Մշակույթի նախարարությունն ուսումնասիրում է Մոզրովի քարանձավի փլուզման պատճառները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 13, 2012 15:28

Վայոց ձորի Գնիշիկի գյուղապետից մարտի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Մոզրովի քարանձավում տեղի է ունեցել փլուզում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, քարանձավում`առաջին մուտքից 20 մ հեռավորության վրա, փլուզվել է մոտ 50-70 խմ հողազանգված, մասնակի փակելով երկրորդ մուտքը: Զոհեր եւ տուժածներ չկան:

ՀՀ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի պաշտոնակատար Սերժիկ Առաքելյանը«Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ խնդրի մանրամասները պարզելու համար գործակալության տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն ուղեւորվել են Մոզրովի քարանձավ` ուսումնասիրություն կատարելու, փլուզման տեսակը պարզելու համար: Նրա խոսքով` պատճառները պարզելուց հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն նախարարության կողմից: Մոզրովի քարանձավն ընդգրկված է Հայաստանի Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը եւս ահազանգել է եւ տեսանյութ տարածել բնության հուշարձանի փլուզման վերաբերյալ:

Մոզրովի քարանձավը գտնվում է Վայոց ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքի մոտ: Քարանձավը հայտնաբերվել է 30 տարի առաջ Մոզրով գյուղ տանող ճանապարհի կառուցման ժամանակ: Այն խորը քարանձավ է՝ հարուստ բազմապիսի երկրաբանական կազմավորումներով:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply