Ծառուկյանի նվերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 14, 2012 14:17

Օրերս հեռուստատեսությամբ ցուցադրվում էր, թե ինչպես մի քանի տասնյակ, թե մի քանի հարյուր անհատ տաքսիստներ շարվել էին Գագիկ Ծառուկյանի տան լանջին եւ նրան էին ներկայացնում իրենց դժգոհությունը հարկային նոր մեխանիզմից, համաձայն որի, իրենց գործունեությունը անցնում է արտոնագրային վճարի դաշտ:

Տաքսիստները Գագիկ Ծառուկյանին բողոքում էին, որ իրենք ստիպված են դեռ չաշխատած, երեք ամսվա վճար մուծել պետությանը արտոնագրի համար, ինչը իրենց համար դժվարություն է, որովհետեւ գործունեություն դեռ չեն ծավալել եւ եկամուտ դեռ չեն ստացել, իսկ դրանից բացի էլ դեռ կան մեքենաների համար բանկային պարտքերը:

Գագիկ Ծառուկյանը լսեց նրանց, համաձայնեց նրանց բողոքի հետ, հայտարարեց, որ իսկապես դժվար է, որ սխալ է այդ տարբերակը եւ մարդկանց պետք է նախ գործունեության հնարավորություն տալ, հետո հարկ վերցնել, ոչ թե կանխավճար պահանջել: Ծառուկյանը խոստացավ, որ ինքը կտա այն մի քանի միլիոն դրամը, որ պահանջվում է տաքսիստներից արտոնագրային վճարի համար, իսկ մայիսից հետո էլ կփորձեն նոր օրենք ընդունել:

Ծառուկյանն իհարկե կարեւոր հարց է լուծում այդ մարդկանց համար, տալով նրանց համար այդ պահին անհրաժեշտ փողը, որպեսզի մուծեն պետությանն ու կարողանան գործունեություն ծավալել:

Բայց, ինչու տաքսիստները ոչ թե կառավարությանն են բողոքում, այլ Գագիկ Ծառուկյանին: Արդյոք նրանք չեն հավատում Սերժ Սարգսյանին ու նրա վարչապետ Տիգրան Սարգսյանին: Թե տաքսիստները չեն հավատում իրենք իրենց, չեն հավատում, որ կարող են կառավարությանն ինչ որ բան պարտադրել, ու դրա համար գնում են Գագիկ Ծառուկյանի մոտ, համոզված, որ նախընտրական շրջանում Ծառուկյանն անպայման կփորձի ընդառաջել իրենց եւ կտա այն փողը, որ անհրաժեշտ է:

Այդ իմաստով, տաքսիստների ակնկալիքն իհարկե արդարացավ: Բայց, խոշոր իմաստով հարց է առաջանում, իսկ ինչ էր անում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, երբ խորհրդարանում ընդունվում էր հարկային նոր օրենսդրությունը, որով էլ տաքսիստները հայտնվեցին արտոնագրային վճարի տիրույթում: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կարծես թե դժգոհություն չէր հայտնում այդ օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ, կարծես թե չէր բոյկոտում օրենքի քննարկումը, ինչպես արեց օրինակ 3 միլիոնից ավելի գործարքները բանկային համակարգով անցկացնելու մասին օրենքի նախագծի պարագայում:

ԲՀԿ-ն կարծես թե որեւէ կերպ չփորձեց խանգարել հարկային նոր փաթեթի ընդունմանը, որեւէ կերպ չփորձեց հանրային ուշադրություն գրավել դրա խնդրահարույց դրույթների վրա, մասնավորապես փոքր ու միջին բիզնեսի համար վտանգավոր խութերի առումով:

Իսկ այժմ Գագիկ Ծառուկյանը տաքսիստներին նվիրում է փողը, ու խորհուրդ տալիս սպասել մինչեւ մայիս, որ փոխեն օրենքը: Իսկ ինչու ԲՀԿ-ն այժմ չի նախաձեռնում օրենքը փոխելու գործընթաց: Ներկայում ԲՀԿ-ն իհարկե փոքրամասնություն է, բայց եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա խորհրդարանի ընդդիմությունը ընդհանրապես պետք է տուն գնա: Թող ԲՀԿ-ն նախաձեռնի օրենքի հրատապ փոփոխություն, եւ ՀՀԿ-ն թող մերժի, հասարակությունն էլ կտեսնի, թե ինչ վատն է ՀՀԿ-ն ու ինչ լավն է ԲՀԿ-ն:

Այ դա կլինի քաղաքական ուժին վայել գործողություն: Դա է քաղաքական ուժի անելիքը, ոչ թե փող բաժանելը:

Իսկ ինչու է ԲՀԿ-ն խորհուրդ տալիս սպասել մայիսին: Արդյո՞ք ակնկալիքն ընդամենն այն է, որ մինչեւ մայիս համոզի տաքսիստներին, ստանա նրանց, նրանց ընտանիքի անդամների, գուցե նաեւ ընկերների ու բարեկամների ձայնը, իսկ հետո ինչ որ կերպ կփորձեն նրանց բացատրել, որ օրենքը ներկայում փոխելը դժվար է եւ պետք է էլի սպասել:

Թե՞ ԲՀԿ-ն ակնկալում է մայիսին մեծամասնություն վերցնել խորհրդարանում:

Հետաքրքրական է, թե տաքսիստների թեմայով ինչ է ասելու կառավարությունը: Փորձելու է արդյոք նրանց գրավել ԲՀԿ-ից, թե թողնելու է, որ բանն ի վերջո հասնի նրան, որ տաքսիստները մի գեղեցիկ օր էլ գան ու Ծառուկյանին բողոքեն օրենքը փոխելու խոստումը չկատարելու համար:

ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է 1104 անգամ:
Print Friendly

Leave a Reply