Մեկնարկեց DigiTec Expo 2009 ցուցահանդեսը, որին կմասնակցի 12 000 այցելու

Օրվա լուր | | October 2, 2009 16:03

Տիգրան ՍարգսյանԱյսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց DigiTec Expo 2009 երկօրյա ցուցահանդեսը:

«Միջազգային շուկայի զարգացումներին համընթաց քայլելու համար տնտեսության համար օրախնդիր է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների արագ և նպատակաուղղված կիրառման հարցը,- ցուցահանդեսը բացելիս ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը,- քանի որ այն կարող է խթանել տնտեսության մնացած ճյուղերի զարգացումը»:

Ցուցահանդեսին մասնակցում էր Պետեկամուտների կոմիտեն, որը ներկայացել էր էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների նորույթով.  ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության բաժնի փոխանցմամբ՝ արդեն իսկ ունեն իրենց առաջին էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հաճախորդները:

«Սինոփսիս» ընկերության փոխնախագահ Ռիչ Գոլդմանն ասաց, որ Հայաստանը բազամթիվ ռեսուրսների երկիր է. «նկատի ունեմ այն ներուժը, որն ունի հայ երիտասարդության մեջ»:

Այսօր Հայաստանում ՏՏ ոլորտում աշխատող ավելի քան 300 ձեռնարկություններ կան: Գոլդմանն ասում է, որ Հայաստանում կան արևմտյան ոճի բավական բարդ ենթակառուցվածքներ: «Իսկ այն, որ կառավարությունը ՏՏ ոլորտը հայտարարել է առաջնահերթ զարգացման բանագավառ, շատ գովելի է»,- ասաց Գոլդմանը:

DigiTec Expo 2009 ցուցահանդեսին մասնակցելու են ավելի քան 12 հազար այցելու: 47 տաղավարում 57 տեղական և արտասահմանյան ընկերություններ ցուցադրում են իրենց ծառայություններն ու ապրանքատեսակները: Ցուցահանդեսին հայտ ներկայացրած մասնակիցների թիվը 15 տոկոսով ավելին էր նախորդ ցուցահանդեսից:

Նոյեմբերի 5-9-ը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Խոսե քաղաքում՝ Սիլիկոնյան Հովտի սրտում,  վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի կունենա Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված 3-րդ «Արմթեք Կոնգրես 2009» համաժողովը:

«Արմթեք Կոնգրես»-ը հիմնադրվել է տեխնոլոգիաների և գործարար ոլորտների մասնագետների կողմից` Հայաստանի տեխնոլոգիական մասնագիտական առաջընթացն ապահովելու համար:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply