Երևանում կհիմնադրվի Հնդկաստանի անվան այգի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 14, 2012 15:14

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրայի հետ։

“Պատմական քաղաք ղեկավարելը մարտահրավերներով լի աշխատանք է, ուստի, թեև փոքր ինչ ուշացումով, ընդունեք իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Երևանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ”,–շնորհակալություն հատնելով ընդունելության համար՝ ասել է դեսպանը։

Նշելով հայ–հնդկական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը, քաղաքապետը կարևորել է գործընկերային կապերի հաստատումն ու զարգացումը նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում։ Հատկանշելով, որ քաղաքապետարանը պատրաստ է գործընկերային կապերն ամրապնդել ու ընդլայնել ոչ միայն Դելիի, այլև Հնդկաստանի այլ քաղաքների հետ՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է հատկապես քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ուղղություններով փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հարաբերությունների հաստատման և զարգացման կարևորությունը։ “Համոզված եմ , որ Երևանի և Հնդկաստանի քաղաքների միջև համագործակցությունը նոր, ավելի ակտիվ շարունակություն կստանա և այդ հարցում ես ակնկալում եմ ինչպես Ձեր, այնպես էլ Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի աջակցությունը”,–նշել է Տարոն Մարգարյանը։

Դեսպան Մալհոտան իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու ինչպես նշված , այնպես էլ կրթական և բիզնես  ծրագրերի իրականացմանը։ Անդրադառնալով Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի տարածքում Հնդկաստանի անվան այգի հիմնելու ծրագրին և շնորհակալություն հայտնելով տրամադրված տարածքի և իրականացրած նախագծերի համար՝ դեսպանը նշել է, որ այն հայ–հնդկական դարավոր բարեկամության ևս մեկ ապացույց կլինի։ Հնդկաստանի կառավարության կողմից նախագծին հավանություն տալուց հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։

Մեկ անգամ ևս շեշտելով Երևանի և Հնդկաստանի քաղաքների միջև հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը և առաջարկելով փաստատղթային ձևակերպում տալ ծրագրերին՝  Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել դրանց  իրագործմանը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply