Վարդենիսում նախկին ոստիկանապետն իր թիմակիցների հետ դուրս է եկել ներկա ոստիկանապետի դե՞մ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 14, 2012 10:53

Հայաստանի ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Տիգրան Գալստյանը կարծում է, որ Վարդենիսում կան մի խումբ մարդիկ, որոնք իրավապահ համակարգի դեմ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններով են հանդես գալիս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Տիգրան Գալստյանը, անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց, Վարդենիսի ոստիկանությունը հանցագործությունների մասին հաղորդումների մի մասը չի ընդունում, փոխարենը վստահեցնում է, թե ամեն ինչ կանեն գործը բացահայտելու համար:

«Այդ լուրերը տարածում են ոչ օրինապաշտ մարդիկ, որոնց այսօրվա մեր աշխատանքը ձեռք չի տալիս, որ օրենք ենք պահպանում, չենք թողնում մարդիկ խմած մեքենա վարեն, հանքերից գողություն անեն: Եթե մենք անցած եռամսյակի ընթացքում ունեցել ենք 20 քրեական գործ, ապա այս երկու ամսվա ընթացքում արդեն ունենք 32 քրեական գործ, որոնք բոլորը բացահայտվել են: Նրանց նպատակը ամեն կերպ, ինչ-որ ձեւ մեզ նեղելն է լրատվամիջոցների միջոցով»,-ասաց նա, հավելելով, որ նման խոսակցությունները կապված են մի խումբ հանցավոր անձանց հետ, որոնք զբաղվում էին ոսկու հանքի գողություններով:

Տ. Գալստյանը համոզված է, որ այս ամենն ուղղված է իր անձի դեմ: «Դրանք այն մարդիկ են ովքեր չեն ուզում նորմալ ապրել, նեղում են մարդկանց կամ ոչ օրինական քայլեր են անում: Մենք արձագանքում ենք բոլոր ահազանգերին, ընթացք ենք տալիս»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս ամենը ուղղորդվում է նախկին ոստիկանապետի կողմից, Տ. Գալստյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում մարդկանց հետ բաներ կապել, բայց ամեն ինչ հնարավոր է: Այստեղ միայն նախկին ոստիկանապետը չի: Այստեղից աշխատանքից ազատվել են ոստիկանապետի տեղակալը, քրեականի պետը, մի խումբ այլ մարդիկ»:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

News.am

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply