Պատանի ձեռներեցները փոխում են իրենց համայնքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 15, 2012 11:33
“Հայաստանի պատանեկան նվաճումներ” կազմակերպությունը ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից հովանավարվող “Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն” ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհներ շնորհեց տասնմեկ աշակերտական կազմակերպություններին՝ համայնքներում հանրային ծրագրեր իրականացնելու նպատակով: Այդ ծրագրերի շնորհիվ Շիրակի մարզի Ազատան գյուղի դպրոցականները կունենան խաղահրապարակ, կվերանորոգվի և կհամալրվի Կոտայքի մարզի Նոր Գեղիի թիվ 2 դպրոցի գրադարանը, իսկ Արմավիրի մարզի Ոսկեհատի համայնքի բնակիչները կունենան տրանսպորտային կանգառ:
Դրամաշնորհների բաշխման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի 12-ին՝ “Հայաստանի պատանեկան նվաճումներ” կազմակերպության գրասենյակում: Արարողությանը մասնակցեցին մրցույթում հաղթած աշակերտական ՀԿ-ների ներկայացուցիչները, նրանց կորպորատիվ բարեկամները, ինչպես նաև ներկայացուցիչներ ԱՄՆ ՄԶԳ-ից և “Հայաստանի գործատուների հանրապետական միությունից”:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը Հայաստանի գործարար ոլորտում համեմատաբար նոր հասկացություն է: “Հայաստանի պատանեկան նվաճումներ” կազմակերպությունը առաջինն է՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ գիտելիքները հանրակրթության մեջ ներմուծելու գործում:
2011 թվականի ապրիլի 1-ից հանրապետության շուրջ 100 դպրոցներ ընդգրկվեցին կազմակերպության կողմից իրականացվող “Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն” ծրագրում: “Ծրագրի նպատակն է՝ կրթել գիտակ երիտասարդ քաղաքացիներ, որոնք հասկանում և գնահատում են ազատ շուկայական համակարգի սկզբունքները և ակտիվորեն ներգրավվում են համայնքային ծրագրերում” – նշում է Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:
Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում աշակերտներն ուսումնասիրում են ազատ շուկայական համակարգի սկզբունքները և գործարար ընկերություններ հիմնելու միջոցով կարողանում են ձեռք բերած գիտելիքները կիրառել իրական կյանքում: Սովորելով ձեռներեցության մասին , միաժամանակ նրանք ծանոթանում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը և իրենց գործարար ընկերությունների շահույթից մասհանում են կատարում հանրային ծրագրեր իրականացնելու նպատակով: Այս ճանապարհին նրանց օգնում են “Հայաստանի պատանեկան նվաճումներ” կազմակերպության կողմից վերապատրաստված ուսուցիչները և գործարար ընկերություններից՝ այդ թվում “ՎիվաՍել – ՄՏՍ”, “Մերի Քեյ”, “Մեգերյան Կարպետ”,”Կոկա – Կոլա”, “Կանակա” ընկերություններից, “Արմենիա – Մարիոտ” հյուրանոցից, HSBC բանկից, ինչպես նաև “Հայաստանի գործատուների հանրապետական միությունից” ներգրավված խորհրդատուները:






Facebook
Tweet This
Email This Post
