Ձյան անհարմարությունները. Երկու տասնյակից ավելի մարդ, այդ թվում նորածինը, գիշերը մնացել են ձնաբքի մեջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 13, 2012 10:52

Հանրապետությունում տեղացած առատ ձյունը նախօրեին գիշերը անհարմարություններ է ստեղծել վարորդների համար. Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել վարորդներից, որոնք մնացել էին ձնաբքի մեջ: Այսպես. մարտի 12-ին, ժամը 20.02-ին ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 1֊2 կմ-ի հատվածում ձնակույտի մեջ արգելափակվել է ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ժամը 21.04-ի դրությամբ հրշեջ-փրկարարները 3 ավտոմեքենաների ուղևորներին (18 անձ) տեղափոխել են Ծաղկահովիտ գյուղ:

Մարտի 12-ին, ժամը 20.43-ին ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզու 3-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից. անհրաժեշտ է օգնություն: ժամը 21.50-ին Սևանի ջրափրկարարների ուժերով «Գազել» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մաս: Վերջինս շարունակել է ընթացքը (ավտոմեքենայում եղել են վարորդը և յոթ ուղեվոր):

Մարտի 12-ին, ժամը 20.08-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծակքար-Ծովասար ավտոճանապարհին ձնաբքի մեջ արգելափակվել են բազմաթիվ ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: ժամը 21.20-ին Ծովասարի գյուղապետ Ա. Մխիթարյանի ուժերով 20 մարդ տեղափոխվելէ գյուղ (6 հոգի հրաժարվել է տեղափոխվելուց), իսկ արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերումը կիրականացվի մարտի 13-ի առավոտյան «Մարտունու ՃՇՇ»-ի կողմից:

Մարտի 12-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Շենավան-Արագած ավտոճանապարհի 1-ին կմ-ում բազմաթիվ ավտոմեքենաներ (ավտոմեքենաներից մեկում գտնվում է նորածին երեխա) արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել Ապարանի ՀՓՋ-ից «Զիլ֊131 կունգ» մակնիշի ավտոմեքենան: Ժամը 20.45-ի դրությամբ գյուղապետի կողմից տրամադրված տեխնիկայի և հրշեջ-փրկարարների ուժերի հետ համատեղ մոտ 19 ավտոմեքենա (60 ուղևոր) դուրս է բերվել ձնաբքից:

Դիտվել է 766 անգամ:
Print Friendly

Leave a Reply