Ուզում ենք էդ էրեխուն, հարգենք, բայց… Ահազանգ Սփյուռքից՝ «Արի տուն» ծրագրի վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 14, 2012 12:26

Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում արդեն 19 տարի բնակվող Սամվել Շահվերդյանը պահանջում է, որպեսզի Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստանում հյուրընկալված սփյուռքահայ երեխաներին պատասխան այցով հյուր գնացող երեխաները լինեն կամ այն երեխաները, որոնց ընտանիքներն ընդունել են իրենց երեխաներին, կամ գոնե լինեն հասարակ ընտանիքների երեխաներ:

«Ես շատ անհանգստացած եմ, գիտեք, ի վերջո, վերջո մեր հայ բանվորի, աշխատողի , չունևորի երեխան էլ ունի իրավունք ամբողջ կյանքում գոնե իրեն տասը օր երջանիկ զգալու: Որ մարդը տեսնի, Հայաստանի էդ պղտոր միջավայրից բացի կա միջավայր, որտեղ մարդիկ կարող են մարդ լինել»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց Նիդեռլանդներում բնակվող մեր հայրենակիցը:

Անցած տարի նրա 16 և 17 տարեկան դուստրերը՝ Սոնան և Ստելլան հյուրընկալվել էին Արմավիր քաղաքում բնակվող Շահվերդյանների բազմանդամ ընտանիքի փոքրիկ, երկու սենյականոց բնակարանում ու հիացած են այս մարդկանց ցուցաբերած պարզ ու ջերմ վերաբերմունքից:

«Շատ լավ, շատ ջերմ, հայկական տոլմայից վերցրած ամեն ինչ էրեխեքը կերել են ու շատ լավ տրամադրությամբ հետ են եկել: Ու փոքր աղջիկս ասում էր՝ «պապա, ես գնալու եմ Երևանում սովորեմ»,-պատմեց աղջիկների հայրը:
Նրա խոսքով՝ երեխաները ծանոթացել էին սոցիալական կայքերից մեկով:

Հիմա Նիդեռլանդներում բնակվող Շահվերդյանները մեծ կասկածներ ունեն, որ ամեն ինչ արվում է, որ արմարվիրցի Արաքսյա Շահվերդյանը չգա Ուտրեխտ, աղջիկները մեկ շաբաթ է՝ լաց են լինում, իսկ հայրը անհանգստանում է: Անհանգստանում է նրանից, որ իրենց վերաբերմունքով ջարդում են աղջկա մեջ հայ մնալու ցանկությունը:

Կասկածները ծագել են դեռ այն ժամանակ, երբ Հայաստանից վերադառնալուց աղջիկները տեղեկացել են, որ գարնանը պիտի կազմակերպվի պատասխան այց , ու անընդհատ հետաքրրքրվել են, բայց ստացել պատասխան, որ «տենց բան չկա»:
«Հետաքրքրվել ենք ստեղ, էդ կազմակերպության աշխատողները մարդիկ են, որոնց երևի ընտրել են Սփյուռքի նախարարությունը, մարդիկ, ովքեր աշխատում են իրենց մտածելակերպով և իրենց գաղափարներով, հասկանում եք չէ՞, ինչ եմ ուզում ասել: Հիմա պարզվեց տենց բան կա, ու Հայաստանից գալիս են մարդիկ, երեխաներ, ում ծնողներն ունեն գործարաններ , չգիտեմ … յոթ-ութ «ջիփեր», ամենաքիչը դեպուտատներ են ու մինիստրության աշխատողներն են: Հիմա մենք ուզում ենք էդ երեխուն, էդ ընտանիքին հարգենք, բերենք մի տասը օր պահենք, թող էդ երեխեն զգա, որ ինքը շատ լավ բան է արել, թող իրենց ընկերությունը շարունակվի»,- ասաց Սոնայի և Ստելլայի հայրը:

Հարցին, թե պաշտոնապես տեղեկացվե՞լ են, որ Արաքսյա Շահվերդյանի փոխարեն ինչ-որ այլ մեկն է գալու, մեր զրուցակիցը պատասխանեց .« Մենք արդեն գիտենք՝ ում երեխաներին պետք է ընդունենք, քանի որ նրանք չեն գալիս, ստեղի կազմակերպոթյուններն էլ դիմում են ուրիշ հայ ընտանիքների, որ «բացը» լրացնեն ու ոչ մեկը տեղյակ չլինի՝ ով եկավ, ով գնաց»:

Նիդեռլանդներում բնակվող մեր հայրենակիցը պատմեց, որ անցած և նախանցած տարիներին, երբ տեղի քրիստոնեական կազմակերպություններից մեկի հրավերով իբր պետք է գային մոտ 100 հայաստանցի չքավոր ընտանիքի երեխաներ, տեղի հայ համայնքը ցնցվել է ուղարկված երեխաների պահվածքից:

«Ու է եկել են էրեխեք, որ մեզ ստեղ խայտառակ են արել, ասել են՝«մեր մամաներն ասել են՝ դուք էդտեղ մի տեղ մնացե՛ք, հետո մենք էլ գանք ձեր մոտ»»:

Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից Թևան Ներսիսյանն ի պատասխան ասաց, որ պատասխան այցերը կազմակերպում է ոչ թե Սփյուռքի նախարարությունը, այլ տվյալ երկրի հայ համայնքը , իսկ իրենք մասնակցում են այնքանով, որ ստուգում են, որպեսզի պատասխան այցերով մեկնեն հյուրընկալող, ընդունող ընտանիքների երեխաները:

Ամեն դեպքում, Սփյուռքի նախարարությունից առաջարկում են այս մասին փաստերը ներկայացնել նախարարություն:

Tert.am

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply