Րաֆֆի Հովհաննիսյան. «Արձանագրությունները ստորագրողը կթաղի Հայկական հարցը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 2, 2009 14:14

raffi-hovhannisyanԵրկար ընդմիջումից հետո այսօր լրագրողների հետ հանդիպումը Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց բարեմաղթանքով.«Քաղաքացիական մաղթանքս այն է, որ ՀՀ նախագահը չստորագրի կամ ստորագրել չտա այս փաստաթղթերը»:

Հովհաննիսյանը դժգոհեց, որ հայ – թուրքական արձանագրությունների շուրջ բանավեճերը փորձում են ներկայացնել որպես սահման բացել-չբացելու խնդիր: «Դա այդպես չէ, բոլոր քաղաքական ուժերն էլ կողմ են շրջափակման վերացմանը»,-ասաց նա` ավելացնելով, որ թուրքերն են փակել սահմանը, թող իրենք էլ բացեն:

«Մեր դիվանագետները հաճախ թուրքական թեզեր են պաշտպանում»,-ասաց Հովհաննիսյանը` հիշեցնելով, որ մեր «դե յուրե» սահմանները ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն է գծել:

Ըստ Հովհաննիսյանի` նախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ստորագրողը կթաղի Հայկական հարցը ու հայրենատիրության հույսերը: «Այս փաստաթղթերը ստորագրողը փաստացի հրաժարական է տալիս ոչ միայն սահմանադրական իրավունքից, նախագահությունից, այլև հրաժարվում է հայրենքից»,-ասաց նա:

Հովհաննիսյանի համոզմամբ` այս փաստաթղթերը ստորագրվել են ժողովրդի թիկունքում, իսկ դրանք խորհրդարանի վավերացմանը ներկայացնելով՝ պարզապես փորձում են պատասխանատվությունը գցել նաև Խորհրդարանի վրա:

Դաշնակցության և «Ժառանգության» համագործակցության մասին Հովհաննիսյանն ասաց, որ իր նպատակն է եղել համախմբել քաղաքական դաշտում գործող բոլոր ընդիմադիր ուժերին, քանի որ այս շրջանում ցանկացած համագործակցություն, կուսակցական մանր խնդիրներն ու տարաձայնությունները մի կողմ դնելը միայն օգուտ կտա:«Հուսով եմ, որ մյուս ուժերն էլ վեր կկանգնեն մանր խնդիրներից ու պատրվակներ չեն փնտրի չմիանալու համար»,- ասաց նա՝ իր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնելը համարելով պարզապես իր իրավունքը, ոչ ավելին: Նա չուզեց մանրամասնել իր քայլերը:

Անդրադառնալով «Ժառանգության» ներկուսակցական խնդիրներին` Հովհաննիսյանն ասաց, որ ինքը՝ որպես խմբակցության անդամ, պահանջելու է կուսակցության արտահերթ համագումար,«որի ընթացքում նաև իմ վստահության հարցն է դրվելու, և ես անդրադառնալու եմ նաև յուրաքանչյուրի վարքին` առանձին- առանձին»:

Սակայն գլոբալ առումով տեղի ունեցածների համար կուսակցության առաջնորդը միայն իրեն է մեղավոր համարում. «վարչության ընտրություններն էլ իմ վերահսկողության տակ էին, շահերի բախում տեղի ունեցավ, որը ես չկարողացա կանխել»,- ասաց նա:

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply