամադրությունը: Կանանց տոնը ավելի շատ գարնան հետ է կապվում: Իսկ տոնը հաճելի է ամեն դեպքում, առիթ է, որպեսզի տղամարդիկ նորից հիշեցնեն քեզ, որ դու կին ես ու սիրված ես:

-Սիրում եք, արդյոք, նվերներ ստանալ:

Իմ կարծիքով` չկա այդպիսի մարդ, որ չի սիրում նվերներ ստանալ: Ինձ համար ավելի հաճելի է, երբ ստանում եմ նվերներ հաճելի մարդկանցից, օրինակ` ընտանիքիս անդամներից, ովքեր սիրում են անակնկալներ մատուցել: Սիրում եմ նաեւ ինքս էլ նվերներ տալ: Ես դրանից ուղղակի հաճույք եմ ստանում:

-Ինչպիսի՞ն է Նելլի Դուրյանը տանը եւ դրսում: Շա՞տ է տարբերվում իրարից:

Բավականին շատ: Տանը Նելլի Դուրյանը իր խոհանոցում է, խնամում է բակը, տնային բույսերը: Մի խոսքով` հոգատար մայր է եւ տան կին: Իսկ ահա այստեղ ես ոչ մի վայրկյան չեմ մոռանում, որ սա զինվորական հաստատություն է, եւ ես պարտավոր եմ լինել շատ պարտաճանաչ, ճշգրիտ, բարոյական իմ կերպարով, երբեւիցե այնպես չանեմ, որ խեղաթյուրվի կին ոստիկանի կերպարը: Պարտավորվածությունը շատ մեծ է:

-Ձեր երկու երեխաներն էլ ընտրել են մոտ մասնագիտություններ: Ձեր տղան քննիչ է, իսկ աղջիկը` իրավաբան է պատրաստվում դառնալ: Դեմ չեք եղել, արդյոք:

Տղայիս դեպքում երբեք, նույնիսկ կողմ եմ եղել: Ես ինքս եմ խորհուրդ տվել, իսկ աղջկաս համար չէի ցանկանա, որ ինքն ընտրի այս ուղին: Եթե ասի, որ ցանկանում է իմ աշխատանքը շարունակել, իր հետ երկար կխոսեմ եւ կհիշեցնեմ, որ կես ճանապարհից հետադարձ չկա:

 -Տոների առթիվ ի՞նչ կմաղթեք հայ կանանց: 

 Ցանկանում եմ, որ հայ կանայք ունենան կանացի երջանկություն: Լինեն սիրված ու սիրեն: Ուրախանան փոքր առիթներով` թեկուզ ծաղիկներով կամ արեւով: Կյանքը շատ կարճ է եւ արագ է սլանում. պետք է վայելել կյանքի ամեն մի վայրկյանը:

 Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Դիտվել է 1752 անգամ:
Print Friendly

Leave a Reply