“Սատանի պարը կամրջին է բռնում”, կամ ի՞նչի կհանգեցնի “Զվարթնոցը-Արմավիա” հակադրությունը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | Գևորգ Ավչյան | March 13, 2012 15:20
“Արմավիայի” խնդիրների հիմնապատճառը “Զվարթնոց օդանավակայանի” մոնոպոլ դիրքն է: Հայաստանում չկա այլ ընկերության պատկանող օդանավակայան, ուստի “Արմենիա միջազգային օդանավկայաններ” ընկերությունը զբաղեցնում է մոնոպոլ դիրք, ու սահմանում է այն սակագներն ու վճարների չափերը ոնց ուզում է: Այսօր` “Անկախ” շաբաթաթերթին ու Ա1+ օնլայն հեռուստաընկերության “Պոստ սկրիպտում” հաղորդաշարին տված հարցազրույցում նշեց “Միկա Լիմիթեդ” ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը: Նա ասաց, որ բոլոր այն քաղաքների օդանավակայանների մեջ, ուր “Արմավիան” չվերթներ է իրականացնում, “Զվարթնոց” օդանավակայանի սակագներն ու ավիակերոսինը ամենաթանկն է:
“Մեր ընկերությունն էլ է համարվում “մոնոպոլ” դիրք զբաղեցնող, բայց դա այլ մոնոպոլիա է, որը էապես տարբերվում է “Զվարթնոցի” մոնոպոլիայից. Մենք Հայաստանում զբաղեցնում ենք գերիշխող դիրք, որովհետև հայկական միակ ավիաընկերությունն ենք, բայց մենք մրցակցում ենք այլ` միջազգային խոշոր ավիաընկերությունների հետ, ինչպիսիք են “Աէրոֆլոտը” կամ “Էյր Ֆրանսը”, որոնք մի քանի գլուխ բարձր են մեր ընկերությունից: Այդ ընկերությունները ևս Հայաստանից և դեպի Հայաստան չվերթներ են իրականացնում, ունեն անհամեմատ ավելի շատ ինքնաթիռներ, հսկայական միջոցներ: Իսկ “Զվարթնոցի” մոնոպոլիան այլ է, քանի որ նա Հայաստանում ոչ մի այլ օդանավակայանի հետ չի մրցակցում”,- ասաց Միխայիլ Բաղդասարովը:
Գների թանկությունը, ինչպես ներկայացրեց Բաղդասարովը, “Զվարթնոցն” արդարացնում է այն հանգամանքով, որ օդանավակայանի նոր տերմինալի շինարարությունը շատ թանկ է արժեցել, ու հիմա պետք է ծածկվեն կատարված ծախսերը: Այս դրույթի հետ “Միկա լիմիթեդ”-ի նախագահը համաձայն չէ, քանի որ “Զվարթնոցից” խոստացել էին, որ շինարարության ավարտից հետո իրենք կվերանայեն իրենց գնային քաղաքականությունը, որն այդպես էլ չի իրականացել:
Այլ օդանավակայաններում սակագները բավականին էժան են հենց նույն “Արմավիայի” համար, սակայն Հայաստանում, ուր “Արմավիան” հանդիսանում է ազգային ավիափոխադրող, ծառայությունների և աշխատանքների համար օդանավակայանին վճարում է անհամեմատ ավելի բարձր գներով` չնայած, որ ազգային ավիափոխադրողները, սովորաբար, անհամեմատ ավելի արտոնյալ պայմաններով են աշխատում “հայրենի” օդանավակայաններում: Իսկ այս երևույթը, ինչպես նշեց Մ. Բաղդասարովը, լավ բանի չի հասցնի` “Ես նշել եմ, որ եթե “Զվարթնոց” օդանավակայանը չգա փոխզիջման և իր առաջարկած գները չվերանայի, մեզ տալով զեղչեր, ապա մենք կգնանք սնանկացման,- ասաց նա,- Որոշ լրատվամիջոցներ դա մեկնաբանեցին, որ մենք կանխամտածված կգնանք սնանկացման, բայց ես այդպես չեմ ասել, ուղղակի մենք մեր ամբողջ հասույթը վճարում ենք միայն օդանավակայանի վճարների և ավիակերոսինի համար, ու արդյունքում աշխատում ենք “մինուսով”: Իսկ այդ պայմաններում, երկար աշխատել չկարողանալով, ընկերությունը, միանշանակ, կգնա սնանկացման, որովհետև ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները”:
Այդ դեպքում, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները, Հայաստանին կհասցնեն ոչ նախանձելի վիճակի:






Facebook
Tweet This
Email This Post
