«Ջազզվեն» մեղադրանքներին կանդրադառնա միայն փորձաքննություններից հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 14, 2012 20:29
«Ջազզվե» ընկերությունը մամուլում շրջանառվող, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման մասին տեղեկությունների վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի միայն համապատասխան փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. ««Ջազզվե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է 2003 թվականին եւ իր գործունեության ընթացքում հասցրել է ձեռք բերել բարի համբավ ու սիրվել մեր շատ համաքաղաքացիների կողմից: «Ջազզվե» ընկերությունը «Ջազզվե» ապրանքային նշանի ներքո գործող սրճարաններում մատուցվող ծառայությունների, ճիշտ քաղաքականության, ինչպես նաեւ իր երկարատեւ գործունեության ընթացքում մտավոր սեփականության ինստիտուտի հանդեպ ցուցաբերած հարգանքի շնորհիվ ներկայումս հանդիսանում է Հայաստանում ամենամեծ սրճարանային ցանցը, որն ընդգրկում է թվով 9 սրճարան:
Անդրադառնալով վերջերս մամուլում տեղ գտած տեղեկատվությանը` կապված «Ջազզվե» ընկերության կողմից «Բարբրի Լիմիթեդ» ընկերությանը պատկանող ապրանքային նշանը ապօրինի օգտագործելու հետ, հարկ ենք համարում նշել, որ «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը 2011թ. նոյեմբերի 25-ին «Ջազզվե» ՍՊ Ընկերությանն ուղարկված նամակով խնդրել է դադարեցնել «Բարբրի Լիմիթեդ» ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը:
Խոսքը վերաբերում է դեռեւս 2003 թվականին բացված`Երեւան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող առաջին «Ջազզվե» սրճարանին, որտեղ օգտագործվող պատերի հարդարանքը «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը նմանեցրել է իր ապրանքային նշանին:
«Ջազզվե» ընկերությունը 2012թ. փետրվարի 24-ին թվականին ստացել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 17-ի որոշումը` «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունն ընդդեմ «Ջազզվե» ՍՊԸ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Ներկայումս հայցադիմումը ուսումնասիրվում է «Ջազզվե» ընկերության շահերը ներկայացնող «Լեքս Փարթներս» իրավաբանական գրասենյակի կողմից:
Հաշվի առնելով այն, որ հայցի առարկա հանդիսացող ապրանքային նշանը դեռեւս 2003 թվականից օգտագործվում է բոլորովին այլ` ընկերության գործունեության հետ որեւէ կերպ չառնչվող ծառայությունների շրջանակում, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից ներկայումս կատարվում է խնդրո առարկա ապրանքային նշանի պատկանելիությունը որոշելու վերաբերյալ փորձաքննություն, «Ջազզվե» ընկերությունը իր դիրքորոշումը կհայտնի միայն համապատասխան փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո»:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
