Սահմանի բացման դեպքում պետք է փոխվի Հայաստանի սպառողական վարքագիծը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 2, 2009 15:57

Արմեն ՊողոսյանՍպառողների ասոցիացիայի(ՍԱ) նախագահ Արմեն Պողոսյանի տվյալներով` Թուրքիայից Հայաստան տարեկան ներկրվում է 15 մլն դոլարի ապրանք, իսկ Հայաստանից` ընդամենը 0.8 մլն դոլարի:

Պողոսյանն ասում է, որ ճգնաժամի պատճառով Հայաստանում տեղից էլ բոլոր արտադրությունները նվազել են. օրինակ՝ պահածոյի արտադրությունը նվազել է 45%-ով, միայն մսամթերքի արտադրությունն է աճել 43%-ով: Պողոսյանը նշեց, որ սա կապված է հնդկական մսի ներկրման հետ: «Այս մսի ներկրումը կասկածելի ու վտանգավոր է, սակայն ես դեռ չունեմ վտանգն ապացուցող փաստաթղթեր»,-շեղվելով թեմայից՝մեջբերեց Պողոսյանը:

Պողոսյանը նշեց, որ Հայաստանի մուտքը թուրքական շուկա դրականորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, մանավանդ որ այսչափ անկում ենք գրանցել:

ՍԱ նախագահի կարծիքով՝ Հայաստանը գլխավորապես կարող է Թուրքիա արտահանել էներգիա, ինչն ավելցուկ է տալիս Հայաստանում: «Ներկա պայմաններում մենք ունենք Թուրքիայից 2 անգամ ավել էներգիայի պաշար  և կշարունակենք գերազանցել, եթե նույնիսկ Թուրքիան կառուցի 4 ատոմակայան, ինչը պատրաստվում է անել մոտ ապագայում»,-ասաց  Պողոսյանը:

Պողոսյանը սահմանի բացումը համարում է դրական միայն այն դեպքում, եթե դրանից չտուժի հայ սպառողը, և հայկական շուկան չթուրքականանա:  «Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում պետք է փոխվի Հայաստանի սպառողական վարքագիծը. մենք պետք է հասկանանք, որ պետք է գնել մեր արտադրանքը և ոչ թե թուրքականը ու օգուտ տա հայկական տնտեսությանը»,- ամփոփեց Պողոսյանը:

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply