Կոնգրեսի ցուցակը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 13, 2012 15:51

“Հրապարակ” թերթը գրում է, որ Հայ ազգային կոնգրեսի ցուցակի առաջին երեք տեղերում են Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Ցուցակի 4-րդ հորիզոնականում, ըստ ամենայնի, լինելու է ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, 5-րդում` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը 6-րդ տեղում է: Ըստ թերթի տեղեկությունների` «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ընդգրկված է առաջին ութնյակում: Նրա հարևանությամբ կլինի Հրանտ Բագրատյանի անունը: Թերթը գրում է, որ ամենալուրջ վեճերը ծագել են Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Շահնազարյանի պարագայում, ովքեր կուսակցությունների ղեկավարներ չեն, սակայն Տեր-Պետրոսյանը մտադիր է եղել նրանց առաջին տասնյակում գրել:

Իր հերթին, Իրատես դե ֆակտո թերթը գրում է, թե Կոնգրեսի ղեկավարներին չի հաջողվում համոզել Հանրապետություն կուսակցության անդամներին՝ ընդգրկվել Կոնգրեսի ցուցակում: Ավելի վաղ, այդ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարել էր, որ իրենցից առաջադրվելու է միայն ինքը՝ մյուս կուսակցությունների համար ճանապարհ բացելու համար:

Կոնգրեսն այդպես էլ համաձայնության չի եկել իր համամասնական ցուցակը կազմելու սկզբունքների ու ձեւաչափի շուրջ, եւ որոշվել է այդ գործը միանձնյա հանձնարարել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սակայն, սկզբունքներ ու ձեւաչափ ըստ էության չէր էլ առաջարկվել: Միայն Լեւոն Զուրաբյանն էր հայտարարել, որ ցուցակը կազմվելու է՝ ելնելով շարժմանը բերած նպաստից, եւ առավելությունը տրվելու է քաղբանտարկյալներին: Սակայն սա էլ ավելի էր խորացրել տարաձայնությունները եւ խճճել իրավիճակը, որից հետո էլ որոշվեց ցուցակի կազմումը վերապահել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նույնիսկ կար տպավորություն, որ նման «սկզբունքների» առաջադրման նպատակն էլ հենց դա է եղել, ինչը հնարավորություն է տալիս դուրս մղել «անցանկալի» տարրերին:

Մինչ այդ, Կոնգրեսի ցուցակում հրաժարվեցին ընդգրկվել դրա անդամ 4 կուսակցություններ, որոնց հիմնավորումը հետեւյալն էր՝ իրենք միացել էին ոչ թե հերթական ընտրության մասնակցելու, այլ արտահերթի եւ իշխանափոխության: Նրանց չէր համոզել Կոնգրեսի ղեկավարների այն թեզը, թե հայտնվելով խորհրդարանում, այնտեղ սկսելու են իշխանափոխության գործընթաց:

Մյուս կողմից, փաստացի, ցուցակի անցողիկ տեղերում քաղբանտարկյալների ներկայությունն այնքան էլ շատ չէ, մանավանդ Հանրապետություն կուսակցության անդամների հրաժարվելու պարագայում, քանի որ այդ կուսակցությունն էր ամենաշատ քաղբանտարկյալներ ունեցել:

Նախընտրական ցուցակն իսկական փորձաքար դարձավ Հայ ազգային կոնգրեսի համար եւ, կարելի է ասել, դրանով ավարտվեց «համաժողովրդական շարժումը»: Կոնգրեսը, աստիճանաբար կորցնելով «համաժողովրդական», «քաղաքացիական» բաղադրիչները, վերածվեց սովորական կուսակցության, որի նպատակը դարձել է խորհրդարան մտնելը: Այն թեզը, թե խորհրդարանում զգալի ներկայացվածության պարագայում սկսելու է իշխանափոխության գործընթաց, արդեն ոչ մեկին հավատ չի ներշնչում: Կոնգրեսը վերջին շրջանում շատ է օգտագործում «եթե» բառը, որ քաղաքականության մեջ արժեք չունի:

Առավելագույնը, որ կարող է անել Կոնգրեսը, դա մանդատները վայր դնելն է, եթե իհարկե հայտնվի խորհրդարանում: Կամ էլ մասնակցի խորհրդարանի աշխատանքներին, լեգիտիմացնելով իշխանության որոշումները:

Հայկ Արամյան

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply