Անգլիացին նպաստի պատճառով կես տարի մեռած հորը չի թաղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2012 10:07


 Մեծ Բրիտանիայի 29-ամյա բնակիչը  5   ամիս  տանն է պահել մեռած հոր դիակը, որպեսզի ստանա նրա նպաստը: Բոլոր այդ ամիսներին Քրիստոֆեր Բլեքբերնն իր տասնամյա դստերը պատմել է, որ պապիկը պարզապես քնած է: Հիմա հնարամիտ որդուն 3 տարվա ազատազրկում է սպառնում:

54-ամյա Գայ Բլեքբերնը մահացել է 2010-ի հոկտեմբերին: Սակայն որդին ծածկել է այդ փաստը` նպաստ ստանալու ակնկալիքով: Բլեքբերն ավագի անհետացումը ոչ ոքի չզարմացրեց, քանի որ տղամարդը մի քանի ինֆարկտ ու կաթված էր տարել   և ծայրահեղ հյուծված տեսք ուներ: Ընդ որում, որդին բոլորին ասում էր, որ հայրն անկողնուն գամված է:

5 ամիս անց հարևանները դիմեցին բնակարանային ընկերություն, որը սպասարկում էր տունը, ապա դիմում ներկայացրին ոստիկանություն: Օրենքի պահապանները, մտնելով Բլեքբերնի տուն` հայտնաբերեցին  տանտիրոջ մումիֆիկացված մարմինը, որը պառկած էր հյուրասենյակում: Բուժփորձագետներն ապացուցեցին, որ նա բնական մահով է մահացել:

Այդ ժամանակահատվածում որդին յուրացրել էր  հոր հասանելիք 1869 ֆունտ ստեռլինգ նպաստը: Դատարանը որդուն մեղավոր ճանաչեց, որ վերջինս հորը ժամանակին հողին չի հանձնել, ու պատժեց 3 տարվա ազատազրկումով: Դատավճիռը կայացնելիս դատավորը պարզաբանել է. «Նման իրավախախտումները բոլոր կարգին մարդկանց նողկանք են պատճառում, ում համար նման վարքագիծը պարզապես զզվելի է»: Երիտասարդի հարևանները  ցնցված են կատարվածից:

Սակայն, որքան էլ տհաճ, այդուհանդերձ նման դեպքեր լինում են: Ճապոնիայում 2010-ին իշխանությունները չէին կարողանում գտնել 100 տարեկանից բարձր 230 հազար մարդու, որոնք ըստ փաստաթղթերի, կենդանի էին: Չկարողացան նաև 77 հազար երկարակյացի գտնել, որոնց 120-ը պետք է լրանար և 884 մարդու, որոնք ըստ փաստաթղթերի 150 տարեկան էին դառնալու: Գործի բացահայտման առիթ հանդիսացավ մի տղամարդու մումիֆիկացված դիակը, որը համարվում էր Տոկիոյի ամենատարեց բնակիչը: Պարզվեց, որ Սոհեն Կատոն, որն ըստ փաստաթղթերի պետք է նշեր իր 111 տարին, մահացել է ավելի քան 30 տարի առաջ: Դրա մասին գերազանց գիտեին նրա հարազատները, որոնք ողջ 30 տարի ստացել էին նրա թոշակը, իսկ հետո նաև հավելավճարը, որը «երկարակյացին» վճարվում էր կնոջ մահից հետո:

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply