Հ.Բագրատյան. Եթե չկա Տեր-Պետրոսյանը, չկա ՀԱԿ–ը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 14, 2012 14:40
«Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անունը լինելու է Հայ ազգային կոնգրեսի ընտրացուցակի առաջին տասնյակում:
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Հրանտ Բագրատյանը, տեղեկացնելով, որ ցուցակներին վերաբերող որևէ քննարկման անձամբ չի մասնակցել, քանի որ իր ղեկավարած կուսակցությունը ցուցակ կազմելը վստահել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանին: «Ես կարծում եմ, որ այս փուլում ամբիցիաներ պետք չէ դրսևորել, սա ավարտական փուլն է»: Ըստ քաղաքական գործչի` մայիսի 6-ից հետո Կոնգրեսի համար նոր ժամանակներ կսկսվեն։
Հ.Բագրատյանը չհամաձայնվեց լրագրողների այն դիտարկման հետ, որ ցուցակի կազմելը դարձել է Լ.Տեր Պետրոսյանի մենաշնորհը: «Այստեղ մենաշնորհի հարցը չէ: «Այս քննարկումը ցույց տվեց, որ եթե չկա Տեր-Պետրոսյանը՝ չկա ՀԱԿ–ը, այսինքն՝ եթե դուրս է գալիս քաղաքականությունից` ՀԱԿ էլ չի լինելու, որովհետև այժմ միավորող գործոնը ՀԱԿ-ում նա է։ Այն քննարկումը, որը գնում էր, ոչ մի կոնսենսուսի չէր բերում», – ասաց Հ.Բագրատյանը, հավելելով, որ խոսքը վերաբերվում է միայն ցուցակի հետ կապված հարցերին:
Նախկին վարչապետը նաև կարծիք հայտնեց, թե Ազգային Ժողովում ՀԱԿ-ի ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունները լուրջ ճնշումներ կգործադրեն: «Ճիշտ է, նրանք ամեն մեկին մի «կտոր» կտան, բայց այդպես երկար չի շարունակվելու», – ասաց նա:






Facebook
Tweet This
Email This Post
